ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՈՎ

Մայիսի 15-ին Արմեն Ղուլարյանի փոխարեն Տավուշի մարզպետ է նշանակվել Հովիկ Աբովյանը, ով մինչ այդ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետն էր: Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ անցած 2 շաբաթում նոր մարզպետը կադրային որեւէ փոփոխություն չի կատարել:

ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՎ ԵՐԹԵՎԵԿԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի՞Ց

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում 4 տեղ ավիատոմսեր են վաճառվում: Վրաստանի տարածքում տեղի ունեցած փլուզման, ռուս-վրացական սահմանի՝ Վերին Լարս անցակետի փակ լինելու պատճառով վերջին շրջանում ավիատոմսերի վաճառքի ծավալներն աճել են: Ավիատոմսերի վաճառքի կետերից մեկի աշխատող Գոհար Զալինյանից տեղեկացանք, որ մինչեւ հունիսի 5-6-ը դեպի Ռուսաստան չվերթերի էժան տոմսերը սպառված են: Նրա խոսքերով՝ Վերին Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները բարձրացել են մոտ 10 եվրոյի չափով: Սովորաբար ավիատոմսերի գները կրկնակի թանկ են նույն ուղերթի ավտոբուսների տոմսերից: Ավիատոմսերի վաճառքի կետերում նաեւ ավտոբուսների տոմսեր են վաճառվում: Վաճառքի կետ մտած մի նոյեմբերյանցի հարցրեց, թե ե՞րբ է Վերին Լարսով ավտոբուսների երթեւեկը վերականգնվելու: Գ. Զալինյանն ասաց, որ հունիսի 1-ին «Քինգ դելյուքս» ընկերության ավտոբուսը մեկնելու է եւ իրենք տոմսերը վաճառում են: Թերահավատ եղանք, որ մինչեւ հունիսի 1-ը մեծ փլուզման հետեւանքները կվերացվեն եւ ճանապարհը կբացվի: Զալինյանն ասաց՝ հնարավոր է, որ այդ ընկերության ավտոբուսների մի մասը գտնվում է փլվածքի մյուս կողմում, եւ ուղեւորները հասնելով փլուզման վայր, որոշ հատված հաղթահարեն ոտքով, ապա մյուս կողմում նորից ավտոբուս նստեն: Ավտոբուսի տոմս հարցրած նոյեմբերյանցին զգուշավորություն ցուցաբերելով՝ տոմս չգնեց՝ ասելով, որ ինքը կսպասի հունիսի 1-ին եւ կհամոզվի՝ առաջին ուղերթը հաջողությա՞մբ է կատարվել: Ավիատոմսեր վաճառողին հարցրինք՝ ինչպե՞ս էր լինում, որ հաճախ մեր հայրենակիցներին Վերին Լարսից հետ էին ուղարկում՝ Ռուսաստան նրանց մուտքի արգելքի պատճառով: Տիկին Գոհարն ասաց, որ Հայաստանում հեռախոսային հաղորդագրությունների միջոցով ճշտվում է՝ տվյալ անձն իրավունք ունի՞ Ռուսաստան մուտք գործել, թե՝ ոչ: Սակայն հաճախ «խոպանչիներ»-ը ցանկալին իրականության տեղ դնելով՝ մուտքի իրավունքի վերաբերյալ հարցում կատարելիս իրենց ազգանունը ներկայացնում են ոչ այնպես, ինչպես գրված է անձնագրի մեջ, այլ՝ ռուսերեն թարգմանությամբ: Այդ պատճառով էլ Վերին Լարսում ստուգում կատարելով՝ նրանց հետ էին ուղարկում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս