ԼԱՎՈՒԹՅՈՒՆ` ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ
Մայիսի 15-ից Տավուշի մարզպետի պաշտոնում Արմեն Ղուլարյանին փոխարինել է Հովիկ Աբովյանը: Իսկ Արմեն Ղուլարյանը նշանակվել է քաղաքաշինության փոխնախարար: Մինչ մարզպետի պաշտոնից հեռանալը Ղուլարյանը հասցրել է իր ենթականերին պետական բյուջեի հաշվին լավություններ անել: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից (tavush.gov.am) տեղեկանում ենք, որ մայիսի 13-ին Արմեն Ղուլարյանի կարգադրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը պարգեւատրվել են իրենց մեկ ամսվա պաշտոնական դրույքաչափով՝ համապատասխանաբար 212 հազար, 190 հազար 400 եւ 153 հազար 600 դրամի չափերով: Գումարները հատկացվել են մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի «Այլ վարձատրություններ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին: Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, պաշտոնական մեկ դրույքաչափով պարգեւատրվել էին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը եւ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը: Մարզպետի պաշտոնը լքելու նախաշեմին՝ մայիսի 13-ին, Արմեն Ղուլարյանը որոշում է ընդունել մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանին շնորհել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
ՄՆԱՑ ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԻ ՀԱՐՑԸ
2013թվականի սեպտեմբերի 24-ին Նոյեմբերյան քաղաքում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոստացել էր կենտրոնի ջրամատակարարման հարցը լուծել ջրի բաք տեղադրելով, քանզի Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուրը մատակարարվում է օրական ընդամենը մի քանի ժամ: Ամիսներ շարունակ այս հարցի շուրջ մեր բազմաթիվ հրապարակումներից հետո, ի վերջո, նախարարի խոստումը կատարվեց. համալիր կենտրոնում տեղադրվեց ջրի բաք: Սակայն դրանով համալիրի խնդիրները չավարտվեցին. մասնավորապես կենտրոնի գործարկումից 9 ամիս անց դեռ լուծված չէ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո ջրհորդաններից թափվող ջրերը լցվում են շենքի հիմքերը՝ խարխլելով կառույցը: Բացի այդ, կենտրոնում այցելուների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքը դեռ ամբողջությամբ չի գործում, շենքը չունի պահակ, եւ նման այլ բազմաթիվ հարցեր:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ