ԱՂԻ ԲԼԻԹ` ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է  փետրվարի 4-ին: Ս. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Նա սիրո երազանքն իրականացնող  Սուրբ է:
Ժողովրդական սովորություններից է նաեւ, երբ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատուհանագոգին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, եւ ում մատուցարանի միջի ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:
Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Փետրվարի 4-ին Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժ. 21:00-ն:
Հետաքրքիր է իմանալ, իսկ որքանո՞վ են տոնից տեղյակ հայտնի մարդիկ:

ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ

-Իհարկե գիտեմ, թե դա ինչ տոն է, եւ մասնակցություն պետք է ունենամ համերգային ծրագրին, որը հենց նվիրված է սիրո տոնին: Տարիներ շարունակ նշում էինք Սուրբ Վալենտինի օրը, որը մեր սուրբն էլ չէր: Ուրախ եմ, որ բացահայտեցինք մեզ համար Ս. Սարգսի տոնը: Նա մերն է, ու մենք հենց այդ պետք է նշենք որպես սիրո տոն:
Չէի ասի, որ տոնի խորհրդին հետեւում եմ, այսինքն` ալյուր չեմ դնում պատուհանագոգին, բացիկներ չեմ նվիրում, բայց անկեղծ ասած, անցած տարի աղի բլիթ փորձել եմ, մայրիկս անակնկալի բերեց, երբ տվեց ինձ: Ասեմ, որ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, երեւի տրամադրվածությունից է նաեւ: Ոչ մի երազ չտեսա: Իմ ծանոթների մեջ եղել են մարդիկ, որ երազում տեսել են իրենց ապագա կնոջը կամ ամուսնուն:
Իմ կյանքում սիրո տոնը միշտ շատ յուրօրինակ ու յուրահատուկ եմ անցկացրել: Եղել է տարի, որ սեր ասվածը չի եղել, բայց այդ օրը սիրով լցված է եղել: Պատահել են նաեւ տարիներ, երբ սիրահարների օրը վառ անակնկալներով է եղել, ապա խոստովանություն եմ ստացել… Դրանից էլ բողոքներ չունեմ, բայց ես դեռ սպասում եմ, որ կգա ամենակարեւոր սիրո օրն ինձ համար: Չգիտեմ` այս տարի աղի բլիթ կուտեմ, թե ոչ: Համենայնդեպս, դեռ սպասում եմ այն միակին ու անկրկնելիին, որ գալու է ու կոչվելու է իմ ասպետը:

ԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
-Տոնի մասին տեղյակ եմ, բայց ինքս երբեք չեմ կերել աղի բլիթ ու չեմ հետեւել տոնի հետ կապված ինչ-որ բաների: Չնայած ունեմ քույրեր, որոնք պարտաճանաչ դա արել են, բայց ես չեմ կերել: Աղի բլիթն ինձ համար նախախնամության, սնահավատության պես մի բան է: Չեմ հավատում նման բաների: Ինքս այդ օրը երազներ չեմ տեսել, բայց մայրիկս պատմել է, որ ինքը տեսել է երազում մի տղայի, ամեն դեպքում, պապան չի եղել:
Ես ավելի շատ Սուրբ Վալենտինն եմ նշում, հավաքվել ենք թե՛ դասարանով, թե՛ կուրսեցիներով: Մեծ սիրո տոն դեռ չեմ ունեցել իմ կյանքում, մեծ սերը սպասվում է: Տեղյակ եմ նաեւ, որ այդ օրը երիտասարդները գնում են օրհնություն ստանալու, բայց ես չեմ գնացել ու չեմ էլ պատրաստվում: Կնախընտրեի ավելի կարեւոր բաների համար գնալ եկեղեցի, քան հենց այդ օրվա կապակցությամբ:
Սերը ցանկացած մարդու համար երջանկություն է, մանավանդ, երբ մարդ իրեն լիարժեք է զգում այդ սիրո մեջ: Սերն ամեն ինչ է, եթե փոխըմբռնում ու հարգանք կա իրար նկատմամբ: Սիրահարներին կմաղթեմ, որ հասկանան ու գիտակցեն, որ ընտրել են իրենց իրական երկրորդ կեսին ու նրա հետ երջանիկ լինեն մինչ կյանքի վերջ:
Իսկ միայնակ սրտերին էլ կասեմ` մի՛ հուսահատվեք, դուք կգտնեք ձեր երկրորդ կեսին:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս