Աստանայում երեկ կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո արդեն բոլորի համար ակնհայտ դարձավ, որ մեր երկիրը գտնվում է վատ, շատ վատ վիճակում: Եթե մինչեւ երեկվա նիստն այնուամենայնիվ դեռ հույսեր կային, որ հնարավոր է Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել առանց Ղարաբաղից տարանջատվելու, ապա երեկ, արդեն, այդ հույսերն ի դերեւ եղան:
Կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է աննախադեպ բարդ իրավիճակում, երբ դեպի Եվրոպա կամուրջները եթե չեն այրվել, ապա համենայնդեպս` չափազանց երերուն են դարձել` որեւէ ձեւով ԵՄ-ին ասոցացվելու համար, եւ արդեն, բնականաբար, առանց Ղարաբաղի: Իսկ Եվրասիական միությունում էլ, ինչպես երեկ արդեն հստակ ասվեց, չեն պատրաստվում «նյարդայնացնել» իրենց սիրելի գործընկերոջը` Ադրբեջանին:
Եթե Սերժ Սարգսյանի սիրելի շախմատային տերմինոլոգիայով ձեւակերպենք` ՀՀ իշխանությունների չհաշվարկված քաղաքական խաղի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն այսօր հայտնվել է քաղաքական ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած ուղղությամբ կատարվելիք քայլն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղի շահերի վնասմանը:
Սակայն եթե շախմատում ցուգցվանգից ելք չկա, ապա քաղաքական գործընթացներում ելք միշտ կա` եթե, իհարկե, կա իրական քաղաքական դաշտ: Եվ այս առումով` իրավիճակը փրկող ելքերը մի քանիսը կարող են լինել` սկսած նույն Սերժ Սարգսյանի հրաժարականից, ավարտած Ղարաբաղի անկախության ճանաչմամբ: Բայց քանի որ Հայաստանում վաղուց արդեն չկան իրական քաղաքական գործընթացներ եւ ինքնուրույն քաղաքական դերակատարներ, վիճակը գրեթե օրհասական է դառնում:
Հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, երբ բոլորի համար տեսանելի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այլեւս «հարց լուծող» չէ, անխտիր ՀՀ բոլոր քաղաքական ազդեցիկ ուժերը լծվեցին Ռուսաստանի եւ անձամբ Վլադիմիր Պուտինի անթաքույց քծնանքին: Բանն այնտեղ է հասել, որ նրանցից ոմանք ջանք չեն խնայում արդարացնելու Պուտինի քամահրական վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, երբ վերջինս Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորելով Ադրբեջանին` հարկ չէր համարել նման մի ուղերձ էլ հղել հայ ժողովրդին:
Որքան էլ ցավալի է, սակայն պետք չէ զարմանալ դրա վրա: Սերժ Սարգսյանն այսօր ընդամենը քաղում է իր ցանածի պտուղները: Ի վերջո, հենց իր բազմամյա ջանքերի արդյունքում է, որ ՀՀ քաղաքական դաշտը վերածվել է այսպիսի «հաճախորդաց տան»: Պարզապես, հիմա «հաճախորդներն» արդեն նոր տեր ունեն: