ԿՈՆՉԻՏԱՆ «ՈՒՌՈԴՆԵՐ»-Ի ԿՐԿԵՍԻ ԿԵՐՊԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստը: Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Հայաստանն ամենաբարձր՝ 12 միավոր ստացավ Ֆրանսիայից, Ավստրիայից, Վրաստանից, 10-ական միավոր՝ Մոնտենեգրոյից, Լատվիայից, Բելառուսից, Ուկրաինայից, 8 միավոր` Ռուսաստանից, Մակեդոնիայից, 7 միավոր` Ռումինիայից, Հունաստանից, Հունգարիայից, 6 միավոր` Գերմանիայից, Սան Մարինոյից, Մալթայից եւ Իսրայելից: Հայաստանն իր ամենաբարձր՝ 8, 10 եւ 12 միավորները տվեց Բելառուսին, Ռուսաստանին եւ Մոնտենեգրոյին:
Հայտնի ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), անդրադառնալով մեր ներկայացուցչի ելույթին, ինչպես նաեւ հաղթողի կերպարին, մասնավորապես ասաց. «Դա փոփ երաժշտության մրցույթ է, որը միշտ էլ քաղաքականացված է եղել, հիմա էլ փորձել են այն արարքները, որոնք իրենց մոտ շատ տարածված են, դարձնել ընդհանրական՝ երեւի ինչ-որ բան ցույց տալու համար… Չգիտեմ, չեմ հասկանում։ Ես պարզապես նողկանք եմ ապրում այս ամեն ինչից։ Իսկ Արամը հրաշք անձնավորություն է, արտիստ, շատ լավ երգ էր նրա երգը, ու ինքն էլ այն լավ կատարեց»։
Մենք հարցրեցինք, թե ժողովրդական երգիչը մտավախություն չունի՞, որ այդ մորուքով «կնոջ» դեմքը կարող է դառնալ, եթե չասենք Եվրոպայի, ապա «Եվրատեսիլ»-ի դեմքը։ «Դա իրենց խնդիրն է, մենք շատ չարծարծենք այդ հարցը, որովհետեւ, ինչքան շատ խոսես աղբի մասին, այդքան հոտ կգա»,-խորհուրդ տվեց Մրոն։ Հիշեցրեցինք, որ SMS քվեարկությունների արդյունքով Հայաստանից Կոնչիտան ստացել է 10 միավոր։ Ընդ որում, քվեարկողներն իմացել են նաեւ, որ ավստրիացին մեր Արամի հիմնական մրցակիցներից է։ «Ես չգիտեմ, թե երկրորդ տեղը, 10 միավորը ինչքան քանակություն է, բայց համոզված եմ, որ դա չի արտահայտում մեր ժողովրդի ընդհանուր տրամադրությունն ու վերաբերմունքը. մեր մենթալիտետն ուրիշ է։ Ոմանք երեւի ընդունում են Կոնչիտայի բարոյական կերպարը, ոմանք փորձում են ավելի ազատական, դեմոկրատ լինել։ Բայց նրանք չեն ներկայացնում եւ չեն էլ կարող ներկայացնել մեր ընդհանուրի կարծիքը»,-համոզված է մեր զրուցակիցը։ Նա մեզ մոտ սեռական փոքրամասնությունների՝ մեծամասնություն դառնալու վտանգ չի տեսնում. «Չի կարող լինել, ուղղակի չենք թողնի»։
Իսկ նկարիչ, դիզայներ, «Եվրատեսիլ»-ի ժյուրիի անդամ Արման Դավթյանը (Նուռ) Արամ MP-3-ի ելույթից շատ գոհ է. «Նա արեց առավելագույնը, ինչ պետք է աներ, ինչ կարող էր, ինչ իրենից սպասվում էր։ Ինչ վերաբերում է հաղթողին, ինձ համար անընդունելի է այն, որ փոխվում են աշխարհի արժեքները, գնահատականները, հերոս ընտրելու նախապայմանները եւ գեղեցկության չափանիշները։ Ցանկացած հաղթող, ի վերջո, լինի դա երգի մրցույթ, պատերազմ, կամ այլ բան, հերոս է, եւ, ընտրելով հերոս, պետք մտածել, թե ինչ կերպար ունի նա։ Դա շատ կարեւոր է. դրանով դաստիարակում ենք սերունդներ։ Տվյալ պարագայում, իհարկե, նաեւ սեռական փոքրամասնությունն է գովազդվում, բայց ես խոսում եմ արտաքին արհեստական էպոտաժի մասին, որը շատ տհաճ է. նման տիպի կերպարներ ժամանակին եղել են «ուռոդներ»-ի կրկեսում»։ Ըստ դիզայների, սա երեւի ոչ թե «Եվրատեսիլ»-ի, այլ հենց Եվրոպայի արտացոլումն է որոշ չափով. նման քայլերով Եվրոպան փորձում է դեմոգրաֆիկ խնդիր լուծել։
Մեր զրուցակիցը նկատի ունի այն հանգամանքը, որ նման կենսակերպը գովազդելով՝ նվազեցվում է ծնելիությունը, բնակչության թիվը։ Սա, փաստորեն, Մալթուսի ծրագրի մեկ այլ տարբերա՞կն է։
«Այո։ Եվ դժվար է ասել՝ ա՞յս, թե՞ Մալթուսի՝ պատերազմների միջոցով մարդկանց թիվը կրճատելու տարբերակն է ավելի վատը»։
Ըստ մեր զրուցակցի՝ մեր երկրի գովազդը մեզ պետք է, եւ այդ մրցույթը երկիրը ներկայացնելու, ճանաչելի դարձնելու լավ միջոց է։ «Բայց պետք չէ միայն դրա վրա սեւեռվել. երկիրը ներկայացնելու շատ այլ ձեւեր էլ կան»,- համոզված է Նուռը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս