ՎԱՀՐԱՄԻ ՑՈՒՑԱԿԸ
ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է հողամաս եւ երկու բնակարան: Իսկ ահա հաշվեհամարին կա 80 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար եւ 30 հազար եվրո: Հետաքրքիր է՝ ե՞րբ է Վ.Մկրտչյանը հասցրել կուտակել այսքան ունեցվածք՝ 2000-2004թթ., երբ աշխատում էր ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ, թե՞ 2004-2006թթ., երբ Երեւան ՋԷԿ-ի Մաշտոց մասնաճյուղի տնօրենն էր, թե՞ 2007թ. հետո, երբ զբաղեցնում էր հայտնի Ֆլեշ Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, երեկ, ի վերջո, Վ. Մկրտչյանին աշխատասենյակ են հատկացրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ իր սենյակը լինելու է խորհրդարանի առաջին հարկում: Սակայն այն վերանորոգման կարիք ունի, եւ Վ. Մկրտչյանն արդեն սկսել է այդ գործը:
ՀՈՒՅՍԸ ՀՀԿ-Ն Է
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի տարածքային բաժնի պետ, ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը մինչ առաջադրվելը հայտարարել էր, թե կառաջադրվի միայն մի պայմանով՝ երբ կուսակցությունը կառաջադրի եւ միաժամանակ կպաշտպանի: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Ադունցի հետ, ով հաստատեց՝ ասելով. «Ես ասել եմ, որ կգնամ ընտրապայքարի միայն այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցությունը միասնական որոշում կկայացնի եւ ինձ կառաջադրի քաղաքապետի թեկնածուի պաշտոնի համար: Եթե առաջադրում է, միանշանակ պետք է նաեւ պաշտպանի»: Երեկ ավարտվեց Գորիսի քաղաքապետի ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Այսպիսով, քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը, Գորիսի համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Յոլյանը, Բուդաղյանների եղբայր Արա Բուդաղյանը եւ Վաչագան Ադունցը:
ՄԵ՛Կ ԴԵՄ Է, ՄԵ՛Կ ԿՈՂՄ
Չնայած այն բանին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նախօրեին հարց ուղղեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին պարզելու՝ արդյոք դրոշմապիտակների օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում թանկացումներ սպասում են, եւ պատասխանից պարզվեց, որ դրանք հնարավոր են, այնուամենայնիվ, երեկ պատգամավորը նախագծին «կողմ» քվեարկեց: «Ժողովուրդ»-ը փորձեց պատգամավորից պարզել, թե ինչու նման կերպ վարվեց. «Ըստ էության, 130-ից ավելի տոկոսով այդ օրինագիծը բացահայտում է տվյալ ապրանքի արտադրության ստվերը, իսկ 100 տոկոսով ավելի բացահայտմանը կողմ չքվեարկել չէինք կարող, դրա հետ փոխկապակցված է նաեւ սոցիալական խնդիրների լուծումը»: Նշենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ, 2՝ դեմ, 12՝ ձեռնպահ հարաբերակցությամբ: