ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ – 3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին աղմկահարույց հայտարարությունն անդրադառնում էր նաեւ ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին: Նկատենք, որ Ուորլիքն ընդամենը բարձրաձայնեց այն սկզբունքները, որոնց կապակցությամբ Սերժ Սարգսյանը Մեթյու Բրայզայի առաջ արտահայտում էր իր հիացմունքն ու գովաբանությունը: Հաշվի առնելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, թե Ուուրլիքը նորություն չի ասել, կարելի է փաստել, որ գործ ունենք բանակցային սեղանին գտնվող ամենակարեւոր դրույթներից մեկի հետ: Ի դեպ, ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը ամենաբարդն է իր բնույթով, որի շուրջ համաձայնության գալ դեռեւս չի ստացվում:

Ամերիկացի համանախագահը նախկին ԼՂԻՄ-ի տարածքին տրվելիք կարգավիճակի կապակցությամբ հստակեցրել է. «ԼՂԻՄ տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում»: Ի դեպ, բավականին վտանգավոր է նախ այն պարագան, որ խոսքը գնում է բացառապես նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասին, մինչդեռ հայտնի է, որ ԼՂԻՄ-ն իր նախկին սահմաններով այսօր այլեւս գոյություն չունի: Ձգտելով առանձնացնել ազատագրված տարածքները՝ հատկապես Քելբաջարի ու Լաչինի շրջանները, Ադրբեջանը կարող է կրկին ԼՂԻՄ-ը վերցնել շրջափակման մեջ ու իրավիճակը կրկին տեղափոխել 1992թ., որի տրամաբանական հետեւանքը կլինի պատերազմի վերսկսումը: Հատկանշական է, որ ներկայում բանակցվող տարբերակով միջանկյալ կարգավիճակ չի հատկացվում ազատագրված 7 շրջաններից ոչ մեկին, որոնք առանց բացառության վերադարձվում են Ադրբեջանին: Անշուշտ, փոխզիջումը ենթադրում է որոշ տարածքների հանձնում, սակայն բոլորի վերադարձը, մեղմ ասած, չի կարող ընդունելի լինել:
Դեռեւս 1997-98թթ. փուլային ու փաթեթային տարբերակներով եւս քննարկման կարեւոր հարցերից մեկը ԼՂ կարգավիճակն էր: Փաթեթային լուծման եղանակին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ԼՂՀ-ն չտվեցին իրենց համաձայնությունը, իսկ Հայաստանն արտահայտեց իր վերապահումները: Ստացվում էր այնպես, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը կարգավիճակի շուրջ ունեին տրամագծորեն հակառակ մոտեցումներ՝ կտրականապես մերժելով դիմացինի տեսակետը: Քանի որ կողմերը համաձայնության չեկան, ընտրվեց հարցի՝ փուլ առ փուլ լուծման եղանակը, որը կարգավիճակի պարզաբանումը թողնում էր ապագային՝ գրավված մի քանի տարածքների վերադարձի, խաղաղարար ուժերի տեղավորման, շրջափակումների վերացման, փախստականների վերադարձի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին բուֆերային, անջատիչ ու թռիչքային բավականին լայն գոտիների ստեղծումից հետո:
Հայաստանի այդ ժամանակի իշխանությունները վստահ էին, որ կարգավիճակի վերջնական որոշումը պետք էր առժամանակ հետաձգել, քանզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ղարաբաղը չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ: 1998թ. հունվարի 7-8-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում հենց վերջնական կարգավիճակի հարցն էր, քանզի «հայտնի ուժերն» ու ղարաբաղյան էլիտան պահանջում էին կարգավիճակի հստակեցում: Քաղաքականապես ոչ իրատեսական եւ մաքսիմալիստական այդ մոտեցումը հակադրվում էր անգամ միջազգային հանրության ընկալումներին: Հատկանշական է, որ վերնախավային շրջանակներում հայտնի էին ՌԴ նախագահ Բ.Ելցինի խոսքերը. «Ինչ է, նրանք Ամերիկայի կարգավիճա՞կն են ուզում»:
Ուորլիքի արտահայտած սկզբունքներից մյուսը միջազգային վստահ երաշխավորումներն են՝ անվտանգության ապահովման համատեքստում: Նրա պնդմամբ՝ «Պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»: Զավեշտալի է, բայց որքանով 1988-91թթ. խորհրդային զորքերը կարողացան ապահովել շրջանի բնակչության անվտանգությունը, այնքան էլ Ուորլիքի խոստացած ուժերն են իրականացնելու այդ գործառույթները: Ի դեպ, բավականին «պատահականորեն» միջազգային հանրությունը քանիցս ապացուցել է, թե ինչպես է կարողանում անվտանգության երաշխիքներով «փրկել» շատ ու շատ ժողովուրդների եւ դառնալ նրանց գերեզմանափորը: 1920թ. օգոստոսի 10-ին միջազգային երաշխիքներով էին Հայաստանին վերադարձրել Արեւմտյան Հայաստանի մեծ մասը, իսկ երկու ամիս անց իսպառ մոռացել դրա մասին: Ֆրանսիական զորքերի «հուժկու» ներկայությամբ էին 1921թ. հայերին կոտորում Կիլիկիայում, իսկ մինչ այդ անգլիացիներն էին «վայելում» հույների կոտորածները Թուրքիայում: Աշխարհը միջազգային երաշխիքներով էր հետեւում Մեծ եղեռնին, Հոլոքոստին, թութսիների ցեղասպանությանը եւ հակամարդկային մյուս ոճիրներին:
Այսօր փաստվում է, որ 20-ամյա ստատուս քվոյից հետո կողմերը շարունակում են դոփել նույն տեղում: Տարակուսելի է, որ 1998թ. հստակ կարգավիճակ պահանջող ուժերը 16 տարի բանակցություններ վարելով ոչ միայն չեն մոտեցել դրան, այլեւ ավելի են հեռացել՝ չմոռանալով առիթ-անառիթ շնորհակալություն հայտնել օտարերկրյա դիվանագետներին Մադրիդյան սկզբունքների համար: Նույնիսկ փուլային տարբերակի համեմատ՝ Մադրիդյան փաստաթուղթն ակնհայտ նահանջ է, ինչը բանակցային պրոցեսին մասնակից գործիչների համար միանգամայն պարզ է: 1998թ. ԼՂ հստակ կարգավիճակ պահանջողներից մեկը ճակատագրորեն ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանն էր, ով այսօր բանակցում է անորոշ միջանկյալ կարգավիճակի, կամարտահայտության եւ ազատագրված շրջանների վերադարձի շուրջ:
շարունակելի

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս