ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կազմն այսօր բավականին հետաքրքիր կազմ ունի, եւ բացի այդ, անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է այն ձեւավորված: Առանցքային պետական բարձրաստիճան պաշտոնյաներից բացի ԱԱ Խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների ղեկավարները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը, եւ սա այն դեպքում, երբ երկու կուսակցություններն այլեւս իշխանության մաս չեն կազմում:
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ձեւավորում է ՀՀ նախագահը: Այսօր խորհրդի կազմում ընդգրկված է 14 հոգի՝ ՀՀ նախագահը, ով նաեւ ԱԱԽ ղեկավարն է, ԱԺ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, ՀՀ պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ոստիկանապետը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաեւ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Եթե պետական առանցքային պաշտոնյաների ներկայությունն ԱԱԽ-ում տրամաբանական եւ անհրաժեշտ է, ապա անհասկանալի է, թե այս մարմնում ինչո՞ւ հենց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ու ՕԵԿ նախագահն են ընդգրկված: Ի վերջո, խորհրդարանում այսօր կա 6 քաղաքական ուժ, եւ նրանցից միայն մեկն է իշխանություն՝ ՀՀԿ-ն, իսկ մյուսները՝ ոչ. ԲՀԿ-ն իրեն հայտարարել է այլընտրանք, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը՝ ընդդիմադիր: Հետեւաբար, որեւէ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում խորհրդարանական վեց ուժերից միայն երկուսի ներկայությունը:
Այս հանգամանքն առավել ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում. 2008թ. մայիսին, երբ 4 կուսակցություններ ձեւավորեցին իշխող կոալիցիա, բոլոր չորսն էլ ներկայացուցիչներ ունեին ԱԱԽ կազմում. ՀՀԿ-ից երկրի առաջին երեք դեմքերն էին, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանն էր, ով նշանակվել էր ԱԱԽ քարտուղար, ԲՀԿ-ից ԱԺ եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ավետ Ադոնցն էր (հետո, երբ Ադոնցը նշանակվեց Բելգիայում ՀՀ դեսպան, ԱԱԽ-ում նշանակվեց Ծառուկյանը), ՀՅԴ-ից՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը: Սակայն 2009թ. ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո, երբ նախորդ գումարման խորհրդարանում Արմեն Ռուստամյանը շարունակեց պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ, Սերժ Սարգսյանի՝ 2009թ. մայիսի 6-ի հրամանագրով, այդ պաշտոնը հանվեց ԱԱԽ կազմից: Ասել է թե՝ ընդդիմադիր ՀՅԴ-ն այն ժամանակ այլեւս տեղ չուներ ԱԱԽ-ում:
Հետեւաբար, այսօր էլ տրամաբանական կլիներ, եթե ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց հետո Ս.Սարգսյանի հրամանագրով ԱԱԽ-ում չլիներ Ծառուկյանը, իսկ ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալուց հետո՝ նաեւ Ա.Բաղդասարյանը, ով հրաժարական էր ներկայացրել ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Մյուս կողմից, սակայն, շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե ԱԱԽ կազմում ընդգրկված լինեին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից: Ի վերջո, խորհրդարանական բոլոր ուժերն էլ իրավունքներ ունեն տեղյակ լինելու ազգային անվտանգությանը վերաբերող հարցերին, բացի այդ՝ որպես օրենսդիր իշխանության մաս, բոլոր պատգամավորներն էլ ի պաշտոնե առնչվում են, ծանոթանում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին: Եվ վերջապես, ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանն ինքն էր հայտարարել, որ իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն. «Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը»:
Ի դեպ, քաղաքական ուժերի՝ առանց խտրականության ԱԱԽ կազմում ընդգրկելու առումով հատկանշական է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1991թ. դեկտեմբերի 13-ի հրամանագրով ԱԱԽ կազմը ձեւավորվել էր ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներից, այլեւ՝ այնտեղ ընդգրկված էին խորհրդարանական բոլոր ուժերի՝ ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ կուսակցությունների՝ Գերագույն խորհրդի խմբակցությունների լիազոր ներկայացուցիչները (ՀՅԴ-ն 90-ականներին արմատական ընդդիմություն էր): Իսկ Քոչարյանը, իր՝ 1998թ. հունիսի 12-ի հրամանագրով, ԱԱԽ-ն ձեւավորել էր միայն բարձրաստիճան պաշտոնյաներից:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին. «Ի պատասխան ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին ուղարկված Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ԱԱԽ կազմում ընդգրկվել է որպես «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ: Նույն սկզբունքով ԱԱԽ կազմում ընդգրկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը»: Իսկ թե ինչո՞ւ միայն այս երկու կուսակցությունների նախագահներն են ընդգրկված ԱԱԽ կազմում եւ այնտեղ չկան խորհրդարանական մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, նախագահականից պատասխանեցին. «ԱԱԽ-ն խորհրդակցական մարմին է, որը համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի՝ կազմավորվում է ՀՀ նախագահի հայեցողությամբ»:
Փաստորեն, ԱԱԽ կազմավորման հիմքում չկա որեւէ տրամաբանություն, այլ դա Ս.Սարգսյանի միանձնյա ցանկությունն ու որոշումն է:
Ի դեպ, այս սկզբունքով, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հայեցողությամբ ԱԱԽ կազմում մի օր էլ ընդգրկվի Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը. ի՞նչ իմանաս:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ