«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է Հովիկ Աբրահամյանի եւ ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 2008թ. հոկտեմբերի 9-ին: Փաստաթուղթը հեղինակել է նախկին դեսպանը: Զրույցի շրջանակներում կողմերը գլխավորապես քննարկել են ներքաղաքական իրավիճակը: Կենտրոնական թեման է եղել Մարտի մեկի բացահայտման անհրաժեշտությունը, միջազգային կառույցների հետ հարաբերություններն ու իշխանությունների գործողությունները: Յովանովիչը տեղ-տեղ հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով ու հակադարձումներով՝ ուղղված Աբրահամյանի պնդումներին:
Այսպես. Հովիկ Աբրահամյանն ի սկզբանե հայտարարել է, որ Հայաստանն ակտիվորեն աշխատում է «Մարտի 1-ի թիկունքում թաքնված ճշմարտությունը վերհանելու ուղղությամբ»: Ներկայիս վարչապետը վստահեցրել է, որ իշխանությունները թաքցնելու ոչինչ չունեն: Նրա պնդմամբ՝ իրենք նաեւ չեն վախենում ամբողջական ճշմարտության վերհանումից: Հ.Աբրահամյանը հավելել է, որ «խորհրդարանական հանձնաժողովը (խոսքը Նիկոյանի հանձնաժողովի մասին է-հեղ.) եւ Փաստահավաք խումբը բավականին լավ են աշխատում արդյունքների հասնելու համար»: Նա նկատել է, որ կառավարող կոալիցիան չունի գաղտնի պարտավորություն՝ որեւէ փաստ հանրությունից թաքցնելու համար: Նա պնդել է, որ Մարտի 1-ի գործով ձերբակալվածների դատավարություններն ընթացել են հարթ ու արդյունավետ եւ մեղադրյալների մեղավորությունը գնահատվել է ըստ արժանվույն: Աբրահամյանը վստահեցրել է, որ «դատական նիստերի հետաձգումների միակ մեղավորը մեղադրյալներն են՝ հատկապես «7-ի գործով», ովքեր փորձում են խանգարել լսումները եւ կանխել դատավարության ընթացքը»: Նա նշել է, որ այսպիսի գործողություններն առաջին հերթին հենց ընդդիմադիրների դեմ են աշխատում, քանզի ձերբակալվածներին ավելի շատ մտահոգում է քաղաքական դիվիդենտներ շահելը, քան իրենց բարեկեցությունն ու օրինական շահերը: Ավարտելով իր միտքը՝ Աբրահամյանը նկատել է, որ «ծայրահեղ ընդդիմությունը վճռական է տրամադրված իրավիճակը շահարկելու գործում, որի հիմնական նպատակը սեփական քաղաքական հետաքրքրությունների բավարարումն է»:
Հովիկ Աբրահամյանն իր դժգոհությունն ու անհամաձայնությունն է արտահայտել հնարավոր համաներման կապակցությամբ: Նա ասել է, որ «դեռ պետք է դատարանները հասնեն վճռի կայացմանը, եւ դրանից հետո միայն նախագահը կարող է վերանայել՝ արդյոք ներումը, թե համաներումն է ավելի հարմար գործիք»: Նա նկատել է, որ Սերժ Սարգսյանը արդեն ներում է շնորհել բազմաթիվ ձերբակալվածների, ովքեր ընդունել են իրենց մեղքը, զղջացել ու ներման խնդրագրերով դիմել Սարգսյանին: ԱԺ նախկին խոսնակն ընդգծել է, որ ինքը կողմնակից է ներման խնդրագրերով ազատ արձակելու միջոցին, քանզի համաներումն ավելի մասշտաբային է ու դրանից կարող են օգտվել իրական վնասարարները եւ անկարգություններ հրահրող հանցագործները, ովքեր ոչ մի կապ չունեն ընդդիմության հետ: Ի դեպ, շատերը կհիշեն, երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դիմել է Սերժ Սարգսյանին համաներման խնդրանքով: Ականատեսն ենք իշխանության գործողությունների հերթական հակասականությանը, երբ բարձրաստիճան պաշտոնյան նույն դեպքի կապակցությամբ իրար լիովին հակառակ տեսակետներ է արտահայտում: Համաներման առթիվ Աբրահամյանը հայտարարել էր հետեւյալը. «Այս քաղաքական իրավիճակում համաներումը երկար սպասված եւ միանգամայն արդարացված քայլ է: Թաքցնելու բան չկա, այն ունի թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական նշանակություն: Այն նաեւ նոր ազդակ կարող է դառնալ հանրային նպատակադրումները միայն դեպի առաջ եւ դեպի զարգացում ուղղորդելու նպատակի իրագործման ճանապարհին»: Հետաքրքիր է, ինչպիսի պատկերացում կարող է կազմել, օրինակ, նույն ամերիկացի դիվանագետը, երբ անձնական զրույցի ժամանակ Աբրահամյանի մոտ տեսնում է մերժողական կեցվածք, մինչդեռ ԱԺ ամբիոնից լսում է մարդասիրության ու զարգացման մասին ճոռոմաբանություն: Հատկանշական է, որ ամերիկացի դիվանագետն այստեղ մեկնաբանություն է թողել, ըստ որի՝ ընդդիմադիրներից ինքը տեղեկացված է, որ «այդ թալանչիները ոչ մի կապ չունեն ցուցարարների հետ եւ դրանք իրականում իշխանության սադրիչներն են եղել, որոնց հրահանգված է եղել խանութները թալանելու ու մեքենաները այրելու գործողությունները՝ արդարացնելու արտակարգ դրություն մտցնելու որոշումը»: Նման պնդումների փաստարկումների շարքում դեսպանն առանձնացնում է հետեւյալ պարագաները. 1) թալանն ու մեքենաների այրումը տեղի է ունեցել հանրահավաքի վայրից բավարար հեռավորության վրա՝ մոտավորապես 1 կմ, 2) այն տեսանկարահանումները, որտեղ երեւում է, որ կարճ ժամանակում տվյալ հատվածից ոստիկանական մեծաթիվ ուժեր են հեռացվում ու րոպեներ անց հայտնվում են համեմատաբար փոքր խմբով երիտասարդ խուլիգաններ, որոնք սկսում են հրահանգավորված գործողություններ՝ մեքնենաների այրում ու խանութների կոտրատում:
Զրույցի ավարտին Հ.Աբրահամյանը հաղորդել է ԵԽԽՎ զեկուցողներ Ջ.Պրեսկոտի ու Ժ.Կոլումբիեի հետ իշխանությունների ունեցած փոխզիջումային պայմանավորվածության մասին: Ըստ այդմ՝ իրենք խոստացել են վերանայել այն քրեական հոդվածները, որոնցով անցնում են ձերբակալվածները, ինչի փոխարեն ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում չի զրկվի ձայնի իրավունքից: ԱԺ նախկին նախագահը նշել է, որ զեկուցողները քննադատաբար են մոտեցել քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներին՝ զանգվածային անկարգությունների ու պետական իշխանության բռնազավթման մասին՝ նշելով, թե դրանք խախտում են եվրոպական իրավական ստանդարտները: Դեսպանն ինքն էլ է ավելացնում, որ «այդ հոդվածներն անհստակ են ու դիտորդի համար հնարավորություն չեն ստեղծում տարբերակելու այն իրավական տարրերը, որոնք պիտի ապացուցվեն՝ հաստատելու ամբաստանյալի մեղավորությունը»: Զեկուցագրի շրջանակներում Յովանովիչը մեջբերում է Պրեսկոտի խոսքը, ըստ որի՝ «դատախազները, թվում է, ոչ մի իրական ապացույց չունեն մեղադրյալների մեղքը ապացուցելու համար, բացի իշխանությունների պնդումներից»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ