ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես է որոշվում բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքի դատական կարգով դադարեցման դեպքում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:

Սիմոն Սահակյան (38 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար՝ բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխհատուցման հաշվարկման չափը նախատեսված է երեք տարվա համար եւ պարզ ներկայացված է նաեւ մակերեսի հաշվարկը: Հուսանք՝ այս պարզաբանումը որեւէ կերպ կօգնի մեզ դիմած քաղաքացուն:

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, կա՞ն դեպքեր, երբ հողերի կատեգորիաների փոփոխման անհրաժեշտություն է առաջանում:

Խաչիկ Համբարյան (62 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողերի կատեգորիաների փոփոխումը իրականացվում է հողերի օգտագործման եւ շահագործման պայմաններն իրենց նպատակային նշանակությանը համապատասխանեցնելու նպատակով:
ա) Մինչեւ համայնքի գլխավոր հատակագծի հաստատումը համայնքի վարչական տարածքում հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման կամ կառուցապատման մասին պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ, հողերի նպատակային նշանակության փոփոխությունները ՀՀ կառավարության սահմանած կարգով հաստատում է համայնքի ավագանին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով` ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:
Նպատակային նշանակությունների փոփոխումը այն համայնքներում, որտեղ չկա հաստատված գլխավոր հատակագիծ, սահմանվել է ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ:
բ) Գլխավոր հատակագիծը սահմանված կարգով հաստատվելուց հետո համայնքի վարչական տարածքում հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու միջոցով` ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման կարգով նախատեսված պահանջներին համապատասխան:
գ) Կադաստրային հատակագծերում եւ քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման արդյունքում նպատակային նշանակության փոփոխման գործընթացն իրականացվում է 2010թ. հունիսի 1-ի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի N186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում եւ քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի պահանջներին համապատասխան:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ հողային օրենսգիրքը մանրամասն կերպով սահմանում է հողերի նշանակության փոփոխման հետ կապված բոլոր հարցերը, այդուհանդերձ հաճախակի են պատահում ամենատարբեր ապօրինություններ եւ բացթողումներ, հատկապես, երբ խոսքը գնում է քաղաքի կենտրոնում գտնվող թանկ հողատարածքների մասին:

 

ՀԱՐՑ. Ընկերուհուս տղան մանկուց գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ ծնողների հետ: Ունի այնտեղի գրանցում (Հայաստանի գրանցում չունի): Այժմ 24 տարեկան է, ցանկանում է վերադառնալ Հայաստան: Հետաքրքիր է իմանալ, եթե իր քաղաքացիական անձնագրով գա Հայաստան, զինծառայության հետ կապված խնդիրներ կունանա՞: Ի՞նչ պետք է անի նա այս դեպքում:

Ալիս Թումանյան (67 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, որի պահանջների համաձայն՝ անչափահաս անձանց քաղաքացիությունը որոշվում է նրանց ծնողների քաղաքացիությամբ: Ընդ որում, օրենքը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում նաեւ այն անձինք, ովքեր 1995 թվականի հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում են որպես ի սկզբանե ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, իսկ որպես այդպիսին` ՀՀ զինապարտ եւ ենթակա պարտադիր զինվորական ծառայության՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, հորդորում ենք մեր զինակոչիկներին ոչ մի դեպքում չխուսափել պարտադիր զինվորական ծառայությունից: Ի վերջո, հայրենիքի առջեւ կատարած պարտքի գիտակցումն է, որ հայ երիտասարդին դարձնում է իրապես հայ տղամարդ:




Լրահոս