ԻՆՉՈ՞Ւ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԽՈՍԵՑ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՈ՞Ւ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԽՈՍԵՑ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

Հայ հանրությունը խորապես վրդովված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունից եւ մինչ այս պահը Սերժ Սարգսյանի կամ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանի բացակայությունից: Բոլորին է հուզում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր Ալիեւի նամակից եւ ինչո՞ւ որեւէ կերպ չարձագանքեց Նազարբաեւի պահվածքին հենց այդ պահին: Մի կողմ թողնենք տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականների ոչինչ չարժեցող պատասխաններն ու հոխորտանքները Նազարբաեւի հասցեին՝ իրենց զրոյական քաղաքական ազդեցությամբ, ու նշենք հետեւյալը.
Աստանայում Սերժ Սարգսյանը չպատասխանեց Նազարբաեւին, քանի որ նա միայնակ էր եւ անպատրաստ: Միայնակ՝ ոչ թե ֆիզիկական իմաստով, քանի որ Է. Նալբանդյանը նրա կողքին էր, այլ՝ որովհետեւ պատկան մարմինները` ԱԳՆ-ն, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ նախագահի աշխատակազմի, խորհրդականների ու վերլուծական կենտրոնների ուղեղները, բանակցությունների նախօրյակին չէին մատուցել օրակարգին առնչվող ողջ տեղեկությունը, չէին վերլուծել ու կանխատեսել հնարավոր ռիսկերը, հնարավոր հարցադրումները: Բացի այդ, ՀՀ հատուկ ծառայությունները պետք է տեղյակ լինեին Ալիեւի նամակի մասին, որպեսզի պետության ղեկավարը կարողանար արձագանքել ցանկացած անակնկալ հարցի, այլ ոչ թե հենց սեղանի շուրջ ուշադրությունը լարեր, որ լսեր, թե ինչ է կարդում Նազարբաեւը: Իսկ Նալբանդյանը, իրոք որ զուր էր նստել, դեռ մի բան էլ խանգարում էր, որ Սերժ Սարգսյանը շփվեր ՌԴ փոխվարչապետի հետ:

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրը՝ ժամը 14.00-ին, «Հրաշալի քառյակ»-ը կրկին որոշել է հանդիպել: Այս անգամ հանդիպումը կայանալու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Մեր տեղեկություններով՝ օրակարգում հիմնականում լինելու է մեկ հարց. հստակեցնել եւ հրապարակել այն պահանջները, որոնք Քառյակը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարությանը: Բանն այն է, որ Քառյակում միասնական որոշում չկա, քանի որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռեւս ցանկանում են սպասել կառավարության գործունեությանը 100 օր, իսկ ՀԱԿ-ն ու «ժառանգություն»-ն առաջարկում են ավելի կտրուկ լինել, հանրահավաքներ անցկացնել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չհերքեց մեր այս տեղեկությունները. «Ես արդեն ասել եմ, որ Քառյակը սիամական երկվորյակ չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները նույնը լինեն: Քառյակի սեփականություն են դառնում այն որոշումները, որոնք ընդունվում են կոնսենսուսով, 4 ուժերի համաձայնությամբ»:

 

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայքը մեկ ամիս է, ինչ չի թարմացվել: Վերջին լուրը, որ տեղադրված է այս կայքում, Արթուր Բաղդասարյանի՝ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարականի մասին է: Ընդ որում, լուրը պատմում է Բաղդասարյանի՝ ապրիլի 25-ի ասուլիսից դրվագներ, որտեղ նա հայտարարել էր հրաժարականի մասին: Մինչդեռ նկատենք, որ Բաղդասարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացրել է ավելի ուշ, եւ ապրիլի 30-ին եղել էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Ի դեպ, չնայած հիմա Բաղդասարյանն այլեւս ԱԽՔ պաշտոնը չի զբաղեցնում, սակայն կայքի առաջին էջում շարունակում է պահպանվել Ա.Բաղդասարյանի ողջույնի խոսքը, որտեղ նա ներկայացված է որպես ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Թեեւ, եթե անկեղծ լինենք, ապա այդ մարմինը վաղուց ի վեր դադարել է լուրջ գործոն լինելուց:

 

«Ժողովուրդ»-ը ՀՀ մտավոր սեփականության գործակալության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հանքային եւ սովորական ջրերի համար «Արարատ» անունով ապրանքային նշանը զարմանալիորեն պատկանում է երկու տարբեր ընկերությունների: Նույն անունը 2007-ին գրանցել է «Արարատ-գրուպ» ՍՊԸ-ն, ապա 2011-ին՝ նույն անունն արդեն դատարանի միջոցով «սեփականաշնորհել է» «Սիլ կոնցեռն» ընկերությունը: «Արարատ-գրուպ»-ի ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ «Սիլ կոնցեռն»-ի նման վարքագիծը, հավանաբար, ոչ թե նոր բիզնես հիմնելու նպատակ է հետապնդում կամ ներդրումների միջոցով նոր աշխատատեղերի ստեղծում, այլ՝ հանքային ջրերի եւ զովացուցիչ ըմպելիքների շուկայում նոր ընկերության մուտքը խոչընդոտելը»: Մինչդեռ «Սիլ կոնցեռն»-ի տնօրեն Էդգար Մկրտչյանը պնդում է, թե «2013-ին մենք գրանցումը ստացել ենք եւ ունենք համապատասխան վկայագրեր»: Այսպիսով, «Արարատ»-ը դատարանի վճռով երկու սեփականատեր ունի:

 

 




Լրահոս