Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական միության անդամ:
Արդյոք Հայաստանը որևէ հետևություն պետք է անի այս հայտարարությունից, թե՝ ոչ, պարզեց armlur.am-ը`զրուցելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ:
-Պարո՛ն Իգիթյան, արդյոք Հայաստանը, որը մինչև այս տարվա հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, պե՞տք է մտահոգվի Ադրբեջանի` Եվրասիական միության հավանական անդամ դառնալու հանգամանքով:
-Ադրբեջանը Եվրասիական միությանն անդամակցելիս պետք է առաջնորդվի տնտեսական իր շահերով: Մինչ այդ հայտարարությունը, ես Ադրբեջանի կողմից որևէ ցանկություն չեմ նկատել Եվրասիական միությանն անդամակցելու համար: Ռուսական կողմն է նման առաջարկ անում կամ ճնշում Ադրբեջանին` Եվրասիական միությանն անդամակցելու համար:
-Ռուսաստանի ճնշումներն ի՞նչ նպատակ են հետապնդում:
-Ռուսաստանը, հասկանալով որ ԱՊՀ համակարգն այլևս արդիական չէ ու չի գործում և՛ որպես տնտեսական, և՛ որպես քաղաքական մարմին, Ռուսաստանը փորձում է բևեռ ստեղծել, մասնավորապես՝ նախկին ԽՍՀՄ տարածքում հիմնել տնտեսական, բայց իրականում քաղաքական մարմին: Չեմ բացառում, որ Ռուսաստանը կընդլայնի Եվրասիական տնտեսական միությունը` իր կազմում ընդգրկելով նաև ասիական այլ երկրներ:
-Ասել թե` վերականգնվում է նախկին ԽՍՀՄ-ը կամ միգուցե ԽՍՀՄ-ից ավելի ուժեղ և կայուն կառույց է ստեղծվում:
-Այո, բայց կհաջողվի Ռուսաստանին դա, թե՝ ոչ, այլ հարց է: Իմ կարծիքով՝ արհեստածին է Եվրասիական միությունը, քանի որ Ռուսաստանը փորձում է ներգրավել այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ խնդիրներ ունեն: Եթե մի մարմին կառուցվում է ոչ թե գաղափարախոսության, գլոբալ շահերի, այլ՝ իրավիճակային խնդիրների և առճակատման հիմքի վրա, դա երկար գոյատևել չի կարող:
-Իսկ մե՞ծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կանդամակցի Եվրասիական միությանը, առավել ևս, եթե մինչ այժմ, ինչպես ասացիք, նա նման ցանկություն չի հայտնել, և Ռուսաստանն է միությանն անդամակցելու առաջարկով հանդես եկել:
-Արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ դառնալ եվրասիական միության անդամ և իր արտաքին առևտրային քաղաքականությունը տալ մի մարմնի, որտեղ ինքը որևէ ազդեցություն չի ունենալու մաքսատուրքերի վրա: Ադրբեջանը պետք է նման հաշվարկ անի: Իսկ քաղաքական առումով՝ չգիտեմ՝ ինչ ճնշումներ են լինելու Ադրբեջանի վրա կամ ինչ խոստումներ են տրվելու Ադրբեջանին Ռուսաստանի կողմից:
-Պարո՛ն Իգիթյան, քանի որ, կարծես թե, մեծ է Ռուսաստանի ցանկությունը Եվրասիական միության կազմում տեսնել նաև Ադրբեջանին, բնականաբար, օգտագործելով այդ առիթը, Ադրբեջանը որոշակի նախապայմաններ առաջ կքաշի և արդեն առաջ քաշել է: Խոսքը վերաբերում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, թե Հայաստանը կարող է Եվրասիական միությանն անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը:
-Նախ ասեմ, որ չկան ՄԱԿ-ի կողմից հստակեցված սահմաններ, հատկապես, երբ երկիրը մտնում է տնտեսական մի միավորի կազմի մեջ: Նման հարց չի եկել, երբ մենք 11 տարի առաջ անդամակցել ենք ԱՀԿ-ին: Բացի այդ` հնարավոր չէ, որ Հայաստանն ու Արցախն ունենան մաքսակետ կամ սահմանի վրա բյուրոկրատական քաշքշուկներ լինեն:
Զավեշտալի է, բայց եթե Հայաստանն ու Ադրբեջանը միասին մտնեն Եվրասիական տնտեսական միություն, ապա Եվրասիական միության արտաքին սահմանը պետք է անցնի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին սահմանով: Ներքին սահմանների խնդիրը միանգամից դուրս է գալիս, ինչպես հիմա Բելառուսն ու Ռուսաստանը չունեն սահման: Դա նշանակում է, որ ըստ Եվրասիական միության պայմանագրի՝ ցանկացած հայկական ապրանք անարգել պետք է մտնի Ադրբեջան: Սա տեսականորեն այսպես է, բայց թե հետագայում ինչպես կլինի, չգիտեմ:
-Հայաստանը, դառնալով Եվրասիական միության անդամ, արդյոք գործիք չի՞ դառնում Ռուսաստանի ձեռքին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, եթե Բաքուն անդամակցի Եվրասիական միությանը:
-Հայաստանն արդեն գործիք է Ռուսաստանի ձեռքին: Ես չգիտեմ` էլ ինչ չարեց Ռուսաստանը Հայաստանի հետ: Դուք ճիշտ եք մի հարցում. Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կլինի Ռուսաստանի ձայնը Եվրասիական տնտեսական միության կազմում, ինչու չէ, նաև Հայաստանի ձայնը կօգտագործվի Ադրբեջանի դեմ, եթե Ռուսաստանի շահը դա պահանջի:
-Որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ` ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանն առանց Արցախի:
-Ես մինչ այդ պահը չեմ լսել որևէ հայտարարություն, որով Սարգսյանը կպատասխաներ Նուրսուլթան Նազարբաևին: Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է երիտհանրապետականների հետ հանդիպման ժամանակ: Պարզ է, որ Հայաստանն առանց Արցախի պետք է մտնի Եվրասիական տնտեսական միություն, բայց պարզ է նաև, որ Հայաստանը գրավոր պետք է ներկայացնի այն պայմանը, որով մենք պետք է տնտեսապես հարաբերվենք Արցախի հետ: Այսինքն` պետք է նշված լինի, որ Հայաստանի ու Արցախի սահմանում մաքսակետ չպետք է լինի:
Սոնա Դավթյան