«Ավելացնելու ոչինչ չունեմ: Դա որոշում կայացնելու հանդիպում չէր, դա ուղղակի մտքերի փոխանակության, իրավիճակի վերլուծության հանդիպում էր: Մենք բազմաթիվ անգամ երկկողմանի հանդիպումներ ենք արել, եւ որեւէ խնդիր չի եղել՝ ինչու նրա հետ, մյուսի հետ»:
Ստեփան Մարգարյան Yerkir.am
Այսինքն՝ ԲՀԿ-ական պատգամավորի խոսքից կարելի է ենթադրել, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Գ. Ծառուկյանը հաճախ են հանդիպում՝ ընդամենը մտքերի փոխանակման համար, ինչից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ՀԱԿ «սերը» զարգացման լուրջ փուլ է մտել: Եթե հիշենք էլ, որ ՀԱԿ-ը վերջին շրջանում օրակարգից հանեց «ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը…» սկզբունքը եւ այն փոխարինվեց «ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից» սկզբունքով, ապա վարկածն առավել քան հաստատվում է, նաեւ հաստատվում է, որ «սերը» փոխադարձ է, պարզապես ԲՀԿ-ական պատգամավորներն են այն փորձում ներկայացնել որպես մտքերի փոխանակություն:
«Այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են ներկայացնում գործատուներին, եւ գործատուները դրա հիման վրա իրականացնում են այդ պահանջը, քանի դեռ չկա նոր օրենսդրական փաթեթ»:
Արտեմ Ասատրյան News.am
Նույն հաջողությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել ցանկացած ոք, ով ընդամենը խոսել գիտի: Օրինակ՝ Արտեմ Ասատրյանը սկզբից կողմ էր պարտադիր կուտակայինին եւ դրա գովքն էր անում, հետո երբ վերեւից հրահանգ եկավ, նա նույն ոգեւորությամբ սկսեց ներկայացնել հակառակ տեսակետը, հիմա էլ պարզապես իշխանությունների հերթական որոշումն է փոխանցում: Ինչ վերաբերում է այս անհեթեթ որոշմանը, պահումն էլի արվում է, եւ մարդը դեռ պետք է ինքը դիմում գրի, խնդրի, որ իր աշխատավարձից չպահեն: Իսկը որ վարչապետի ասած` պարտադիր չի, այլ պարտադրված:
«Անկախ նրանից, թե մեր մասնագիտական հանձնաժողովն ինչ է ներկայացնելու, վերջնական որոշումը ՀՀ նախագահինն է լինելու: Հանձնաժողովի աշխատանքները կրելու են ՀՀ նախագահի համար խորհրդատվական բնույթ»:
Հրայր Թովմասյան «Առավոտ»
Նորություն չէ, որ մեր երկրում բոլոր հարցերում վերջնական որոշումը Ս. Սարգսյանինն է, մնացած կառույցները մեծամասամբ ձեւական բնույթ են կրում: Իսկ արդարադատության նախկին նախարարն իր պաշտոնավարության օրոք էլ առանձնապես լուրջ դերակատարում չուներ, բացի հայերենի բացատրական բառարանները ուսումնասիրելուց եւ հանրությանը «ղալաթ» բառի նշանակությունները ներկայացնելուց ու «չաթլաղի» գրառումները ճմրթելուց: Ուստի մասնագիտական հանձնաժողովի մասին իր հայտնած կարծիքներն էլ միանգամայն ավելորդ են, դրանով նա պարզապես հասկացրեց, որ անկախ Սահմանադրությունից, որոշողը Ս. Սարգսյանն է:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ