ԴԱՐՁԱՎ 90 ՏԱՐԵԿԱՆ
Երեկ Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակն էր: Նա ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նրա ծննդյան անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է: Շառլի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից է, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից է, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել է Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը: Ապագա աստղը 9 տարեկանում թողել է դպրոցը՝ տարված լինելով արտիստի կյանքով: Նա սկսել է հանդես գալ այդ ժամանակից եւ շուտով վերցրել Ազնավուր բեմական անվանումը:
Շառլի աստեղային ժամը գալիս է 1946թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվում է նրան իր հետ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում շրջագայությունների տանել: Նա համաշխարհային հռչակ է ստանում 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: Մինչ այսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ: Նա արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների: Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երեւանի հրապարակներից մեկը:
ԽՈՍՏԻԿՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Երեկ նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն էր: Նա ծնվել է 1929թ. մայիսի 22-ին: 1951թ. ավարտելով Երեւանի թատրոնի ինստիտուտը՝ միանգամից անցել է աշխատանքի՝ Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում: 1984թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Նա ստեղծել է իր լավագույն կերպարները՝ Փիլո (Ն. Զարյանի «Հացավան»), Հարութ Անվերջ («Հաջի Փայլակ»), Կուչումով («Կատաղի փողեր»), Ֆուշե («Մադամ Սան-ժեն»), Ջորջ («Հիշիր վաղվա օրդ») եւ այլ ներկայացումներում: Սակայն դերասանը հատկապես սիրվել է «Նվագախմբի տղաները», «Ոսկե ցլիկը», «Դեմքով դեպի պատը» եւ մի շարք այլ ֆիլմերում փայլուն դերակատարումների համար: Ա. Խոստիկյանը մահացել է 2003 թվականին: