«ՔԱՌՅԱԿՆ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երկար «տանջանքներից» հետո կայացավ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քվեարկությունը: Բանն այն է, որ ԱԺ նախագահին չէր հաջողվում իր կուսակիցներին «բերման ենթարկել» նիստերի դահլիճ, ինչի պատճառով էլ Գալուստ Սահակյանն անընդհատ հետաձգում էր հարցի քվեարկությունն ու պատգամավորներին անընդմեջ հորդորում վերադառնալ նիստերի դահլիճ: Ի վերջո, նիստի մեկնարկից մոտ 40 րոպե հետո Գալուստ Գրիգորիչին հաջողվեց կազմակերպել քվեարկությունը: Օրինագիծն ընդունվեց 68 կողմ, 12 դեմ եւ 36 ձեռնպահ ձայներով:

Բայց մինչ քվեարկությունը պատգամավորները միմյանց հերթ չէին տալիս` ներկայացնելու իրենց դիրքորոշումները: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք նախօրեին հանդիպել են անհրաժեշտ մասնագետների հետ եւ այն կարծիքին են, որ օրինագծում շատ հարցեր թերի են. «Մենք չենք կարող կողմ քվեարկել, այդուհանդերձ չենք քվեարկի դեմ, որպեսզի հնարավորություն տրվի կառավարությանը կրկին աշխատել այս օրենքի շուրջ»,-ԲՀԿ դիրքորոշումը ներկայացրեց պատգամավորը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, թե լրամշակված նախագիծը կես քայլ առաջ է, սակայն «մենք այս նախագծին կքվեարկենք ձեռնպահ»: Մինչդեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ այդ նախագիծը հակասահմանադրական է, ուստի ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու: Սակայն պարզվեց, որ այս հարցում եւս ՀԱԿ-ում միակարծիք չեն, քանզի ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը նախագծին ձեռնպահ է քվեարկելու: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀՅԴ խմբակցությանը, ապա «պարտադիր կուտակայինի» ամենաակտիվ քննադատներից Արծվիկ Մինասյանը նախ շեշտեց, որ իրենք միշտ էլ դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին, սակայն, այդուամենայնիվ, նշեց. «Սա մի քայլ առաջ է, բայց չի լուծում բոլոր մտահոգությունները: Մենք որոշել ենք ձեռնպահ մնալ»: Այս կապակցությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը չկարողացավ զսպել իրեն ու հայտարարեց. «Ես չգիտեմ, թե ձեր մոտ գիշերն ինչ փոխվեց»:
Նկատենք, որ քվեարկությունից հետո «հրաշալի քառյակ»-ում կարծես թե նեղացածության մթնոլորտ էր, քանի որ քառյակի անդամներն այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ ու քվեարկեցին առավելապես տուրք տալով սեփական ամբիցիաներին: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ` պարզելու, թե ինչու միասնական դիրքորոշմամբ հանդես չեկան օրինագծի քվեարկությանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
-Պարոն Զուրաբյան, ինչո՞ւ Քառյակում տարաձայնություններ առաջացան պարտադիր կուտակային համակարգի նախագծի քննարկման ժամանակ:
-Քառյակում տարաձայնություններ չկան այն հարցի շուրջ, որ պարտադիրը պետք է վերացվի, ուղղակի տարբեր մոտեցումներ կան այն մարտավարությունների նկատմամբ, թե մենք այդ արդյունքին ինչպես պետք է հասնենք: Մենք կոնկրետ համարում ենք, որ այն, ինչը բերել է կառավարությունը, դա ընդամենը զիջում է մի քանի հազար ակտիվ քաղաքացիներին, որովհետեւ «պարտադիրի» մեջ այժմ ընդգրկված է 260 հազար մարդ եւ «պարտադիրից» դուրս կգան նրանք, ովքեր դիմում կգրեն` ըստ կառավարության ներկայացրած նախագծի: Մարդկանց 95 տոկոսից ավելին մնում են «պարտադիրի» մեջ, այսինքն՝ սա պարտադիրից ազատման ծրագիր է, որի արդյունքում ազատություն են ստանում ակտիվները: Բնականաբար սա մեզ համար ընդունելի չէ:
-Այդ դեպքում ինչո՞ւ Քառյակը Ձեր դիրքորոշման շուրջ չհամախմբվեց:
-Ես կարծում եմ, որ իրենք մտածում են` գոնե ինչ-որ բան պոկեն եւ շարունակեն պայքարն այդ ուղղությամբ, դա էլ է մոտեցում: Բայց մենք կարծում ենք, որ մեր մոտեցումն ավելի ճիշտ է, որովհետեւ իշխանությունը կարող է մտածել, թե զիջումների չափն ուղիղ այնքան է, ինչքան որ իրենք գնացել են: Ու մենք վստահ ենք, որ իրենց նպատակը «պարտադիրի» պահպանումն է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարոն Մարգարյան, ինչու ԲՀԿ-ն որոշեց ձեռնպահ քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին:
-Քառյակում այս հարցով միասնական որոշում չկար: Բայց մեզ մոտ եղավ նաեւ այնպես, որ դեմ էլ քվեարկեցին, չմասնակցողներ էլ եղան: Իսկ մենք քվեարկել ենք ձեռնպահ, որովհետեւ իրականում կար որոշակի այդ խնդիրը, որ ասենք` կարծես թե մարդը եթե ուզում է, իր համար պարտադիրը չի լինելու: «Պարտադիր» բաղադրիչը հանված չէ, բայց եթե անձն ուզում է, իր համար դա պարտադիր չի լինում: Ընդամենը սա էր, որ կառավարության նախագծի մեջ մի քիչ առաջընթաց էր:
-Մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ի այս քվեարկության պատճառով Քառյակում կարող է պառակտում սկսվել:
-Քառյակում բավականին լիբերալ ներքին կանոններ են գործում, եթե ստացվել է, ուրեմն ստացվել է: Բայց եթե մի բան չի ստացվել, ապա դա չի խանգարում, որ հաջորդ հարցի հետ կապված էլ չստացվի:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարոն Մինասյան, Քառյակը չկարողացավ միասնական քվեարկություն կազմակերպել այս հարցի շուրջ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:
-Քառյակը կոալիցիա չէ, Քառյակն ամուսնացած քաղաքական ուժերի միավորում չէ, Քառյակի մեջ ամեն մեկն ինքնուրույն է իր դիրքորոշումն արտահայտելու հարցում: Մենք եղել ենք միասնական մեր պահանջներն առաջադրելու հարցում ու դա պահպանում ենք, իրավիճակի գնահատման մեջ է տարբերությունը: Մենք համարում ենք, որ այսօր իրական քայլ է եղել կառավարության կողմից, որը նախկինում չկար եւ դա բավարար է, որպեսզի այս պահի դրությամբ մենք դա համարենք բավարար պայման:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս