ԵՐԵՎԱՆԸ` ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի ամռանը ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ շատ քաղաքներում շատանալու են մոծակներն ու մլակները: Դրանք նույնիսկ փողոցում քայլելու ժամանակ կարող են մտնել մարդու քթանցքը, ականջը, աչքը, բերանը: Պատճառն այն է, որ Երեւանում սկսել է նվազել մլակներ ուտող թռչունների թիվը, քանի որ կանաչ տարածքները պակասում են, իսկ դրանց փոխարեն ավելանում են շինհրապարակները եւ էլիտար շենքերը: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը մտահոգված է. Երեւանը անապատացման ճանապարհին է, ինչի համար էլ թռչունները հեռանում են Հայաստանից:

Մասնագետի խոսքով՝ այս հարցի լուծման ճանապարհը մեկն է. «Մայրաքաղաքում պետք է լինի բնադրավայրերի հնարավորություն: Իսկ Երեւանում որտե՞ղ եք դուք տեսել այդպիսի հնարավորություն, որպեսզի թռչունները բնադրեն: Մինչդեռ այլ քաղաքակիրթ երկրներում դա կա եւ կոչվում է էկոլոգիական ճարտարապետություն: Իսկ Երեւանում չակերտավոր մեծահարուստները ծառերը կտրում են ու դրա փոխարեն տունը շրջապատում բետոնով: Հետո` ասում եք մոծակներ, մլակներ, օձեր, սողուններ: Քիմիական միջոցներով միջատների դեմ պայքարը հարցին կտա միայն ժամանակավոր լուծում»:
Ս. Ադամյանն ասաց, որ այսօր այս տեսանկյունից ավելի բարվոք վիճակում է Նոր Նորքի զանգվածը, ինչը չի կարելի ասել մյուս թաղամասերի, այդ թվում` Կենտրոն վարչական շրջանի մասին:
Ի դեպ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն դեռ ամառը չեկած արդեն ահազանգեր է ստացել Հայաստանի հանգստավայրերից մեկից` Ջերմուկ քաղաքից. այնտեղ մոծակները շատացել են: Իսկ Էջմիածնի բնակիչները դժգոհում են բնակարաններում թիթեռների ավելանալուց: Սա մասնագետն այսպես բացատրեց. «Դա կապված է կլիմայի, ջերմաստիճանի փոփոխության հետ: Դրա հետ նաեւ համպատասխան սպառող չկա: Ամեն տեղ էլ կարող է լինել»:
Խնդիրն իսպառ վերացնելու համար նախ պետք է նպաստել թռչունների բազմացմանը, բայց մեր զրուցակցի կարծիքով՝ հիմա արդեն ուշ է: «Քանի որ գյուղական ծիծեռնակների համար պետք է արդեն դրված լինեին թռչնաբներ, որոնք ավելի շատ սնվում են հենց այդ միջատներով: Եթե նկատել եք, մայրաքաղաքում տարեցտարի մանգաղաթեւերը քիչ են եւ դա է հետեւանքը, որ միջատներն ավելանում են: Բացի այդ, կլիման նույնպես կարող է պատճառ լինել, որն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Մեզ մոտ բավականին լուրջ տաքացումների տենդենց կա: Եվ սա հայտնի բան է` որտեղ ջերմաստիճանը բարձր է, այնտեղ միջատները շատ են: Իսկ սրան նպաստելու համար ընդհանրապես ի՞նչ գործունեություն է ծավալվել: Քանդվել են թռչունների բնադրավայրերը, ինչի համար էլ նրանք հեռանում են երկրից: Մարդիկ նպաստում են կենդանիների կենսամիջավայրի կործանմանը»,- մտահոգված ներկայացրեց տիկին Ադամյանը եւ ցավով հայտնեց, որ սրա փոխարեն Երեւանում ավելացել են ագռավներն ու կաչաղակները, որը կենսաբազմազանության կորուստ է:
Մեր զրուցակցի պատմելով՝ սրանից մի քանի տարի առաջ Ուջանում կային վարդագույն սարյակներ, որոնք օրվա մեջ որսում էին 1000 եւ ավելի մորեխ: Եվ դրանց նվազելու հետեւանքով Ուջանում երաշտ եղավ. մորեխները շատացել էին: Նույն միտումը շարունակվում է Երեւանում:
Բացի թռչունների կորստից, բնապահպանները մշտապես բարձրաձայնում են, որ Երեւանը անապատացման ճանապարհին է:
«Բայց քաղաքապետարանում չեն ընդունում, որ նման բան կա: Իհարկե այս ամենում միակ մեղավորը քաղաքապետն է: Օրեր առաջ իմ օտարերկրյա գործընկերներն էին եկել Երեւան: Քաղաքում շրջելու ժամանակ նրանց առաջին բառը գիտե՞ք ինչն էր. ձեր քաղաքապետը չի սիրում ձեր քաղաքը, որովհետեւ ոչ մի կանաչ չկա այստեղ: Սա քաղաք չէ այլ՝ անապատ: Թող չնեղանա Տարոն Մարգարյանը, բայց սա է իրականությունը»,- ասաց տիկին Ադամյանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ դեռեւս 5 տարի առաջ Վայոց ձորի մարզպետարանն այս խնդրի լուծման ուղղությամբ գործադրեց «թանկարժեք», բայց անհաջող ջանքեր: 2009-ին առողջարանային Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարի համար` ՀՀ կառավարությունը 52 հազար դոլար գումար տրամադրեց`շրջանցելով անգամ ֆինանսատնտեսական ճգնաժամը: Սակայն այդ գումարի մեծ մասը պարզապես գրպանվեց: Տեսնենք, թե այս տարի մեր հայրենի իշխանություններն ինչպես կպայքարեն մոծակների դեմ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս