ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկին հայտարարել է, որ ստատուս քվոն Ղարաբաղում կայուն չէ եւ գնալով վտանգավոր է դառնում: Ադրբեջանական news.az կայքին տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը նշել է, որ իր կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շուտափույթ պետք է հանդիպեն եւ խաղաղ բանակցություններ սկսեն, որոնք կարող են հանգեցնել հակամարտության կարգավորմանը:
«Խաղաղ կարգավորումը հասանելի է, եթե կա քաղաքական կամք: Եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»,-նշել է Ուորլիքը: Վերջինս կրկին հայտարարել է, թե ԼՂՀ-ի շուրջ տարածքներն «օկուպացված են» եւ պետք է վերադարձվեն Ադրբեջանին որպես համընդգրկուն կարգավորման տարր: Համանախագահողն ասել է նաեւ, որ ԱՄՆ-ն ճանաչում է երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստան ու Ադրբեջան, բայց կան շահագրգիռ կողմեր՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, փախստականներ ու տեղահանվածներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ` պարզելու, թե ՀՀԿ-ում ինչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության վերաբերյալ:
-Պարոն Թորոսյան, ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չի արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վիճահարույց հայտարարություններին: Վերջինս այս անգամ էլ հայտարարել է, թե ստատուս քվոն Ղարաբաղում կայուն չէ եւ գնալով վտանգավոր է դառնում:
-Ուորլիքն արտահայտում է ոչ նոր տեսակետ, այն արդեն երկար ժամանակ է, ինչ միջազգային հանրությունը քննարկում է` նաեւ համանախագահների մակարդակով: Իրենք փուլային լուծման տարբերակն այդպես են տեսնում, որ ազատագրված տարածքները հանձնում են Ադրբեջանին, ստեղծում են կայուն անվտանգության երաշխիք Ղարաբաղում` ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանմամբ եւ Հայաստանի հետ ապահով կապով: Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան անվտանգությամբ երաշխավորված սահման: Հետո փախստականների վերադարձի խնդիրն է դրվում, ապա արդեն կարգավիճակի վերջնական լուծումը: Սա նոր գաղափար չէ:
-Նոր գաղափար չէ, բայց, կարծես թե, վերջերս շատ ինտենսիվորեն է շրջանառվում…
-Այո, հիմա ամերիկյան կողմը, ըստ երեւույթին, ակտիվացրել է իր գործողություններն այս ուղղությամբ: Ֆրանսիայի նախագահը Հայաստան այցելության ժամանակ անուղղակիորեն կիսեց Ուորլիքի տեսակետը, եւ իմ կարծիքով՝ մենք պետք է պնդենք խնդրի փաթեթային լուծման տարբերակը, կամ շատ հստակ տեսանելի անվտանգության երաշխիքների առկայության դեպքում որոշակի քննարկումների գնանք: Ես դեմ եմ մեկ թիզ հող զիջելուն, ես կատեգորիկ դեմ եմ, որովհետեւ նախ` ազատագրված հողերը դա մեր պատմական հայրենիքի մաս են, երկրորդ` դրանց համար արյուն է թափվել, իսկ արյունով տրված հողը երբեք չեն վերադարձնում եւ, ամենակարեւորը` այսօր մենք հաղթած վիճակում ենք: Ու հաղթած վիճակում գնալ բանակցությունների ու հող տալ` ինձ համար անընդունելի է:
-Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները, հատկապես ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մշտապես «լղոզված» պատասխաններով են արձագանքում ազատագրված տարածքները հանձնելու մասին միջնորդների հայտարարություններին:
-Հայաստանը միշտ էլ ասում է, պարզապես դիվանագիտության նորմ է. եթե մենք ամեն օր ասում ենք, որ վստահում ենք համանախագահների միջնորդական առաքելությանը, ապա նրանց արտահայտած կարծիքի դեմ կոշտ դիրքորոշումը դիվանագիտական այրերի կողմից գուցեեւ ճիշտ չգնահատվի: Բայց, այնուամենայնիվ, պարզ եւ ակնհայտ է, որ մենք պատրաստ չենք հող տալու ու դա պետության ղեկավարի մակարդակով բազմիցս բարձրաձայնվել է: Մենք պատրաստ չենք, մենք չենք ուզում, մենք չենք կարող: Ես ձեզ ասեմ. ԱՄՆ-ի համանախագահ պաշտոնյան այդպես է արտահայտվում, բայց եթե ուշադրություն ենք դարձնում, զուգահեռաբար ԱՄՆ-ի ամենա-ամենա նահանգը` Կալիֆոռնիան, ճանաչում է Արցախի անկախությունը, հետեւաբար` երբեք մի ասա երբեք, երբեք պետք չէ որեւէ բան բացառել:
-Նախօրեին ԵՏՀ Զարգացման եւ ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը կարծես թե հաստատել է, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետեր են լինելու: Իրականում նման բան լինելո՞ւ է:
-Մենք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններ ենք լսել, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեկ տնտեսական տարածք են: Վերջինը դրա մասին խոսեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկ անգամ եւս հնչեցնելով ՀՀ-ի պաշտոնական տեսակետը: Բացառվում է, որ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ մաքսակետ դրվի, դա չի կարող լինել ու դա շատ լավ գիտակցում են ՄՄ-ի առաջատար երկրները: Ու տեղյակ են նաեւ, որ դա մեզ համար անընդունելի տարբերակ է: Եթե Ղարաբաղը դե յուրե ճանաչված չէ ու չի կարող ՄՄ առանձին մուտք գործել, ապա նա ՀՀ-ի հետ` որպես միասնական տնտեսական տարածք, անպայման կլինի ՄՄ-ի շրջանակներում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ