ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տվյալ պահին ունեմ սպառողական երկու վարկ: Դրանցից մեկի մուծման ընթացքում ունեցել եմ ուշացումներ եւ հիմա հայտնվել եմ «սեւ ցուցակում»: Ցանկանում եմ կնքել հիփոթեքային վարկի պայմանագիր, սակայն բոլոր բանկերը հրաժարվում են կնքել ինձ հետ նման պայմանագիր: Խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է, որ որեւէ բանկ ինձ հետ վարկային պայմանագիր կնքի, եթե վերոնշյալ վարկային պայմանագրից բխող բոլոր պարտավորությունները կատարվեն: Նշեմ, որ ունեմ կայուն բարձր աշխատավարձ:

Սամվել Օհանյան (35 տարեկան, ապրանքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Իսկ ձեր կողմից մատնանշված հանգամանքների վերաբերյալ կարող ենք նշել, որ դրանք հանդիսանում են լրացուցիչ չափանիշներ ձեր վարկունակությունը գնահատելու հարցում:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ամենայնի` մեզ դիմած քաղաքացին առաջիկա տարիներին չի կարողանա վարկ ձեռք բերել` «սեւ ցուցակում» հայտնվելու պատճառով, անգամ` եթե մարի, ավարտի իր ներկայիս վարկային պարտավորությունները:

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում համայնքների խոշորացման գործընթացը:

Գագիկ Գալստյան (58 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրության շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը՝ կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:
Ներկայում շրջանառվում է համայնքների խոշորացման երկու սցենար՝ «փնջային» եւ «շրջանային»:
Խոշորացման գործընթացը ենթադրում է հետեւյալ փուլերը.
-համայնքների խոշորացման երկու սցենարի համապատասխան հիմնավորումների նախապատրաստում, շահառու համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների վերհանում,
-համայնքների խոշորացման երկու սցենարի շուրջ բազմաոլորտ մասնագիտական քննարկումների եւ անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթի մշակման համար փորձագիտական խմբի ստեղծում,
-համայնքների խոշորացման երկու սցենարի վերաբերյալ մշակված առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը,
-ընտրված խոշորացման տարբերակի քննարկում համայնքների բնակիչների, մարզային համայնքային պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ հանրային լսումների կազմակերպում,
-ընտրված խոշորացման տարբերակի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի՝ մասնավորապես ՀՀ վարչատարածքային բաժանման մասին, ՀՀ տեղական ինքնակառավարման մասին, Ընտրական օրենսգրքում եւ այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում եւ ընդունում,
-ընտրված խոշորացման տարբերակի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթի ներկայացում ԵԽ-ի փորձագիտական եզրակացության,
-խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեների կազմակերպում եւ անցկացում,
-օրենսդրական փաթեթի ընդունում ՀՀ ԱԺ-ի կողմից,
-նոր կազմավորվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում եւ անցկացում,
-վարչատարածքային նոր բաժանման կիրարկում, ներդրումային ծրագրերի իրականացում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, որ կառավարությունը հնարավորն է անում գյուղական բնակավայրերի բնակչությանը խոշորացման առավելությունները ներկայացնելու համար, սակայն վերջիններս չեն համաձայնում ընդունել այդ փոփոխությունը` հավանաբար գիտակցելով այն թերություններն ու դժվարությունները, որոնք կառաջանան խոշորացման արդյունքում:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան օտարերկրյա պետությունների բուհերում կրթաթոշակային տեղերի մրցույթին մասնակցել:

Տիգրան Համբարձումյան (28 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում են՝
ա) դիմում հասցեագրված մրցութային հանձնաժողովի նախագահին, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
բ) դիմում-հարցաթերթիկ (ըստ ներկայացված ձեւի),
գ) կրթության վկայականի եւ ներդիրի պատճենը նոտարական վավերացմամբ, իսկ կրթաթոշակ հատկացնող երկրի պահանջի դեպքում նաեւ ավարտական դասարաններում կամ կուրսում սովորողները առաջադիմության թերթիկի կամ ակադեմիական տեղեկանքի թարգմանությունը նոտարական վավերացմամբ,
դ) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
ե) 3×4սմ չափսի լուսանկար (ըստ պահանջվող քանակի),
զ) անձնագրի պատճենը
է) ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները ներկայացնում են նաեւ մասնագիտական ռե?ֆերատ պահանջվող լեզվով, անհրաժեշտության դեպքում համառոտագրությունը հայերեն լեզվով,
ը) այլ փաստաթղթեր, եթե դրանք պահանջվում են կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից,
թ) դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:
Դիմորդները նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:
Բացառիկ դեպքում (հիվանդության, հանրապետությունից բացակայելու եւ այլն) դիմորդը կարող է ներկայացնել փաստաթղթերը ներկայացուցչի միջոցով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ հայ ուսանողները բացի այստեղ ուսում ստանալուց, դրսում սովորելու տարբերակներ էլ են փնտրում: Ավելացնենք, որ, օրինակ, 2011-2012 ուսումնական տարում Հայաստանից այլ երկրներ սովորողների արտահոսքը կազմել է 5081 հոգի կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.3%-ը:

 




Լրահոս