ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական օրեր Լեհաստանում» ծրագրի շրջանակներում մայիսի 15-ից Լեհաստանի Սոպոտ քաղաքում լեհ արվեստասեր հանրությանը, ի թիվս 4 նկարիչների գործերի, ներկայացվել են նաեւ նկարիչ Արմեն Խոջոյանի աշխատանքները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արվեստագետը մանրամասնում է` Լեհաստանում ներկայացրել է գրաֆիկական աշխատանքներ, որոնցում անդրադարձել է Սայաթ-Նովային, իսկ պղինձների վրա փորագրված հեթանոսական կոլաժները նվիրված են Գրիգոր Նարեկացուն, Քուչակին եւ Աղթամարցուն:

Արմեն Խոջոյանին միայն նկարիչ անվանել նշանակում է սահմանափակել նրա ստեղծագործական ուղեծիրը: Վաղուց արդեն ստեղծագործողը նկարչի ստանդարտ պատկերացումից դուրս է, չի բավարարվում միայն կտավով ու վրձինով: Աշխատում է տարբեր նյութերով, հատկապես կոլաժները ստեղծելիս օգտագործում է կաշվե, փայտե, երկաթյա, պղնձե իրեր:
Խոջոյանի աշխատանքները ներկայացվում են ոչ միայն ցուցահանդեսներում, այլեւ մեծ պահանջարկ ունեն արվեստասեր հանրության կողմից:
Նկարիչը չի ընդունում «հայկական նկարչություն» հասկացությունը։ «Կա համամարդկային արվեստ, մշակույթ, որտեղ հայ ագզն ունի իր մեծ ու որոշակի դերը: Ով կրում է այդ մշակույթն իր մեջ, նա դրա շարունակողն է: Իսկ եթե չի կրում, ուրեմն թելերը կտրված են: Մեզ մոտ արդեն քանի տարի է` այդ վիճակն է»,- նշում է ստեղծագործողը:
-Այսինքն, կարծում եք` մեր արվեստը համամարդկային դարձնելու, ազգային շղարշը հանելու ժամանա՞կն է:
-Այո: Մենք չենք գնահատում մեր մշակույթը, չենք կարողանում դրա տերերն ու կրողները լինել: Դա է ամենակարեւոր խնդիրն արվեստում:
-Պրն. Խոջոյան, ինչով է Ձեզ համար առանձնահատուկ միջնադարը, ինչու եք հենց այդ ժամանակաշրջանին անդրադառնում:
-Դա ինձ մոտ շարունակական բնույթ ունի: Ես միջնադարյան թեմաներով վաղուց եմ ստեղծագործում, որովհետեւ պետք է անդրադառնալ մեր մեծերին, ճանաչել մեր անցյալը: Միջնադարյան մշակույթը, միջնադարյան արվեստը, անգամ այն ժամանակվա մարդկային փոխհարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա են եղել, քան հիմա:
-Հեթանոսական, մի ժամանակ էլ հնդկական թեմատիկայով գործեր էիք ստեղծում: Հետադարձ հայա՞ցք եք գցում անցյալին` փորձելով թափանցել դարերի խորքերը:
-Հնդկական էպոսի առաջին երկու գլուխը 2012-ին հայերեն թարգմանվեց: Եվ ես բախտ ունեցա այն նկարազարդելու: Այդ էպոսը մարդկության հնագույն քաղաքակրթությունն է ներկայացնում:
-Քրիստոնեական թեմաներով գործեր եւս ստեղծել եք: Քրիստոնեությունն ինչ է Ձեզ համար` կրո՞ն, արժեահամակա՞րգ, թե՞…
-Ինձ համար ապրելակերպ է: Ես կրում եմ քրիստոնեական արժեքները, ապրում դրանցով: Այն, որ քրիստոնեությունը մենք ենք առաջինն ընդունել, դա պետք է նաեւ մեր կյանքով ցույց տանք: Քրիստոնեությունը մարդու համար պիտանի արժեքներ ունի: Առաջին ու ամենամեծ արժեքը կյանքն է, որը տրված է մեզ: Այսօր ամեն ինչ անում են` մարդուն նյութականով զարմացնելու համար: Մարդը հիմա զարմացած ման է գալիս, թե որտեղից կարող է գումար գտնել ուտելու համար:
-Նյութական դաշտից ինչպե՞ս կարելի է մարդուն տեղափոխել հոգեւոր ոլորտ:
-Նախ՝ պետք է լինի նյութը, որ մարդն ազատվի դրանից ու արվեստի դաշտ տեղափոխվի: Հիմա պահանջ է դարձել ոչ միայն ունենալը, այլեւ շատ ունենալը:
-Ձեզ համար մարդ-արվեստ հարաբերություններում ի՞նչն է փոխվել:
-Ինձ համար ոչ մի բան էլ չի փոխվել: Աշխատում եմ առավոտից իրիկուն:
-Մի տեսակ իներտ եք հասարակական-քաղաքական իրադարձությունների հանդեպ:
-Չէ, իներտ չեմ: Իսկ ինչին մասնակցեմ, եթե ամեն ինչ անորոշ է: Հանրահավաքներին չեմ մասնակցում, քանի որ իմ՝ այնտեղ գտնվելու իմաստը չեմ տեսնում: Բայց ինչքան ես եմ ցավում այն ամենի համար, ինչ կատարվում է մեր երկրում, ոչ ոք այդքան չի ցավում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս