ԲՈԼՈՐԻ՛Ս ՊԱՐՏՔՆ Է…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայոց բանակը մեծ շուքով նշեց իր 20-ամյակը: Այս առիթով փոքրիկ հարցախույզ արեցինք:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում այն մարդկանց, որոնք բանակում չեն ծառայել, բայց այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բանակում չծառայելը, ինձ թվում է, պետք է հստակեցնել, որովհետեւ կա պարտադիր զինվորական ծառայության անհրաժեշտություն, որն օրենքով է նախատեսվում, եւ չկա տարկետման մեջ գտնվելու այլ պայման, եւ երկրորդ տարբերակը, երբ պարզապես մարդիկ խուսափում են ծառայությունից: Եթե խոսքն օրենքով նախատեսված կարգով ծառայության չանցնելու մասին է, նորմալ եմ վերաբերվում, իսկ եթե խոսքը վերաբերում է պարզապես խուսափածներին եւ թեկուզ փողով ազատվածներին` բացասական:

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե կա ինչ-որ հարգելի պատճառ, նորմալ է, եթե հարգելի պատճառ չկա, ուրեմն նորմալ չեմ վերաբերվում, այսինքն` նորմալ չէ, որ էդ մարդիկ բարձր պաշտոն զբաղեցնեն:

ԱՐՏՅՈՒՇԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուրը, ով չի ծառայել, թող ամաչի: Իհարկե ցանկալի է, որ մեր պաշտոնյաները բոլորը ծառայեն եւ իրենց պարտքը տան հայրենիքին: Իսկ ովքեր չեն ծառայել, դա արդեն անցած էտապ է, բայց կարծում եմ` այսուհետ եւ ընդհանրապես, պետական ծառայության վերցնելուց առաջ արժի հաշվի առնել նաեւ բանակում ծառայելու հանգամանքը:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե ցանկալի է բանակում ծառայելը եւ խրախուսելի է: Բայց կարող է մարդը լավ մտավոր աշխատանք կատարել կամ ինչ-որ ֆիզիկական խնդիր ունի, տարբեր պատճառներով կարող է չծառայել բանակում, այնպես որ, ես որեւիցե գնահատական չեմ տալիս: Բայց դա բոլորիս պարտքն է, այդ թվում նաեւ ես ծառայել եմ սովետական բանակում, եւ իմ երեխաներն են ծառայել, եղբորս որդին մեկ ամիս առաջ գնաց ծառայության, այսինքն` ես խրախուսում եմ:

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս