Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարած 6 առանցքային կետերից հավանաբար ամենաառարկայականն ու կարեւորները Լաչինի միջանցքի ու ազատագրված 7 շրջանների վերադարձի հարցերն են: Ազատագրված տարածքների վերադարձի թեման մեզանում մշտապես ցավոտ է եղել՝ առաջ բերելով սուր վեճեր եւ նույնիսկ կեղծ հայրենասիրական հիստերիա: Ուորլիքի հայտարարությանը հետեւած արձագանքը եւս տեղավորվում է այս տրամաբանության շրջանակներում: Սակայն մեզ առավելապես հետաքրքրում է, թե ինչպիսի վերափոխման են ենթարկվել այս հիմնահարցերը եւ հասել ներկայիս վիճակին:
Արդ, Ուորլիքի արտահայտած բանաձեւում ասվում է. «ԼՂ շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»: Գաղտնիք չէ, որ միջազգային հանրությունը դեռ 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովից է հանդես եկել տարածքային ամբողջականության սկզբունքի գերապատվության դիրքերից: Միջազգային դերակատարներն, անշուշտ, չեն ժխտել ԼՂ ինքնորոշման իրավունքը, որը, սակայն, մշտապես ստորադասել են տարածքային ամբողջականության սկզբունքին: Մի քանի տարի առաջ գերտերությունների ղեկավարների հայտարարության մեջ էլ առաջին դիրքում հայտնվելու պատվին էր արժանացել տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչը հաստատապես պատահականության արդյունք չէր:
Ինչեւէ, անցում կատարելով ազատագրված տարածքների վերադարձի խնդրին՝ չենք կարող չնկատել, որ դա է ենթադրում փոխզիջումի բանաձեւը: Անշուշտ, եթե բանակցողը պատրաստ չէ որեւէ տարածք զիջել, նա գործ չունի բանակցային սեղանի շուրջ: Ներկայիս իշխանությունն ստեղծել էր այնպիսի թյուր տպավորություն, թե ինքը եւս փոխզիջումների պատրաստ չէ: Հիշատակելի է, սակայն, Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ ԱԺ-ում արած հայտարարությունը Աղդամի՝ մեր հայրենիքը չլինելու մասին: Ապա եւ՝ իր նախագահության առաջին տարում Սերժ Սարգսյանը սիրիական թերթերից մեկի հետ զրույցում ուղղակիորեն պատրաստակամություն էր հայտնել վերադարձնել ազատագրված տարածքները: Ուստի` կարելի է եզրակացնել, որ Հայաստանը դեմ չէ տարածքները վերադարձնելուն՝ ինչ-որ կոնկրետ ու հիմնավոր զիջման դիմաց: Ի դեպ, բանակցային գործընթացին մոտ կանգնած մի շարք գործիչներ եւս փաստում են, որ ազատագրված տարածքների հիմնական նշանակությունը հենց փոխզիջում կորզելն է:
Հայաստանի ու Արցախի միջեւ հաղորդակցական կապի մասին Ուորլիքն ասում է հետեւյալը. «Պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է ունենա բավարար լայնություն, բայց չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»: Բավականին տարօրինակ է, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել Լաչինի շրջանի վերադարձին՝ միջանցք ստանալու դիմաց: Ի վերջո, Լաչինը Հայաստանի հետ կապող այն շրջանն է, առանց որի, Ղարաբաղը կրկին շրջափակման մեջ կհայտնվի: Բավականին վտանգավոր է նաեւ Քելբաջարի վերադարձը, որը տալիս է դիրքային առավելություն ու դրա վերադարձի դեպքում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը միանշանակ առավելություն կստանա: Նկատենք, որ 1997թ. փուլային տարբերակով Լաչինի ամբողջ շրջանը, եւ ոչ թե միջանցքը, մնում էր ԼՂ կազմում՝ ձեռք բերելով միջանկյալ կարգավիճակ: Եթե այսօր Ուորլիքը հայտարարում է, որ պետք է ստեղծվի լայն միջանցք (խոսքն իրականում գնում է 40 կմ մասին), որը չի կարող ընդգրկել ամբողջ շրջանը, ապա 17 տարի առաջ ոչ ոք կասկածի տակ չէր դնում Լաչինի շրջանի հարցը: Ի դեպ, իշխանություններն իրենք էլ չեն ժխտում միջանցքի մասին խոսակցությունները, ինչի առհավատչյան է Սերժ Սարգսյանի՝ մի քանի տարի առաջ արած հայտարարությունը՝ կապված լայն միջանցքի անհրաժեշտության հետ: Նա եւս շեշտում էր ոչ թե ամբողջ շրջանը պահելու, այլ լոկ միջանցք ունենալու անհրաժեշտությունը:
Այսպիսով, ներկայիս իշխանությունների թեթեւ ձեռքով մենք բանակցային սեղանի առաջ կորցրինք ամբողջ շրջանը, մինչդեռ 1997թ. այն լիովին համապատասխանում էր անձեռնմխելի համարվող տարածքի կարգավիճակին: Ինչ վերաբերում է Քելբաջարին, այստեղ Ադրբեջանը միշտ էլ հանդես է եկել անզիջում կեցվածքով: Ղարաբաղյան բանակցություններին մանրամասնորեն ծանոթ գործիչների հավաստմամբ՝ իշխանությունները 1997թ. ձգտում էին այս շրջանը եւս ներառել ԼՂ միջանկյալ կարգավիճակի մեջ: Դա, սակայն, խափանվել էր՝ իշխանության ներսում առաջացած տարաձայնությունների պատճառով, որոնք էլ հանգեցրեցին 1998թ. պալատական հեղաշրջմանը:
Ինչեւէ, ամփոփելով Ուորլիքի հնչեցրած բանաձեւի շուրջ մեր հրապարակումների շարքը՝ հարկ ենք համարում վերահաստատել, որ նրա հայտարարություններն իրականում ընկած են «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթղթի հիմքում: Այսօր իշխանությունները բանակցային սեղանի շուրջ քննարկում են հենց ա՛յս կետերը, որոնք, հաստատապես, հայանպաստ չեն: Չնայած այս հանագամանքին՝ 1997թ. Կինոյի տանը հավաքված՝ Զորի Բալայանի ղեկավարած «մահապարտների» ձայնը չի էլ լսվում, Արցախը գործուն հակազդեցությամբ հանդես չի գալիս, իսկ զինվորականությունը հնազանդ է ռեժիմին: Այդպիսով` ստացվում է, որ երիցս իրավացի էր Տեր-Պետրոսյանը, երբ Արցախի հարցի արծարծումը իշխանափոխության գործընթացում պատրվակ էր որակում:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ