ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ՝ ՕԼԻԳԱՐԽ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈ՞Ր

Մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, ում բիզնես ակտիվների թվում են «Roshen» հրուշակեղենի ընկերությունը, «5 ՍՈվՈս» հեռուստատեսությունը, ավտոմեքենաների, ավտոբուսների գործարաններ եւ այլն: Այս իրողությունը տարօրինակ է այնքանով, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչին քննադատող ընդդիմության հիմնական մեխը, մինչ Մայդանի հայտնի իրադարձությունները, այն էր, որ վերջինս խոշոր օլիգարխ է, կոռումպացված է եւ այլն: Պարզվում է՝ նախագահ լինելու համար օլիգարխ լինելը պարտադիր է, բայց հարց է՝ ում օլիգարխը` Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի: Նկատենք, որ դեպի Եվրամիություն ձգտող Վրաստանում նույնպես հաղթեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը: Եվ բնական էր, որ Պորոշենկոյին Արեւմուտքն իր աջակցությունը պետք է հայտներ` ընդունելով ընտրության արդյունքները: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Ս. Լավրովն էլ երեկ հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է երկխոսել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը դեռ որեւէ դիրքորոշում չի հայտնել:
Ի դեպ, ուշագրավ է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյի՝ «Roshen» տեսակի կոնֆետների ներմուծողը եւ նրա բիզնես գործընկերը ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է: Ավելի ճիշտ՝ նրա հարազատները:

 

Պարզվում է՝ ՀՀ բյուջեի կատարողական մասով նախատեսված մի շարք ծրագրեր գերազանց են կատարվել: Իհարկե վաղ է ուրախանալը. խոսքը վերաբերում է ոչ թե տնտեսական կամ սոցիալական ոլորտներին, այլ յուրային հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ բաշխելու գործընթացին: Այսպես. նախագահի աշխատակազմը դրամաշնորհների համար նախատեսված գումարներից ծախսել է 85.8 տոկոսը. տարեկան պլանով նախագահականին պետք է հատկացվեր 329.5 մլն դրամ, բայց հատկացվել է 282.9 մլն: ԱԺ-ն դրամաշնորհ տալու համար իրեն հատկացված գումարները ծախսել է 99.7 տոկոսով. 411.6 մլն դրամից ծախսվել է 410.4 մլն-ը: Իսկ կառավարությունը դրամաշնորհի գումարների 96 տոկոսն է ծախսել. 306 մլն դրամից ծախսել է 293.8 մլն-ը: Հատկանշական է, որ նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունը այդ գումարները ծախսել է 100 տոկոսով: Հիշեցնենք, որ նախորդ տարի նախագահի աշխատակազմի դրամաշնորհները շահած գրեթե բոլոր հկ-ների հիմնադիրները նույն անձինք էին:

 

Դեռեւս 2009թ. Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրել էին միջկառավարական համաձայնագիր` Ռուսաստանի կողմից 500 մլն ամերիկյան դոլարի վարկ տրամադրելու վերաբերյալ: Վարկը տրամադրվել էր LIBOR + 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով, որից առաջին 5 տարին` արտոնյալ կարգով, այսինքն` առաջին հինգ տարվա ընթացքում պետք է վճարվեր միայն տոկոսադրույքը: 2013թ. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ վարկի մարումն արդեն ավարտվում է: Երեկ ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ռուսական վարկի «պիտանելիության» մասին հարցը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից պարզել վարկի «ճակատագրի» մանրամասները. «Չկա որեւէ մի դրամի ծախս, որի մասին տեղեկատվությունը հրապարակված չլինի, այսինքն՝ բոլոր տարիներին կատարված ծախսերը հաշվետվությունների մեջ կան»:

 

Այն, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջեւ, արդեն իսկ ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլեւ իշխանությունների համար: Առաջին ահազանգը կապված էր Արմավիրի եւ Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի անխնա օգտագործման հետ, որի արդյունքում այդ փաստերով հարուցվեցին մի քանի քրեական գործեր: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անապատացման նոր խնդիր է հասունանում, այս անգամ Էջմիածնի տարածաշրջանում: Բանն այն է, որ այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են: Իսկ ավազը, ինչպես հայտնի է, պահանջարկ ունեցող շինանյութ է: Այդ պատճառով էլ շատ գյուղացիներ, ի վիճակի չլինելով մշակել իրենց հողերը, այն վաճառում են, իսկ գնորդները հողատարածքները վերածում են ավազահանքերի, որոնց շահագործումից հետո այդ տարածքները կա՛մ անապատանում են, կա՛մ էլ` վերածվում ճահճանման լճակների: Մինչդեռ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանքավայրերի շահագործումից հետո պարտադիր պետք է կատարել բուսական շերտի վերականգնում` ռեկուլտիվացիա:




Լրահոս