Թեև կոճակ սեղմող է, բայց և մտածող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին, ավելի շատ գիտեն որպես խոշոր գործարար, քան թե քաղաքական գործիչ: Նա առաջին անգամ պատգամավոր է դարձել 2003թ.-ին` «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ: «Չար լեզուներն» ասում են, որ դրան նպաստել էր ՕԵԿ առաջնորդին կլորիկ գումար վճարելը: Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, թե Ա. Պետրոսյանն իր մանդատի համար վճարել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլար:

Սակայն ՕԵԿ-Ալիկ «ռոմանսը» երկար չտևեց: Տարիներ առաջ, երբ քաղաքական որոշում կայացվեց ՕԵԿ-ը պառակտելու մասին, Ա. Պետրոսյանը որոշեց հեռանալ կուսակցությունից, որպեսզի իր քաղաքական կարիերան շարունակի ՀՀԿ-ի շարքերում:

Այսպիսով՝ ՄԱՊ ընկերության սեփականատիրոջ ջրերը սկսեցին հոսել ՀՀԿ-ի «առվով»: Սակայն կրկին «չար լեզուներն» ասում են, որ 2007թ.-ի ընտրությունների նախաշեմին Ա.Պետրոսյանն այս անգամ էլ ՀՀԿ-ին արդեն գումար վճարեց` պատգամավորական մանդատը ձեռք բերելու համար: Բանն այն է, որ ՄԱՊ-ի Ալիկը մեծամասնական ընտրակարգով այդպես էլ չկարողացավ հաղթանակ տանել հարազատ Արմավիրում: Թեև Ա. Պետրոսյանը պարտվեց ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին, այդուհանդերձ, պատգամավորական մանդատ ստացավ` ՀՀԿ համամասնական ցուցակի ոչ անցողիկ համարվող 83-րդ հորիզոնականում լինելով:

Նշենք, որ մի քանի տարի առաջ ռուսական հայտնի պարբերականներից մեկն անդրադարձել էր Հայաստան աշխարհիս օլիգարխներին, կամ այլ կերպ ասած` ժողովրդի թալանչիներին: Այդ էլիտար թշվառների շարքում հայտնվել էր նաև ՄԱՊ-ի նախագահը` շնորհիվ հենց հիշատակված ընկերության ու նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ռուսական աղբյուրը տեղեկացրեց, որ ՄԱՊ-ի 50 տոկոսը պատկանում է Քոչարյանների կլանին այն օրվանից, երբ Ալիկը երես թեքեց Ա. Բաղդասարյանից:

Ինչ վերաբերում է նրա խորհրդարանական գործունեությանը, ապա Պետրոսյանն ակտիվ է եղել միայն այն օրինագծերի քննարկման ժամանակ, երբ դրանք առնչվել են իր բիզնեսին, և նույնիսկ հանդիպումներ է ունեցել հենց այդ նպատակով: Բացառություն չէր վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խոշոր հարկատուների հանդիպումը: Մեր հերոսը նույնպես մասնակցում էր այս հանդիպմանը, սակայն, բնականաբար, հանդիպումից հետո «armlur.am»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց, թե իրեն այդ հանդիպմանը որպես գործարար էին հրավիրել: Նա հայտարարեց և մինչև վերջ պնդեց, թե նա, ինչպես նաև հանդիպմանը ներկա մյուս բոլոր գործարար-պատգամավորները ներկա էին հենց որպես պատգամավոր:

Անդրադառնանք պատգամավորի ունեցվածքին: Բնականաբար, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա ունեցվածքի և գույքի հայտարարագրում շատ քիչ տվյալներ են ներկայացված նրա իրական ունեցվածքից:

Ըստ հայտարարագրի` նա ունի ընդամենը 58 մլն 150 հազար դրամ, իսկ միակ եկամուտը եղել է աշխատավարձն ու գույքն օտարելուց ստացված եկամուտը` 16 մլն դրամ:

Իսկ ո՞վ է եղել ՄԱՊ-ի Ալիկը մինչև քաղաքական ասպարեզում հայտնվելը:

Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում ծնված Պետրոսյանն ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով ճարտարագետ-տեխնոլոգի որակավորում:

1978-1991թթ. աշխատել է Հոկտեմբերյանի գինու գործարանում որպես ճարտարագետ-տեխնոլոգ, 1981-1995թթ.` արտադրության պետ, գործարանի տնօրեն:

1995 թվականից Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրենն ու խորհրդի նախագահն է: Այսքանով նրա կենսագրությունն ավարտվում է:

Նրա կենսագրական տվյալներում որևէ խոսք չկա բանակում ծառայելու վերաբերյալ: Պետրոսյանը միայն տնօրեն է աշխատել անցյալում: Եվ քանի որ այդպիսի տնօրենաշատ անցյալ ունի, որոշել է իր գյուղի անունը փոխել` դնելով Մակարավան` հոր` Մակարի պատվին: Ի դեպ, «ՄԱՊ»-ը ևս հապավում է` Մակար Ալիկի Պետրոսյան` սա էլ տղայի պատվին:

Պետք է նշել, որ թեև Պետրոսյանը դասական կոճակ սեղմող է, բայց եւ մտածող մարդ է, ու նրան անտառաճանաչ պատգամավորների շարքին դասելը սխալ կլինի:

 




Լրահոս