ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին շնորհավորական ուղերձ հղեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ուղերձում նախագահը կարևորեց հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու երկու երկրների հանձնառությունը:
Armlur.am-ը ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանից փորձեց պարզել` Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացում սպասվում է, թե՝ ոչ:
Քաղաքագետը կարծում է, որ դեռ վաղ է դրական առաջընթացի մասին խոսելը, քանի որ Հայաստանում Ուկրանիայի դեսպանը դեռ չի վերադարձել Երևան:
«Չեմ կարծում, թե Ուկրաինան պատրաստ է, Հայաստանն էլ իր հերթին խճճվել է Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասաց քաղաքագետը:
Բացի Ռուսաստանի հետ խճճված հարաբերություններ ունենալուց` Մանվել Սարգսյանը հիշեցնում է մեկ այլ փաստ ևս. Հայաստանը ստորագրելու է Եվրասիական միության անդամակցության մասին պայմանագիրը: «Հայ-ուկրաինական հարաբերություններն այս պահին վատ են, սրանից այն կողմ ավելի վատ չի լինում»,- վստահեցնում է Մանվել Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` Պորոշենկոյին ուղղված շնորհավորանքին, Մանվել Սարգսյանն ասաց, որ այլ հարց է,թե Սարգսյանի շնորհավորանքն Ուկրաինան ինչպես է ընկալում:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ կարծում է, որ հայ – ուկրաինաիան քաղաքական և տնտեսական հարաբերությունների կարգավորման համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Բացի այդ` Ուկրաինան իրավիճակը պետք է շտկի հարավարևելյան շրջաններում: «Ասել է թե՝ Ուկրաինայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար այդ երկրի մթնոլորտն առայժմ բարենպաստ չէ»,- վստահեցնում է տնտեսագետը:
Հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս էլ տնտեսագետն ասաց, որ Ուկրաինայի հետ Հայաստանն այդքան էլ մեծ ապրանքաշրջանառություն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի ունեցել:
Բոստանջյանը համաձայն չէ, որ ՄԱԿ-ում Հայաստանի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը դեմ քվեարկելը բացասաբար է ազդել հայ-ուկրաինական թե´ քաղաքական, թե´ տնտեսական հարաբերությունների վրա:
«Ուկրաինայի ղեկավարությունը հասկանում է, որ ՀՀ-ն այլընտրանք չուներ, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանը սերտ կապեր ունի»,- եզրափակեց տնտեսագետը:
Սոնա Դավթյան