ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ եթե կալանավորի մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվում, ապա անձնակազմը պարտավոր է բուժզննություն անցկացնել: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք դա այդպես է, գործո՞ւմ է այդ օրենքը:

Լիդա Նավասարդյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչեւ բժշկի կողմից հակառակը չպահանջելը՝ նաեւ տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում եւ այդ մասին իրազեկում հիվանդին, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնին («ՀՀ օրենք ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հ.21):

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ խոսվում է կալանավորների պաշտպանված լինելու եւ դատաիրավական բարեփոխումների մասին, այդուհանդերձ թե՛ տեղական, թե՛ միջագային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները հակառակ պատկերն են արձանագրում:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ սկզբունքով է կարգավորվում ամուսինների քաղաքացիության հարցը, եւ կցանկանայի իմանալ նաեւ երեխաների քաղաքացիության ձեռքբերման գործընթացի կարգը:

Հերմինե Մամիկոնյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրացու հետ մեխանիկորեն չի հանգեցնում ամուսիններից որեւէ մեկի քաղաքացիության փոփոխման, ինչպես նաեւ ամուսիններից մեկի քաղաքացիություն փոխելը չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման: Սակայն նշված հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքացիության փոփոխման համար:
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը`օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
– նա ծնվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
– ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 2013 թվականին ՀՀ մուտք է գործել 7782 օտարերկրացի, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ուշագրավ է, որ նրանցից 5031-ը 2013 թվականին որպես ՀՀ քաղաքացի ելք է կատարել ՀՀ-ից:

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե մի քանի դիմորդ միաժամանակ հավաքել է մրցութային հավասար միավորներ, ապա նման դեպքերում ո՞ւմ է տրվում առավելություն՝ ըստ հերթականության:

Լիա Ֆեռոյան (26 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին:
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական թվերով` 2012-2013 ուսումանական տարում պետական ուսումնական հաստատություններում սովորողների թիվը կազմել է սովորողների ընդհանուր թվաքանակի 97.9%-ը կամ 361228 սովորող: Ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակն, ըստ կրթական ծրագրերի աստիճանի, բաշխվել է հետեւյալ կերպ. տարրական դպրոց՝ 0.2%, հիմնական դպրոց՝ 36.9%, ավագ դպրոց՝ 13.5%, վարժարան՝ 1.1% եւ միջնակարգ դպրոց՝ 48.4%:




Լրահոս