ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԽՈՐԺԱԿՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Աժ-ում երեկ, կառավարության ներկայացրած «Գնումների մասին» եւ «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը մեծ աժիոտաժ էին առաջացրել: Նախագծերի հիմնական զեկուցող` ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը հայտարարեց, որ կառավարությունը ցանկանում է հատուկ պետական պահպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներգրավվել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում: ԱԱԾ պետի տեղակալը նշեց նաեւ, որ կառավարությունը նպատակ ունի համապատասխան տեղեկատվությունը գաղտնի պահելու միջոցով ապահովել պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հարցրեց, թե ինչու է օրինագծով առաջարկվում գաղտնի պահել կատարված ծախսը, հավելելով. «Բոլորիս հայտնի է, թե ինչու այս օրինագիծը դրվեց շրջանառության մեջ. երբ սկանդալային ձեւով մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե ինչքան խոշոր գումար էր ծախսել նախկին վարչապետն ավիատոմսերի վրա»: Զեկուցող Ա. Հարությունյանն էլ ասաց, որ ծախսերը գաղտնի պահելու մասով խնդիր չի դրվում, այլ հիմնականում ծառայությունների վրա է տարածվելու գաղտնիությունը: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս տարօրինակ համարեց այն. «Հայաստանի նման փոքր երկրում մեկս մյուսի մասին ամեն ինչ գիտենք, գիտենք ոմանց ախորժակի մասին ու որեւէ բան թաքցնելը տեղին չէ»:

ԹՈՂ ԲԱՑԱՏՐԻ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 16-ին կլինի Հայաստանում եւ կհանդիպի երկրի ղեկավարության հետ։ «Նա նաեւ իր հայտարարության եւ դրա մեջ նշված սկզբունքների մասին խոսելու հնարավորություն կունենա»,-նշել է դիվանագետը: Հավելենք, որ Ուորլիքից բացի Երեւան կայցելեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահները:

ՆԱՀԱՆՋ ԻՆԴԵՔՍՈՎ

Ըստ 2014թ. Տնտեսական ազատության ինդեքսի՝ Հայաստանը նահանջել է 3 տեղով եւ դարձել 41-րդը: Ուշագրավն այն է, որ 2008թ. Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով 30-րդ տեղում էր: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում ինչպես մյուս, այնպես էլ այս ոլորտում լուրջ նահանջ ապահովեց: Տեղեկացնենք, որ ըստ տնտեսական ազատության ինդեքսի՝ 41-րդ տեղում ընդգրկվածները համարվում են «ռեպրեսիվ»:




Լրահոս