ԱՅՍՕՐ ՏՈՒՆ ՈՒՆԵՍ, ՎԱՂԸ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եկան, տնիցս վռնդեցին, ասեցին` պետական կարիքների համար ա, չնչին գումար տվեցին, որով նույնիսկ քաղաքի մերձակա տարածքներում բնակարան չէի կարող գնել: Հազիվ կարողացա Չարբախում մեկսենյականոց բնակարան գնել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր պատմությունը ներկայացրեց պետական կարիքների զոհերից Էմմա Խնկոյանը:
72-ամյա Էմմա Խնկոյանն ապրում էր Նալբանդյան 18 հասցեում, որտեղից պետական կարիքների համար նրան ստիպել են դուրս գալ` դիմացը տալով չնչին փոխհատուցում: Տրված փոքր գումարով տարեց կինը կարողացել է Շիրակի թաղամասում հազիվ մեկսենյականոց բնակարան գնել, որտեղ էլ ներկայումս ապրում է  իր որդու հետ: Տիկին Էմման մեզ հետ զրույցում պատմեց, որ տանտիրոջ հետ համաձայնության գալով` նոտարի ներկայությամբ 26/09/2011թ. տունը գնելու հետ կապված պայմանագիր են կնքել: Սակայն սեփականաշնորհման փաստաթղթերը ստանալու համար 3 ամիս անց` հունվարի կեսերին, գնալով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանում` տիկին Էմման տեղեկացել է, որ ուշացել է: «Պայմանագիրը կնքելիս ինձ չեն զգուշացրել, որ 30 օրվա ընթացքում պետք է գնայի կադաստր սեփականաշնորհման համար: Որ իմանայի էդպես է, սողեսող էլ կգնայի, իսկ հիմա ինձ ասում են, որ այս կնքված պայմանագիրն առ ոչինչ է»,-նշեց տիկին Էմման:
Նրա հավաստմամբ` կնքելով պայմանագիրը` նոտար Սվետլանա Բադիրյանը 72-ամյա կնոջը մատչելի չի բացատրել կամ ընդհանրապես չի նշել, որ սեփականաշնորհման համար պետք է ներկայանալ պայմանագիրը կնքելուց հետո 30 օրվա ընթացքում, այլապես պայմանագիրը չեղյալ կհամարվի: Ընդգծենք որ Էմմա Խնկոյանն ունի լուրջ առողջական խնդիրներ` չի կարողանում ազատ շարժվել, միայն դեղերի օգնությամբ է մեծ դժվարությամբ քայլում: Նաեւ պատճառը դա է եղել, որ ավելի շուտ չի ներկայացել սեփականաշնորհման փաստաթղթերը ստանալու համար:
«Ես 22.000 դոլար «ՎՏԲ» բանկի միջոցով տան համար փոխանցել եմ Ամերիկա` տանտիրոջը, իսկ հիմա ասում են, որ պայմանագիրը չեղյալ է, ինչպե՞ս կարող է դա համարվել առ ոչինչ: Հո մի զույգ կոշիկ չե՞մ գնել, տուն է` պատսպարվելու համար, էս ցրտին ընկել եմ փողոցները»,-տարակուսում է  տիկին Էմման:
Սեփականաշնորհման հարցը լուծելու համար առողջական խնդիրներ ունեցող մեծահասակ կնոջից նորից գումար են պահանջում, որը, տիկին Խնկոյանի հավաստմամբ, կազմում է մոտավորապես 100.000 դրամ: «Հիվանդ տղայիս տանը թողած, ես էլ հիվանդ վիճակում քարշ եմ գալիս փողոցներում: Դիմում գրեցի կադաստրին սեփականաշնորհման փաստաթղթերը ստանալու համար, գրանցելու համար նորից ուղարկել են նոտարի մոտ, հետո նորից ուրիշ տեղ, փողեր ա, որ պետք ա մուծեմ: Թոշակառու կին, ինձ որտեղի՞ց էդքան գումար, որ պահանջում են»,-բողոքում է տարեց կինը:
Ստացվում է, որ նոտարի անուշադրության պատճառով 72-ամյա թոշակառու կինը պետք է նորից գումար վճարի: ՀՀ արդարադատության նախարարը վերջերս շատ է խոսում նոտարական գրասենյակների աշխատանքի թափանցիկության մասին, լավ կլինի, որ նա ուշադրություն դարձնի նաեւ նոտարների կողմից հատկապես նման դեպքերում դրսեւորվող բարեխղճության պակասին:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս