Հաջորդ շաբաթ խորհրդարանում բավականին թեժ մթնոլորտ է սպասվում: Նոր կառավարությունն ԱԺ հաստատմանն է ներկայացնելու իր ծրագիրը, իսկ սա նշանակում է, որ խորհրդարանական ընդդիմության համար իշխանություններին անխնա քննադատելու հերթական առիթն է ստեղծվում: Առավելեւս, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն իր բացասական կողմերով ոչ միայն չի զիջում իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, այլեւ ընդհակառակը՝ գերազանցում է նրան:
Հասարակական-քաղաքական շրջանակներում տիրապետում է այն տեսակետը, որ եթե Տիգրան Սարգսյանի կառավարության կազմում ընդգրկվեցին չվարկաբեկված, գրագետ անձինք, ովքեր վարկաբեկվեցին հետո՝ պաշտոնավարման ընթացքում, ապա Հովիկ Աբրահամյանի կառավարությունը վարկաբեկված է ի սկզբանե: Այսօր կառավարության կազմում ընդգրկված են այնպիսի անձինք, ովքեր հասարակության մոտ, մեղմ ասած, տհաճ հուշեր են արթնացնում, եւ որոնց անունները մութ պատմությունների հետ են առնչվում:
Այս առումով, թերեւս, առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ում անունը կապվում է «ՀՀՇ-ի լափած մազութի» գործի հետ: Զախարյանը էներգետիկ ճգնաժամի «ցուրտ ու մութ» տարիներին՝ 1992-93թթ. զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը: Սակայն հետո մեկնել է Մոսկվա: Ըստ պաշտոնական կենսագրության՝ 1993-97թթ. նա ապրել ու աշխատել է այնտեղ՝ գլխավորելով արտադրաշինարարական ընկերություն: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նա վերադարձել է Հայաստան՝ սկզբում զբաղեցնելով «Հայտրանսգազ» պետական ձեռնարկության տնօրենի, այնուհետեւ՝ մինչեւ 2000թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնները:
Նախկին ՀՀՇ-ականները լավ են հիշում Երվանդ Զախարյանի կենսագրության այս դրվագը: 1992թ. հուլիսին Հայաստանում ստեղծվում է «Հայգազվառելիք» պետական ձեռնարկությունը, որը պետք է լուծեր ՀՀ առաջ ծառացած վառելիքային պրոբլեմները: Այս ընկերությունը պետք է ապահովեր նաեւ «Ձմեռ 92-93» ծրագրի իրականացումը: Պլանավորված էր ՌԴ-ից գնել 70 հազար տոննա մազութ՝ տոննան ոչ ավելի քան 60 դոլարով: Այն պետք է մի փոքր ավելի թանկ գնով վերավաճառվեր, իսկ ստացված եկամուտը դրվեր Պաշտպանության նախարարության տրամադրության տակ (1993-95թթ. ՀՀ պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը): Այս գործի պատասխանատվությունը դրվել էր էներգետիկայի փոխնախարար Երվանդ Զախարյանի վրա: Որոշ ժամանակ անց, սակայն, կառավարությունը սկսում է անհանգստանալ: Երբ 1993թ. մարտի սկզբին ՀՀ կառավարության օպերատիվ շտաբի նիստերից մեկում քննարկվում է Հայաստան ներկրվող մազութի հետ կապված հարցը, պարզվում է՝ մազութի պակասորդ կա: Նախկին ՀՀՇ վարչության անդամ, Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Երջանիկ Աբգարյանը մի առիթով անդրադարձել է օպերատիվ շտաբի նիստին: «Ուշացած նիստերի դահլիճ մտավ վարչապետ Հրանտ Բագրատյանը, նույնիսկ չբարեւեց դահլիճին եւ միանգամից վրա տվեց. «Էս ինչ է կատարվում, մի քանի ամիս առաջ մենք պատվիրել ենք մազութը ներկրել, այդ մազութն արդեն 15 անգամ կարող էր Կալինինգրադից հասնել Վլադիվոստոկ եւ ետ վերադառնալ: Որտեղ է գլխավոր դատախազը»: Նախկին դատախազ Արտավազդ Գեւորգյանը, չնայած արդեն տարիքն առած մարդ էր, աշխուժորեն վեր թռավ տեղից: Բագրատյանը շարունակեց. «Հենց հիմա գործ կհարուցես»: Արդեն երեկոյան ես իմացա, որ Նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ Երվանդ Զախարյանը փախել է Հայաստանից: Հաջորդ օրն իմացա, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել»: Ուշագրավն այն է, որ Զախարյանը Հայաստանից հեռացել է՝ առանց աշխատանքից ազատվելու կամ հեռացվելու հրամանագրի: Մամուլը նախկինում անդրադառնալով այս դեպքին, գրել է, որ մազութի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել էր 3 քրեական գործ, եւ գործերը վարող քննիչներից մեկը եղել է Աղվան Հովսեփյանը, ով այն ժամանակ հատկապես կարեւորագույն գործերով քննիչ էր:
«Ժողովուրդ»-ը երեկ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: «Ի պատասխան Ձեր հարցադրման հայտնում ենք, որ տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը 1993 թ. հայտնի «մազութի գործով» գտնվել է հետախուզման մեջ` իրականությանը չի համապատասխանում»,-նշված է նախարարության պատասխանում:
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, Երվանդ Զախարյանն առնչվել է «Մազութի գործին», երբ էներգետիկայի փոխնախարար էր, իսկ այսօր նա վերադարձել է այդ նախարարություն՝ արդեն նախարարի պաշտոնում: Տեսնես հիմա ինչին է առնչվելու:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ