Մի հին իրական պատմություն կա. Լոնդոնում հանդիպում են երկու աշխարհահռչակ գրող` սարսափելիորեն նիհարակազմ Բերնարդ Շոուն եւ սարսափելիորեն գեր Օնորե դը Բալզակը: Նայելով անգլիացի մեծ գրողին` Բալզակն ասում է. «Սը՛ր, Ձեզ նայելիս կարելի է ենթադրել, որ Անգլիայում սով է»: Սրախոս Շոուն պատասխանում է. «Այո՛, պարո՛ն, Ձեզ նայելիս էլ կարելի է ենթադրել, որ դրա պատճառը Դուք եք»: Այս պատմությունն արդիականանում է, երբ նայում ես Կովալենկո Շահգալդյանին, ապա հայացք հառում Կոտայքի մարզին. հենց մարզպետ Կովալն է դարձել այս մարզի գլխավոր դժբախտությունը, նրա հետընթացի ու տեղապտույտների գլխավոր մեղավորը:
Օրնիբուն զբաղված լինելով անձնական հարստությունների բազմապատկմամբ` այս մարդը ոչ թե հոգ է տանում մարզի մասին, այլ չարչարվում է միայն այն բանի համար, որ որդին ամրապնդի իր դիրքերը Չարենցավանի քաղաքապետի պաշտոնում, եւ իր արբանյակները մշտապես ղեկավարեն մարզի գլխավոր համայնքները: Դարվինը ճիշտ էր` բնության մեջ տեսակները միավորվում ու ոչնչացնում են մյուս տեսակներին: Հիմա Կովալի գերխնդիրն է դարձել Կոտայքի մարզը վերածել միջնադարյան ավատատիրության` իր կիսատ-պռատ բդեշխիկներով ու քեդխուդաներով: Դե ինքն էլ գլխավոր բդեշխն է, որն ընդամենը սովորել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի մեխանիկական բաժնում, մեկ էլ` արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման կոոպերատիվ ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում: Այսինքն` մի կրթությունը հեռակա, իսկ մյուսն էլ մասնավոր բուհում: Ավելին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Կովալը կոոպերատիվ համալսարանն ավարտել է 1996-ին, երբ «Հայավտո» ԲԲԸ-ի տնօրենն էր, ուրեմն այս մի կրթությունն էլ, ինչպես ասում են, որեւէ բանի նման չէ:
Չունենալով մասնագիտական կրթություն` այս մարդը 1963-ից աշխատել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանում որպես կոնստրուկտոր, ապա` բուհի դիպլոմը 1969-ին ստանալուց հետո` արտադրամասի պետ: 1974-ին էլ աշխատանքի է անցել Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում, այստեղ էլ ամեն ինչ սկսել է «ստորին» օղակներից` լինելով վարպետ, իսկ դրանից հետո էլ` գործիքային, դարբնոցային եւ հավաքման արտադրամասերի պետ: Հետագայում իր կյանքը կապել է «Հայավտո» միավորման հետ` աշխատելով որպես արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ: 1992-ին նշանակվել է «Արմավտո» ԲԲԸ գործադիր տնօրեն: Երկու տարի Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո` 2001-ին, նշանակվել է Կոտայքի մարզպետ: Այսպիսով` նա Հայաստանի հնագույն մարզպետն է: Եւ հնագույն լինելով` մեծ սեր ունի հնի ու ավերածությունների հանդեպ: Մարզկենտրոն Հրազդան մտնելիս արդեն զգում ես, որ սա անտերունչ «մայրաքաղաք» է, որի միակ մշակութային օջախում բացակայում են… հանդիսատեսների համար նախատեսված աթոռները, ուստի համերգներն այստեղ միշտ բացօթյա են կազմակերպվում:
Կովալենկո Շահգալդյանն, իհարկե, իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է ահռելի չափերի հասնող սեփականություն դիզել, իր հարազատներին տեղավորել բարձր պաշտոններում` օգտվելով ծառայողական դիրքից եւ երկրի իշխանությունների հետ ունեցած սերտ հարաբերություններից: Այսպես, բացի այն, որ նա տղային «տուրուդմփոցով» դարձրել է Չարենցավանի քաղաքապետ, նաեւ փեսային` Հրանտ Կարապետյանին է նշանակել տվել Շիրակի մարզի հարկային տեսչության պետ: Կովալենկո Շահգալդյանի հարազատ քույրը` Գայանե Շահգալդյանը, Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն է, քեռու երկու աղջիկները` Չարենցավանի թիվ 1 եւ 6 դպրոցների տնօրենները: Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ հարցերով վարչության պետը` Սամվել Հակոբյանը, նույնպես նրա ազգականն է, իսկ նրա որդին` Վահե Հակոբյանը, Չարենցավանի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետն է` քաղաքի գլխավոր ճարտարապետը:
Հիշատակենք նաեւ Կովալենկո Շահգալդյանի մեքենայություններից մեկի մասին. դեռեւս 2007թ. կառավարության պահուստային ֆոնդից թիվ 997 որոշմամբ 100 մլն դրամ էր տրամադրվել Չարենցավան քաղաքին: Այդ գումարից 60 մլն դրամը նախատեսվել էր բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար, 22 մլն դրամը` ասֆալտապատման, իսկ մնացած 18 մլն դրամն էլ պիտի ծախսվեր փախստականների թաղամասի գազաֆիկացման նպատակով: Հատկացված 60 մլն դրամով պիտի նորոգվեին շուրջ 43 շենքի հարթ տանիքներ, սակայն այդ աշխատանքները չեն կատարվել: Կառավարությանը ներկայացված կատարողական ակտում Կ. Շահգալդյանը ներկայացրել է ինչ-որ թվեր, համաձայն որոնց` ամեն ինչ կատարված է: Սակայն իրականում վերանորոգվել է ընդամենը 22 շենքի հարթ տանիք, այն էլ էժանագին նյութերով, որոնք ձեռք են բերվել Շահգալդյաններին պատկանող արհեստանոցներից: Բնակիչներից շատերից էլ յուրաքանչյուր շենքի համար հավաքվել է 300.000-ական դրամ, ինչը, սակայն, կառավարությանը ներկայացված կատարողականում չի նշվել: Ի դեպ, գումարների հավաքագրմամբ զբաղվել են մարզպետարանի աշխատակիցները, ինչն էլ նշանակում է, որ ամեն ինչ արվել է Կովալենկո Շահգալդյանի գիտությամբ: Պատահական չէ, որ բնակիչներն ասում են, թե Կովալը ռեկետ է արել: Համաձայն Կովալենկո Շահգալդյանի ներկայացրած կատարողական ակտի` յուրաքանչյուր շենքի համար ծախսվել է 1 մլն 850.000 դրամ (այն ժամանակվա` 1 ԱՄՆ դոլարը 300 դրամ փոխարժեքով), սակայն իրականում մեկ շենքի վրա կատարած աշխատանքները, ըստ մասնագետների, չեն գերազանցում 300.000 դրամը: Այսինքն` ճիշտ այն գումարի չափը, որքան հավաքել են որոշ շենքերի բնակիչներից»:
Մարզպետության շրջանում Շահգալդյանը հասցրեց Երեւանից մինչեւ Կոտայք ձեռք բերել ահռելի ունեցվածք, սեփականաշնորհել «Հայավտո»-ն` այսպես պետական պաշտոնը համատեղելով բիզնեսի հետ: Բա մեր երկրում որեւէ վարչապետ կամ տարածքային կառավարման նախարար չի՞ տեսնում, որ այս մարզպետն արդեն անցել է թույլատրելիության բոլոր սահմանները, կտրատել Ծաղկաձորի անտառներն ու կառուցել մի վեհաշուք հյուրանոց` անունն էլ կնքելով «No problem»: Ասենք, ինչո՞ւ ենք հիշատակում տարածքային կառավարման նախարարի անունը, երբ Արմենչիկն է Շահգալդյան ընտանիքի հովանավորը, հենց նա կարողացավ չգոյացնել Սաշիկ Աֆյանին Կոտայքի մարզպետ նշանակելու խոսակցությունները: Իհարկե, ասում են, որ Արմեն Գեւորգյանը մի մտերմիկ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել Կովալին որդու «սեփականությունը» դարձած Չարենցավանից ընտրվել ԱԺ պատգամավոր եւ հինգ տարի էլ անցկացնել խորհրդարանում` հովանավորելու համար սեփական բիզնեսը, բայց Կովալը շատ ավելի հակված է այն բանին, որ որդի Սուրենը նորից պատգամավոր դառնա, իսկ ինքն էլ պաշտոնանկության դեպքում ստանձնի Չարենցավանի կառավարումը: Այդ դեպքում արդեն հարց կառաջանա փոխել Չարենցավանի անունն ու դարձնել Կովալավան…
Բայց այլ լուրեր էլ կան այն մասին, որ պատգամավոր են ուզում դառնալ հայր եւ որդի` առաջադրվելով թիվ 25 եւ 31 ընտրատարածքներում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Կովալը սկսել է մաս-մաս վաճառել «Հայավտո»-ն, որպեսզի փող հավաքվի` ընտրակաշառքներ բաժանելու համար: Բացի այդ, այս օրերին ակնհայտ քարոզչություն իրականացնելով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի օգտին` ընդհուպ աշխատանքից ազատել տալով մյուս թեկնածու Սասուն Միքայելյանի համախոհներին` Կովալը հույս ունի, որ Արամ Դանիելյանն էլ, քաղաքապետ դառնալով, իրեն պիտի օգնի: Ինչ խոսք, հաշվի առնելով այն փաստը, որ Կովալի քաղաքական «կնքահայրն» ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀԿ շտաբի ղեկավար նշանակված Հովիկ Աբրահամյանն է, Կովալն իր ապագայի մասին մտահոգվելու տեղիք ունի: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը ՀՀԿ-ում այնքան էլ լավ չեն. նա դադարել է վայելել Սերժ Սարգսյանի վստահությունը եւ ներկայումս ՀՀԿ-ից քշվածների ցուցակում առաջինն է: Հետեւաբար, նա դժվար թե կարողանա Կովալին օգնել առաջիկայում պահել մարզպետական աթոռը, դրա համար էլ Կովալը պիտի մնա Արամ Դանիելյանի ու նրա «ռանգի» ՀՀԿ-ականների աջակցության հույսին:
ԿՈՏԱՅՔԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ