ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե կոնկրետ ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

Ալիկ Եղիազարյան (52 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռների արտահանման համար անհրաժեշտ են.
1. ՌԴ արտահանելիս անասնաբուժական սերտիֆիկատի առկայության դեպքում (այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են ՌԴ լիազոր մարմնի երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում):
2. ԵՄ արտահանելիս առողջության սերտիֆիկատի առկայության դեպքում (ապրանքատեսակները եւ կազմակերպությունները սահմանվում են ԵՄ լիազոր մարմնի կողմից):
3. ՀՀ ԳՆ սննդամթեքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի առկայության դեպքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստաթղթերի ցանկը հստակ ներկայացված է, մնում է գործել օրենքի շրջանակներում ու նախքան արտահամունը ծանոթանալ գործող կարգին:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները եւ ինչպե՞ս են ընդունվում անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության որեւէ խումբ սահմանելու որոշումները:

Վահագ Սիրադեղյան (59 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով ԲՍՖ-ի արդյունքներից, հիմք ընդունելով անձի օբյեկտիվ զննումն ու բժշկական հետազոտման արդյունքները:
1- հաշմանդամության – I խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից), 2- հաշմանդամության II խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ), 3- հաշմանդամության III խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ հաշմանդամության դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետեւյալ կերպ. 1-ին խմբի հաշմանդամի համար՝ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով: 2-րդ խմբի հաշմանդամի համար՝ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ 3-րդ խմբի հաշմանդամի համար՝ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

 

 

ՀԱՐՑ. Մարդիկ համատարած խուսափում են մայիս ամսին ամուսնանալ: Հետաքրքիր է իմանալ, ի՞նչն է պատճառը: Վերջերս լսեցի, որ քահանան իր դստերն ամուսնացրել է հենց մայիսին: Այս երեւույթն ավելի շատ սնոտիապաշտությո՞ւն է, թե՞ իրականում չի թույլատրվում մայիսին ամուսնություններ գրանցել:

Տիգրանուհի Բադալյան (28 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մայիսին ամուսնությունից խուսափելը սնոտիապաշտութուն է: Մարդիկ այդպես վարվելով ցանկանում են խուսափել վնասներից՝ տարբեր անհաջողություններից: Մինչդեռ հանգամանքները մարդու ձեռքում են: Չէ՞ որ Աստված պատվիրեց մարդուն. «Աճեցեք եւ բազմացեք եւ լցրեք երկիրը ու տիրեցեք դրան»: Ուրեմն երկրի վրա ամեն ինչ մարդու իշխանության տակ է, այդ թվում եւ ժամանակը, թե երբ ամուսնանա: Եկեղեցական կամ կրոնական կանոնները հենց եկեղեցին է սահմանում: Բնականաբար, եթե վստահում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երկուհազարամյա փորձին, ուստի պետք է նաեւ վստահությամբ պահենք նրա կանոնները, որոնք, մենք՝ հայ քրիստոնյաներս, պարտավոր ենք իմանալ հենց եկեղեցուց եւ մեր նախնիների հոգեւոր գրական ժառանգությունից: Ուրեմն, ակտիվորեն մասնակցեք Սուրբ Եկեղեցու արարողական կյանքին եւ միայն հեռուստատեսությամբ մի բավարարվեք:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած Աստված պատվիրել է ամուսնանալ եւ բազմանալ, սակայն մեր երկրում տարեցտարի գործընթացը զարգանում է հակառակ ուղղությամբ: Օրինակ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ընդամենը 9217, իսկ 2013թ.՝ զզգալիորեն քիչ՝ 8822 ամուսնություն:

 




Լրահոս