ՍԵՎ ԱՄՊԵՐ՝ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ Ուկրաինայում հայ գործարարի են սպանում: Առաջին սպանված հայ գործարարն ապրում էր Ղրիմում, երկրորդը` Դոնեցկի մարզում:

Ուկրաինայում օր օրի ահագնացող պատերազմական իրավիճակում, երբ յուրաքանչյուր պահի զոհվում են խաղաղ բնակիչներ, զինյալներ, դրանց զուգահեռ տեղի են ունենում նաեւ քրեական հանցագործություններ` սպանություններ, որոնց, ցավոք, զոհ են գնում նաեւ հայ գործարարներ: Ու ցավալին այն է, որ այս սպանությունները երբեւէ չեն բացահայտվելու, ու այդպես էլ չարագործները մնալու են անպատիժ:
Այս տարվա փետրվարի 24-ին, Ղրիմում, Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դանակի 6 հարվածից ու հրազենի 3 կրակոցից սպանվեց 47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը կարծիք էր հայտնել, որ գործարարի սպանությունը պայմանավորված էր նրա բիզնես գործունեության հետ, եւ ազգային հողի վրա կատարված սպանության մասին խոսելն անիմաստ է: Դեպքից անցել է 3 ամիս, սակայն մինչ օրս ոչ ձերբակալված կա, ոչ էլ անգամ կասկածյալ:
Հայ գործարարի հերթական սպանության դեպքը գրանցվեց մի քանի օր առաջ՝ մայիսի 21-ին, Դոնեցկի մարզում: Ուկրաինական լրատվամիջոցներում դեպքից հետո, տեղեկություններ տարածվեցին, որ Դոնեցկի շրջանում զինյալները սկսել են ոչնչացնել քրեական այն տարրերին, ովքեր չեն ցանկանում ֆինանսական օգնություն տրամադրել անջատողական ուժերին:
Իսկ ավելի ուշ ոստիկանները Դոնեցկի մարզի Կազյոնի Տորեց գետում հայտնաբերեցին հայ գործարար Ռոբերտ Մելոյանի դին: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության՝ Դոնեցկի զինյալ անջատողականները պահանջել են, որ Մելոյանն իրենց ֆինանսավորի, բայց վերջինս հրաժարվել է եւ սարսափելի խոշտանգումներից հետո նրան սպանել են: Դոնեցկի իրավապահները Մելոյանին համարում էին քրեական հեղինակություն:
«Ժողովուրդ»-ը գործարարի սպանության շուրջ զրուցեց Դոնեցկի մարզի հայ համայնքի նախագահ Գագիկ Աղավելյանի հետ: Ըստ համայնքի նախագահի՝ Մելոյանի սպանությունը Ղրիմի գործարարի սպանության հետ համեմատել պետք չէ. «Ղրիմի հայ գործարար Ճորոխյանի սպանության ժամանակ Հայաստանում եմ եղել, անձամբ նաեւ ճանաչել եմ նրան: Նրանց սպանությունները պետք չէ համեմատել եւ այստեղ համեմատելու բան էլ չկա, քանի որ չգիտեմ՝ Ճորոխյանի դեպքն ինչով էր պայմանավորված, բայց Մելոյանը հաստատ ֆինանսական խնդիրներ չուներ»:
Մեր այն հարցին, թե ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության, Դոնեցկի զինյալ անջատողականները պահանջել են, որ Մելոյանն իրենց ֆինանսավորի, բայց վերջինս հրաժարվել է եւ նրան սպանե՞լ են, Աղավելյանը պատասխանեց. «Չեմ կարող ոչինչ ասել, պատասխան չունեմ եւ ի վիճակի էլ չեմ ասել, քանի որ այստեղ շատ մեծ հարցեր կան: Ես անձամբ եմ Մելոյանի դին ուղարկել Հայաստան: Նա որպես մարդ շատ արտակարգ անձնավորություն էր։ Որպես քրեական հեղինակության կամ զինյալ անջատողականների հետ կապված խնդրի մասին ոչինչ չեմ կարող ասել: Պետք է նշեմ նաեւ, որ նա թշնամիներ չի ունեցել: Նրա կինը` Անահիտը, համալսարանում դասախոս է աշխատում, իսկ աղջիկը Ֆրանսիայի Օքսֆորդի համալսարանում է սովորում: Շատ կրթված ընտանիք է ու կատարվածը իր ընտանիքի համար շատ մեծ հարված էր»:
Ըստ մեր զրուցակցի՝ Մելոյանը երբեք իր խնդիրների մասին ոչինչ չի ասել, քանի որ ոչ մի խնդիր չի ունեցել. «Իսկ այլ բան ինձ հայտնի չէ, ընտանիքն էլ ոչինչ չգիտի, թե ինչի հետեւանք էր սա»,- ասաց համայնքի ղեկավարը:
Օտար հողում հայ գործարարների չբացահայտված սպանությունների շարքն այսքանով չի ավարտվում: Սպանություններ են տեղի ունենում նաեւ ոչ պատերազմական շրջաններում: 2013թ. հունիսի 11-ին Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ իր մեքենայից իջնելիս դիմակավորված անձի կողմից սպանվեց «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը: Նշենք, որ Մուրադյան եղբայրներից առավել հայտնի է Մուրադ Մուրադյանը, ով այժմ Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դեսպանը կարծիք էր հայտնել, որ սպանության կծիկը գնալով բացվում է եւ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն: Շուտով կլրանա գործարարի սպանության մեկ տարին, սակայն այս գործով նույնպես ոչ մի առաջընթաց չկա, մինչ օրս ձերբակալված կամ կասկածյալ անձ չկա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս