Ո՞ՒՄ ԲԱԺԻՆ ԿՀԱՍՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Համալիրի մեկնարկային գինը 19 350 000 000.0 դրամ է: Աճուրդի վերջնաժամկետը՝ մայիսի 29-ը:

ԴԱՀԿ-ի ներկայացրած նկարագրության մեջ ասվում է, որ համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7քմ է: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ եւ 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա:
Տեղեկացնենք, որ 2012 թվականից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Armlur.am-ն այս հարցի շուրջ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն նա նշել է, որ այդ հարցին բանավոր պատասխանել չեն կարող: «Մարզահամերգային համալիրի աճուրդն առնչվում է իրավական որոշակի հարցերի հետ, պարունակում է օրենսդրական նրբություններ, հետեւաբար պետք է գրավոր դիմել այդ հարցերի համար»,-նշել է Ա. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով սեփականաշնորհվել էր «ԲԱՄՕ» ընկերությանը` 2005 թվականի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչեւ 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:
Ըստ տարածված տեղեկությունների՝ ընկերության սեփականատերեր` եղբայրներ Հովհաննես, Հակոբ եւ Մուրադ Մուրադյանները, ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ կառավարությունը գումարը հատկացրել է Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Ժամանակին Մուրադյաններից Բորիս Մուրադյանը հաստատել էր նման գործարքի գոյության փաստը: Սակայն, 2009 թվականին Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար տրամադրվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատերերին, եւ 2011 թվականից սկսած վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ըստ տեղեկությունների` այդ հարցում տարաձայնություններ էին առաջացել սեփականատեր եղբայրներից հատկապես` Մուրադ եւ Բորիս Մուրադյանների միջեւ: Նշվում էր, որ ֆինանսական այդ խնդիրները լուծելու նպատակով Բորիս Մուրադյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել էր գնել Մարզահամերգային համալիրի որոշակի բաժնեմասը, ինչին դեմ էր արտահայտվել եղբայրը` Մ. Մուրադյանը: Խոսակցություններ կային անգամ, որ երկու եղբայրներն, ունեցվածքի բաժանման հետ կապված, դիմել էին դատարան:
Իսկ հիմա անդրադառնանք համալիրի վաճառքին` ներկայացնելով մշակութային աշխարհի ներկայացուցիչների կարծիքները: Ռեժիսոր Աշոտ Ադամյանին համալիրի վաճառքի փաստը չի վախեցնում: «Այլ հարց է՝ ով է գնելու շենքը, ինչպես է այն շահագործելու, արդյոք այն կօգտագործի այնպես, ինչպես հիմա են օգտագործում»:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւս մեզ հետ զրույցում կարեւորեց կառույցի հետագա ճակատագիրը: «Եթե կառույցի ապագա սեփականատերը շենքը կօգտագործի որպես մարզահամերգային համալիր, շատ լավ, իսկ եթե դա կդառնա սուպերմարկետ կամ մոլ, արդեն վատ է»,-կարծում է արվեստագետը: Մտավորականը հիշեցնում է, որ վատ նախադեպեր արդեն եղել են. որոշ կինոթատրոններ վերածվել են առեւտրային կենտրոնների, հետեւաբար դրանից խուսափելու համար անհրաժեշտ է առքուվաճառքի պայմանագրում անպայման հստակեցնել կառույցի հետագա նշանակությունը: «Պարտադիր չէ, որ կառույցը լինի պետական, քանի որ շատ պետական կառույցներ վատ են աշխատում եւ պետությունը կարող է փչացնել այն»,-եզրափակեց Բաբայանը:
Մենք զրուցեցինք նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ, ով ժամանակին սերտ կապեր ուներ համալիրիր սեփականատերերի` Մուրադյան եղբայրների հետ: Նրա կարծիքով՝ պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ խոսքը պետական կառույցի մասին է: «Ինչ խոսք, առաջնորդվում են պետական շահի գերակայությամբ»,-եզրափակեց Գեղամյանը:
Հ.Գ. Ի դեպ, նախորդ տարի հունիսի 12-ին, դանակահարված «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության գործով դեռեւս ձերբակալված չկա:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 




Լրահոս