Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը, երբ տօնախմբւում է նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ. Սսից Սուրբ Էջմիածին փոխադրութեան յիշատակը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, մատուցուեց Ս. Պատարագ, որին ներկայ էին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանները: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան վարդապետ Նաւասարդեանը:

Սուրբ Պատարագի արարողութեան աւարտին օրուայ խորհրդի շուրջ քարոզեց Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Սրբազան Հայրը, մեկնելով Համբարձման տօնի հրաշազարդ խորհուրդը, մասնաւորապէս նշեց. «…Այսօր մեր սուրբ Եկեղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի օրհնութեամբ եւ մասնակցութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշում է Համբարձման տօնը: Տօն, որի պատգամն ամփոփուած է Տիրոջ` մեզ հետ մշտական ներկայութեան մէջ` «Ես ձեզ հետ եմ, մինչեւ աշխարհի վախճանը», – ասում է Քրիստոս: Իսկապէս, աշխարհը ցնցող, աննախադէպ մի յայտարարութիւն է սա: Աշխարհը փոխւում է, բայց աշխարհի փոփոխութիւնը պայմանաւորուած է առաջին հերթին մարդու փոփոխութեամբ: Եւ այս համատարած փոփոխութիւնների մէջ անփոփոխ է միայն Քրիստոս մշտական բարեկամութեան կոչով` «Ես ձեզ հետ եմ, մինչեւ աշխարհի վախճանը»:

Այս աշխարհում եւ՛ բարեկամութիւնը, եւ՛ թշնամութիւնը քայլում են կողք կողքի, երբ յաճախ փշերը մարդկանց մատուցւում են բամբակների մէջ եւ թոյները` մեղրով պարուրուած, սակայն Քրիստոս միանշանակ է եւ վճռական իր յայտարարութեան մէջ. «Ես ձեզ հետ եմ»: Նա չի ասում` Ես ձեզ հետ եմ, եթէ դուք էլ Ինձ հետ լինէք: Նա վճռական ձայնով յայտարարում է` Ես ձեզ հետ եմ անկախ նրանից, թէ դուք Ինձ հետ կը լինէք կամ չէք լինի, Ես ձեզ հետ եմ ձեր նեղութեան մէջ, ձեր ուրախութիւնների մէջ, ձեր սրտնեղութեան մէջ եւ ձեր խանդավառութեան ու ուրախութեան մէջ, կեանքի բոլոր հանգրուաններում: Եւ Քրիստոսի Համբարձումից յետոյ այս առաքելութիւնը վերջ չգտաւ: Քրիստոս Ինքը հաստատեց այն հասատութիւնը, որը կոչուած է այս աշխարհում շարունակելու իր առաքելութիւնը մարդկանց հետ լինելու մեծ եւ սքանչելի առաքելութիւնը, եւ այդ առաքելութեան իրականացնողը մեր ժողովրդի կեանքում դարեր շարունակ եղաւ մեր Սուրբ Եկեղեցին իր բոլոր կառոյցներով, իր նուիրեալ հոգեւորականներով ու սպասաւորներով: Մեր Եկեղեցին Աւարայրում քաջամարտիկների հետ եղաւ, եղաւ Սարդարապատում, որի յիշատակը մենք այս օրերին տօնեցինք, որին մասնակցութիւն բերեցին բազում նուիրեալ եկեղեցականներ շինականների, քաղաքական ու մտաւորական գործիչների հետ միասին»:

Անդրադարձ կատարելով նաեւ Հայոց Հայրա¬պետական Աթոռի Սսից Էջմիածին փոխադրման պատմական փաստին` իր քարոզում Արշակ Սրբազանը յաւելեց. «…Սրանից յիսուն տարի առաջ `1951 թ.-ին, երջանկայիշատակ Գեւորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ երջանկայիշատակ Գարեգին Ա Յովսէփեանց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի եղբայրական սերտ գործակցութեամբ հիմքերը դրուեցին, որ նշուի Աթոռի փոխադրութեան 500-ամեակը: Խօսքերն աւելորդ են, երբ խօսում են փաստերը: Նրանց եղբայրական սէրն ու ջերմութիւնն ամրապնդուեց իրենց երջանկայիշատակ նախորդների ջանքերով եւ նուիրուածութեամբ:

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ներկայութիւնն ու մասնակցութիւնը այս սրբազան արարողութեանն ինքնին վկայութիւնն է մեր Տիրոջ մեր ժողովրդի հետ լինելու մնայուն խոստումի իրագործման: Մեր Եկեղեցին իր մէկ առաքելութեամբ, իր վճռական ներկայութեամբ ժողովրդի կեանքի մէջ իր պատրաստակամութիւնն է ցուցաբերում համաձայն Քրիստոսի խոստման` լինել ժողովրդի հետ»: Վերջում Սրբազան Հայրը հրաւիրեց ներկայ հոգեւոր դասին եւ ուխտաւորներին միասնաբար աղօթելու Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արեւշատութեան, Հայոց Եկեղեցու պայծառութեան եւ արդիւնաւորման համար աշխարհի բոլոր մասերում, բոլոր հանգրուանների ու վիճակների մէջ:

Այնուհետեւ նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի կատարուեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պայծառութեան եւ Ամենայն Հայոց Հայրապետի երկարամեայ գահակալութեան համար:




Լրահոս