ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀՈՎԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում այսօր կսկսվի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի քննարկումը. երեկ կառավարության նիստում հաստատվելուց հետո, այն արդեն ներկայացվել է խորհրդարան: Միայն թե, 78 էջանոց այս փաստաթուղթը հիշեցնում է ոչ թե ծրագիր, այլ՝ բարի ցանկությունների ու գեղեցիկ խոստումների շարան, թեեւ Աբրահամյանը, խնամու ոճով խոստացել էր՝ «Մենք քիչ ենք խոսելու եւ շատ ենք անելու»: Ուշագրավ է, որ Հ.Աբրահամյանի կառավարությունը բավականին մանրամասն անդրադարձել է ՀՀ պաշտպանությանն ու արտաքին քաղաքականության ոլորտին, նկարագրել այնտեղ իրականացվելիք ծրագրերը: Այնինչ, հենց այս երկու ոլորտները ոչ այնքան կառավարության, որքան՝ նախագահի լիազորությունների շրջանակներում է: Դժվար է ասել՝ սրանով Հ. Աբրահամյանը նախագահության հայտ է ներկայացնում, թե, այնուամենայնիվ, որոշել է մանրակրկիտ ուսումնասիրել: Ի դեպ, նկատենք, որ Տ.Սարգսյանի ծրագրերը ծավալով շատ ավելի փոքր են եղել՝ առավելագույնը 60-62 էջ:

Նշենք, որ կառավարության ծրագրում չկա կոնկրետություն. հայտնի չէ՝ կառավարությունն ինչ ցուցանիշներ է գրանցելու, Հ.Աբրահամյանի վարչապետությունից ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել: Միակ կոնկրետ արդյունքը, որ ակնկալվում է կառավարության ծրագրից, հետեւյալն է. «ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամի, աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»:
Համեմատության համար նշենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 5-7 տոկոս տնտեսական աճ, 8-10 տոկոսային կետով աղքատության ապահովումից, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումից բացի նաեւ խոստանում էր 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչեւ 1.8 կետով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ՝ ՀՆԱ նկատմամբ տարեկան 0.3-0.4 կետով եւ այսպես շարունակ:
Մյուս բոլոր առումներով Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի ծրագրերն իրարից առանձնապես չեն տարբերվում. նույն շաբլոն խոսքերն ու խոստումներ են: Ավելին՝ այստեղ կարելի է հանդիպել նաեւ դրույթների, որոնք նախկին կառավարության ծրագրերի տառացի կրկնությունն են՝ «copy-past» սկզբունքով: Բանը հասել է նրան,որ կառավարության ծրագրում տեղ է գտել նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, այնինչ՝ ՀՀ ՍԴ-ն այն ճանաչել էր հակասահմանադրական:
Այս ամենից բացի, Հ.Աբրահամյանը Տ.Սարգսյանի նման խոստացել է. «արժանավայել աշխատանքի ապահովում, կայուն տնտեսական զարգացմանն ուղղված աշխատուժի ընդլայնված մասնակցություն», «նոր աշխատատեղերի շարունակական ստեղծում», «Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավում, վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդում», «իրականացվելու են գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներ», «Հայաստանի մի քանի խոշոր (այդ թվում` պոտենցիալ) առեւտրային գործընկեր երկրներում հայկական առեւտրային տների ստեղծմանն աջակցություն», «արտերկրում հայկական ապրանքների առաջմղման խոչընդոտների բացահայտում եւ միջազգային համաձայնագրերում անհրաժեշտ լրացումների նախաձեռնում», «ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակներում ծնունդների նյութական խրախուսում, բազմազավակ ընտանիքների՝ որպես հասարակության կարեւորագույն օղակի, աջակցության ծրագրերի մշակում ու իրականացում» եւ այսպես շարունակ:
Միայն թե, կառավարությունը ծրագրի վերջում նշել է ռիսկերը. համաշխարհային տնտեսական աճի բացասական դրսեւորումները կարող են ազդել ՀՀ տնտեսության վրա: «Գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը կհանգեցնի մեր երկրի՝ արտահանման ենթակա ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման», «Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը՝ կախված թե գլոբալ տնտեսության բացասական զարգացումներից, թե տարածաշրջանային հակադրությունների սրացումից, թե տարածաշրջանային ինտեգրացիայի ծրագրված տեմպի փոփոխությունից, կարող են էապես դանդաղել: Արդյունքում դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտները եւ տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաեւ ՀՆԱ-ի ծրագրում ներկայացված աճի սցենարից ավելի ցածր մակարդակի ձեւավորմանը»,- նշված է փաստաթղթում: Սա նշանակում է՝ կառավարությունն ի սկզբանե խոստովանում է, որ այս ծրագիրը ձախողված է, ձախողված է նաեւ ակընկալվող 5 տոկոս տնտեսական աճը: Ի վերջո, համաշխարհային տնտեսության՝ մասնավորապես ՌԴ տնտեսության միտումները, նաեւ ՌԴ-ի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները որեւէ լավ բան չեն խոստանում, եւ ՀՆԱ-ի ծրագրում ներկայացված աճի սցենարը կանխատեսման համաձայն, ավելի ցածր մակարդակի կձեւավորվի:
Ի դեպ, կառավարությունը նաեւ խոստանում է. «Բյուջետային համակարգը եւ դրա կառավարումը կարեւոր են թե արդյունավետ ծախսային քաղաքականության, թե իշխանությունների հանրային հաշվետվողականության առումով: …Բյուջետային գործընթացների թափանցիկության եւ կատարման ընթացքի նկատմամբ բարձրացվելու է մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանը»: Սակայն նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այս ոլորտում արդեն իսկ հետընթաց է. կառավարության կայքի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում այլեւս չեն թարմացվում պետական գերատեսչությունների իրականացրած գնումների պայմանագրերը, բացի այդ՝ նախորդ շաբաթ ԱԺ-ում քննարկվում էր «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերը, որոնք ենթադրում են հատուկ պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնյաների՝ սննդի, կեցության, ուղեւորությունների մասին ծախսերի մասին փաստաթղթերը ներառել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների շարքում ու դրանք պահել: Ասել է թե՝ կառավարության ծրագիրն ու գործողությունները հակասում են իրար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս