ԱՂԲԸ ԴԵԲԵ՞ԴԸ ԿԼՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից Հայաստան մտնելիս աչքի է զարնում սահման համարվող կարմջի տակ` հայկական տարածքում, առկա կենցաղային աղբի մեծ կույտը: Անցակետի արդիականացման աշխատանքների արդյունքում այդ աղբակույտին կավելանա հազարավոր տոննա շինարարական աղբ: Հայաստանի կառավարությունը Եվրամիության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կիրականացնի Վրաստանի հետ սահմանի՝ Բագրատաշենի, Գոգավանի եւ Բավրայի անցակետերի արդիականացման ծրագիր, որը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերի 1-ին: Անցակետերի  վերակառուցումը կտեւի 30 ամիս: Հունվարի 27-ին Իջեւանի «Օրհուս» կենտրոնում կայացան  անցակետերի արդիականացման հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ լսումներ: Ծրագրում գրված է, որ անցակետերի վերակառուցման ընթացքում «առաջացող շինարարական աղբը չի կուտակվի, այլ կտեղափոխվի համայնքապետարանների կողմից հատկացված աղբավայրեր»: Մինչդեռ Բագրատաշեն կամ հարեւան Պտղավան համայնքներն աղբավայրեր չունեն: Տավուշի մարզխորհրդի նիտում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ գյուղական համայնքներից  ավագանու կողմից հաստատված աղբավայր ունի միայն Ոսկեպարը: Բագրատաշենի անցակետի վերակառուցման նպատակով կառուցվելու է նոր կամուրջ, հսկայածավալ շինարարական աշխատանքներ են արվելու: Ծրագրի բնապահպանության գծով փորձագետ, հասարակական լսումներ անցկացնող  Վռամ  Թեւոսյանը մեզ ասաց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը  շինարարական աղբի կառավարման խնդիրը կլուծի Տավուշի մարզպետարանի եւ Բագրատաշենի համայնքապետարանի հետ: Հարցին, թե ինչու հասարակական լսումներ չեն կազմակերպվում, օրինակ, Բագրատաշեն համայնքում, ինչը նաեւ «Օրհուսի կոնվենցիայի» պահանջն է, փորձագետը պատասխանեց, թե հուսով է, որ մինչ ծրագրի մեկնարկը նման լսումներ կարվեն: Ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս