Ավելացված արժեքի հարկը գանձել սահմանի՞ն, թե՞ վաճառքից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկրվող ապրանքների ավելացված արժեքի  հարկը ներկայումս գանձվում է սահմանին, սակայն կառավարության կողմից նախատեսված է ծրագիր` ԱԱՀ-ն  գանձելու  ապրանքի վաճառքից հետո: Armlur.am-ը  տնտեսագետ Հասմիկ Հովհաննիսյանից  հետաքրքրվեց`  պետության և գործարար հատվածի համար ո՞ր տարբերակն է շահավետ:

Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով` արտադրողների համար, իհարկե, ցանկալի է` ավելացված արժեքի հարկը գանձվի ապրանքի վաճառքից հետո,  պետության համար  կարճաժամկետ հատվածում եկամուտներ ստանալու համար ևս նպատակահարմար է  ավելացված արժեքի հարկը գանձել հենց սահմանում:

«Բայց երկարաժամկետ առումով  պետության համար  ցանկալի է ավելացված արժեքի հարկը գանձել  ապրանքի իրացումից  հետո:  Այդ դեպքում տնտեսական ակտիվությունը  բարձրանում է, դրան զուգահեռ այլ հարկեր են անցնում պետբյուջե: Իսկ եթե ավելացված արժեքի հարկը գանձվում է սահմանի վրա, ապա մենք գործարարին ասում ենք`շրջանառու միջոցները տուր  պետությանը, որը ձեռնարկության գործունեությունը սահմանափակում է. նա ստիպված է իր շրջանառու միջոցից գումար հանել և տալ պետությանը: Իսկ երբ գործարարի ձեռքից շրջանառու միջոցը դուրս է գալիս  իր ձեռքից, դա  վնասում է գործարարի  գործունեությանը»,- մանրամասնեց  տնտեսագետը:

Նրա  խոսքով`  ապրանքի վաճառքից  հետո գանձվելիք ԱԱՀ-ն  թե´ պետության, թե´ գործարարների համար ձեռնտու է, եթե ամեն ինչ նորմալ ընթանա: Նորմալ ընթանալ ասելով`Հասմիկ Հովհաննիսյանը նկատի ունի գործարարի ազնվությունը  պետության հանդեպ`մասնավորապես գործարարները  չպետք է խաբեն պետությանը և անօրինական ճանապարհով ապրանքներ չիրացնեն:

Սոնա Դավթյան




Լրահոս