ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք համայնքապետեր բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով կասեցնել ՏԳԲ-ների լուծարման գործընթացը: Նշենք, որ այս տարվա մայիսի 15-ից տեղական գանձապետական բաժինների գործառույթները վերապահվելու են համայնքապետերին: Հաշվի առնելով այն փաստը, որ համայնքապետարանները դեռեւս ապահովված չեն համապատասխան մասնագետներով, որոնք կարող են կատարել ՏԳԲ-ների գործառույթները, այդ փոփոխությունը համայնքապետերը համարում են ժամանակավրեպ:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ Կապանի, Սիսիանի ՏԳԲ-ները մեկ ամսից ավելի է, ինչ լուծարված են: Կապանի ՏԳԲ-ի աշխատակիցները հինգն են, իսկ Սիսիանինը` չորսը: Այս ընթացքում գործազուրկ դարձած նախկին աշխատակիցներից միայն մեկին է հաջողվել աշխատանք գտնել, այն էլ` «ծանոթի շնորհիվ»:
Համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայում կատարվում են էլեկտրոնային եղանակով: Իսկ նախկինում, երբ փոխանցումներն իրականացվում էին փաստաթղթային եղանակով, այդ աշխատանքները կազմակերպում էին նշված քաղաքների տեղական գանձապետական բաժինները: Հաշվի առնելով այս իրողությունը` ՀՀ կառավարությունը շաբաթներ առաջ Ֆինանսների նախարարության առաջարկով, վերոնշյալ քաղաքների գանձապետական բաժինները հանել է նախարարության աշխատակազմի կառուցվածքից: Տրամաբանական է, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը պետք է հանգեցներ տեխնիկական աշխատանքի շեշտակի նվազման, ինչը ենթադրում է հաստիքակազմի օպտիմալացում` կրճատում եւ տեղական գանձապետական բաժինների լուծարում: Նշենք, որ աշխատանքի ամբողջական ավտոմատացման արդյունքում տեղական գանձապետական բաժինների լուծարման գործընթացը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:
Տեղական գանձապետական բաժիններում իրենց աշխատանքը կորցնող մարդիկ հիմնականում մեծ ներդրում են ունեցել գանձապետական համակարգի զարգացման գործում: Սակայն այսօր նրանք կորցրել են իրենց աշխատանքը եւ հույս չունեն, որ երբեւէ նոր աշխատանք կունենան:
ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում կա նաեւ Ստեփանավանի տարածաշրջանի Պուշկինո համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանի անունն ու ստորագրությունը: Նա նույնպես մտահոգված է ՏԳԲ-ների լուծարման գործընթացով. «Մեր հաշվապահները շատ են դժվարանում հիմա: Գոնե որոշ ժամանակ թողնեին, չլուծարեին կամ հաշվապահներին վերապատրաստման դասընթացների ուղարկեին: Մինչդեռ հաշվապահներն այս ընթացքում միայն մեկ դասընթացի են մասնակցել: Առանց այդ առաջատար մասնագետների մենք ֆինանսական կորուստներ ենք ունենում»:
Թագուհի Ստեփանյանը Մեղրիի ՏԳԲ-ի պետն է: Այս քաղաքի ՏԳԲ-ն լուծարման գործընթացում է, որի արդյունքում գործազուրկ է մնում երեք մարդ: «Բայց մինչեւ հունիսի 1-ը գործարքները կարող ենք կատարել: Մեղրիի տարածաշրջանում 13 համայնք ունենք, բոլոր համայնքապետերն էլ խոստովանում են, որ իրենց համար դժվար է լինելու: Իրենք էլ դեմ են, որ ՏԳԲ-ները փակվեն: Դեռ նախաձեռնությամբ հանդես չենք եկել, բայց մտածում ենք այդ մասին: Քանի որ համայնքապետերը հաստատ մեծ խնդիրների առաջ են կանգնելու: Բայց ինչպես միշտ, ոչ մի պաշտոնյա լսել անգամ չի ուզում այս մասին»,-հուսահատված ասաց տիկին Թագուհին: Նա մտահոգված է, քանի որ Մեղրիում աշխատատեղ չկա. «Մեղրին փոքրիկ, հեռավոր քաղաք է, որտեղից գտնենք աշխատանք: Ունեմ առաջատար երկու մասնագետ, որոնք շատ լավ տիրապետում են իրենց մասնագիտությանը, բայց այսօր ստիպված են մնալ գործազուրկ»:
Լոռու մարզի Սպիտակի ՏԳԲ-ի լուծարումից հետո եւս երեք աշխատակից գործազուրկ մնացին: Այսօր նրանցից եւ ոչ մեկին չի հաջողվել նոր աշխատանք գտնել. «Ոչ առաջարկ կա, ոչ էլ` աշխատատեղ: Սպիտակ, աղետի գոտի, քանդված, ավերված, մարդիկ էլ պարապ են: Ոչ հարցնող կա, ոչ էլ` հետաքրքրվող: Դա էր մեր աշխատանքը, այն ժամանակ գոնե ինչ-որ չափով յոլա էինք գնում, իսկ հիմա չգիտենք, թե ինչ անենք: Եթե Ստեփանավանի տարածաշրջանի համայնքապետերը դրական արդյունք ստանան, ապա մենք էլ նման քայլ կձեռնարկենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սպիտակի ՏԳԲ-ի պետ Վրեժ Թորոսյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ