Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցել է բացահայտ գործուղությունների` ընդդեմ իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի, հերթով չեղյալ հայտարարելով նախկինի նախաձեռնությունները, ընդ որում, հենց այն ծրագրերը, որոնք Տիգրան Սարգսյանի հիմնական «կրեդոն էին»:
Ինչպես հայտնի է, կառավարության նիստում ընդգրկված է Գյումրիի տեխնոպարկը լուծարելու մասին որոշման նախագիծ, իսկ հիմնավորումն այն է, որ Տեխնոպարկը չի գործում: Սրան զուգահեռ, կառավարության նախաձեռնությամբ ընթացող ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է պարտադիր աուդիտի վերացում: Ասել է թե՝ այսուհետ խոշոր կազմակերպությունների համար այլեւս պարտադիր չի լինի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների հետ նաեւ աուդիտորական եզրակացություն հրապարակելը: Նկատենք, որ ժամանակին, երբ ներդրվեց աուդիտորական եզրակացության գաղափարը, իշխանությունները պնդում էին, որ այն կապահովվի առավել թափանցիկություն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ իրականում այդ աուդիտորական եզրակացություններն անիմաստ են, եւ գործարարներն այդ թղթի համար գումարներ են վատնում: Ավելին, տեսակետ կար, որ այս համակարգը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մենաշնորհն է. ի վերջո, նախկինում զբաղեցնելով ԿԲ նախագահի պաշտոնը, Տ.Սարգսյանն իր վարչապետության շրջանում եւս փորձում էր անձամբ վերահսկել բանկերին, ֆինանսավարկային եւ աուդիտորական կազմակերպություններին: Ասել է թե՝ դրանք Տ.Սարգսյանի բիզնեսն էին, եւ հիմա Հովիկ Աբրահամյանը «փակում է» այդ բիզնեսը:
Որքան էլ Հովիկ Աբրահամյանի քայլը լինի հիմնավոր, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել մեկ հանգամանք. Հայաստանում Տիգրան Սարգսյանի ու նրա գլխավորած կառավարության հրաժարականից հետո, ըստ էության, իշխանափոխություն տեղի չի ունեցել. ՀՀԿ-ն շարունակում է իշխանության ներսում պահպանել իր մենաշնորհը, ընդամենը ապրիլի 3-ից հետո ՀՀԿ-ական Տ.Սարգսյանին փոխարինեց ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, մի անձնավորություն, ով մինչեւ կառավարություն «գործուղվելը» ԱԺ նախագահ էր: Ասել է թե՝ Հովիկ Աբրահամյանը մշտապես ունեցել է լծակներ՝ Տիգրան Սարգսյանի անարդյունավետ ձեռնարկումները կանխելու, օրենսդրական համապատասխան փոփոխությունները չհաստատելու, դրանց իրականացումը թույլ չտալու համար: Ի վերջո, Հ.Աբրահամյանի դիրքերը ՀՀԿ ներսում մշտապես եղել են ուժեղ, եւ նա ցանկացած պահի հնարավորություն է ունեցել իր տեսակետը պնդելու եւ առաջ տանելու համար: Այնպես որ, նրա ներկայիս պահվածքն առնվազը տարօրինակ է, արդարացիորեն տեղիք տալով տարաբնույթ մեկնաբանությունների:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում երեկ պնդեց, թե այդ նախագիծը համարում է ապացույց, որ ներկա իշխանությունն առաջնորդվում է ոչ թե «սա օրինական է, թե ոչ», այլ «սա իմն է, թե իմը չէ» սկզբունքով: Արդյունքում՝ «Մի թայֆան եկել, մյուս թայֆային է ոչնչացնում»: Զուրաբյանը նաեւ նշեց. «Հետեւությունները, որոնք պետք է արվեին դեռ Տիգրան Սարգսյանի օրոք, արվում են հիմա, երբ Տիգրան Սարգսյանը չկա: Դա ցույց է տալիս, որ այս իշխանության համար օրինականությամբ, արդյունավետությամբ առաջնորդվելու չափանիշներ գոյություն չունեն: Գոյություն ունեն իշխանական լծակները սեփական հարստացման համար օգտագործելու չափանիշներ»: Նրա խոսքերով՝ խոշոր ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտը շատ լուրջ գործիք է: «Բայց Տիգրան Սարգսյանն այդ գործիքը դարձրեց իր «դուքյանը»: Նա այդ պարտադիր աուդիտի ինստիտուտը հաստատեց առանց պատասխանատվության՝ ուղղակի իր մի քանի ընկերների կամ քավոր-սանիկ հարաբերությունների համար ապահովելով շուկա եւ գումար աշխատելու հնարավորություններ: Հիմա եկել է մեկ այլ կառավարություն, որն այդտեղ սեփական, անձնական շահ չունի, եւ միանգամից այդ ինստիտուտը վերանայեցին»,- նշեց նա: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքերով, սակայն, սա «քայլ առաջ է»: Հակառակ կարծիքին է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը. «Այս նախագծի ընդունմամբ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները եւ հաշվառումը կարող է թերի լինել կամ ընդհանրապես չլինել: Սա կարող է ձեռնտու լինել միայն նրանց, ովքեր ցանկանում են, որպեսզի ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահոսկություն չլինի: Դրանք կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք գործում են ստվերում»,- ասաց նա:
Հ.Գ. 1. Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ պարզվում է, որ նույն այս «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը բարեփոխելու, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը բարելավելու համար Տիգրան Սարգսյանի սանիկ, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը միջազգային դրամաշնորհները փոխանցել է Կիպրոս, օֆշորային ընկերությունների հաշվին:
Հ.Գ. 2. Ի դեպ, սա ոչ թե ըստ լուրերի, այլ ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ «միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին: Նրանց հետ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր: Սակայն հետագայում ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն, ընդ որում՝ գումարի միայն մի մասով»: Այնուհետեւ ՎՊ-ն հարցադրում է կատարում.«Բնական հարց է առաջանում, եթե հայկական որեւէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ