Հայաստանում ապրողներիս, թվում է, այլևս ոչնչով չես զարմացնի: Բայց այն, ինչ տեղի է ունեցել իրավաբան-տնտեսագետ, 69-ամյա Լևոն Քոթանջյանի հետ, զարմացրել է ոչ միայն նրան:
Մեզ մոտ նորություն չէ, որ կարող է հանկարծ հարկային մարմիններից, թաղապետարանից կամ այլ պետական կառույցից գրություն ստանաս այն մասին, թե իբր իրենց պարտք ես ինչ-ինչ գումարներ, որոնց վրա ավելացել են տույժեր, թերացել ես պարտականություններդ կատարելիս, կամ էլ պարզվի, որ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «Դա-տա-րան են կանչում, դա-տա-րան»: Ասածս մերկապարանոց չհնչելու համար խոսեմ փաստերով:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի եկամուտների հաշվառման և հավաքագրման վարչությունից 2013թ. նոյեմբերին Գ. Նժդեհի 23 բնակարանի հասցեով (առանց սեփականատիրոջ անուն-ազգանվան) հիշեցում է ուղարկվում, որով առաջարկվում է մինչև դեկտեմբերի 1-ը կատարել կից տեղեկանքում նշված պարտավորությունների գծով վճարումները (195126 դրամ) և հայտնում, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում համապատասխան վճարումները չկատարելու դեպքում` կհաշվարկվեն տույժեր և միջոցներ կձեռնարկվեն դատական ճանապարհով դրանք բռնագանձելու ուղղությամբ:
«Հիշեցումը» ստանալուց հետո Գ. Նժդեհի 16շ. 35 բնակարանի բնակիչ Լևոն Քոթանջյանն այցելում է Շենգավիթ վարչական շրջան՝ պարզելու թյուրիմացությունը` բացատրելով, որ ինքը համարվում է Գ. Նժդեհի 18 շենքի 22 եւ 23 բնակարաններին սեփականատեր Տիգրան Քոթանջյանի հայրը, որը նշված բնակարաններում դեռևս 2005թ. չի բնակվում:
Համադրելով վճարման թերթիկները` Քոթանջյանն ապացուցում է, որ իրենք ոչ մի պարտք չունեն, դեռ ավելին, պարզվում է, որ ըստ 04.02.2013թ. «Մանթաշյան» համատիրության 604 եւ 605 անդորրագրերի՝ Լևոն Քոթանջյանի կողմից Նժդեհի 18շ. 22 եւ 23 բնակարանների համար կատարվել է բոլոր տեսակի կոմունալ վճարումները, այդ թվում` աղբահանության, համապատասխանաբար՝ 15176 և 18302 դրամ 2013թ. 12 ամիսների համար և միաժամանակ պահանջում է, որպեսզի աղբահանության համար կատարված համապատասխանաբար 2168 եւ 2616 դրամ գումարները հաշվանցվեն Գ. Նժդեհի 16 շենքի 35 բնակարանի հաշվին՝ հաջորդ տարիների համար:
Թաղապետարանում համաձայնվում են և խոստանում ուղղել թյուրիմացությունը:
Բայց այստեղ տեղին է հիշել, թե ովքեր և ինչպես են աշխատանքի ընդունվում թաղապետարանում և աշխատողի որ «պլյուսն» է հաշվի առնվում, որովհետև դեպքերի հետագա զարգացումը հօգուտ վարչական շրջանի աշխատակիցների գրագիտության չէ:
Ի դեպ, Լևոն Քոթանջյանը, որը «Ծաղկաբույլ» ժողովածուում հավաքել է իր բազմաթիվ չափածո ստեղծագործությունները, դեպքի հետ կապված խաղիկներ է ձոնել նաև թաղապետարանին և նրա աշխատակիցներին.
Չճանաչած թաղապետարանիդ
Վարքն ու բարքը իմացիր,
Եվ նոր միայն նրան մոտիկ
Բնակություն հաստատիր:
Կամ՝
Ի՜նչ իմանաս պաշտոնի տակ
Ո՞վ է այնտեղ ծվարած.
Բարոյական տիպա՞ր է նա,
Թե՞ անգրագետ արարած:
Սակայն չշեղվենք, որովհետև պատմությունը երկար է:
Վերադառնանք վերը կատարվածին և հայտնենք, որ վարչական շրջանը այդքանից հետո էլ ոչ միայն հաշվանցում չի կատարում, այլև, չգիտես ինչից ելնելով, որոշում է, որ Գ. Նժդեհի 18 շենքի 23 բնակարանի սեփականատեր է համարվում արդեն ոմն Տիգրան Քոչարյանը և 21.01.2014թ. դիմում է Երևանի Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ «վճարման կարգադրություն արձակելու պահանջով»` խնդրելով «արձակել պատասխանող Տիգրան Քոչարյանից համայնքի բյուջեի օգտին (900025100638) հաշվեհամարին 39458 ՀՀ դրամ, որից որպես տույժ` 9298 ՀՀ դրամ»:
Նշված դատարանի դատավոր Ա. Կուբանյանը, հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 21.01.2014թ. N22/01-319 դիմումը` ընդդեմ ոմն Տիգրան Քոչարյանի, 39458 դրամ միայն աղբահանության համար վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ և «Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-6 հոդվածով` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կարգադրում է Տիգրան Քոչարյանին՝ սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
- կատարել 39.458 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է,
- դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել գրավոր առարկություն, եթե պահանջը հիմնավորված չէ»:
Ու քանի որ Գ. Նժդեհի 18 շենքի 23 բնակարանում Տիգրան Քոչարյան չկար, որ վիճարկեր դատարանի պահանջի հիմնավորված կամ ոչ հիմնավորված լինելը, «աբսուրդի թատրոնը» շարունակվում է, նոր զարգացումներ են տեղի ունենում և գործը հասնում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
07.05.2014թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ Հ. Քոսյանը «զեկուցում» է վարչական շրջանի ղեկավարին, որ հարուցվել է կատարողական վարույթ, կատարողն էլ նշված բաժնի աշխատակից, արդարադատության լեյտենանտ Արթուր Մանուկյանն է, ով, «ուսումնասիրելով» շրջանի ղեկավարի գրությունը, դարձյալ պարզում է, որ Տիգրան Քոչարյանից հօգուտ ՀՀ Երեւան համայնքի պետք է բռնագանձել 39.458 ՀՀ դրամ: Նաև չեն մոռանում զգուշացնել, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
Նշված 10 օրն արդեն անցել է և հետաքրքիր է, թե հարկադիր կատարողը որտեղ է գտնելու Տիգրան Քոչարյանին և ինչպես է վարույթ իրականացնելու:
Լևոն Քոթանջյանը գտնում է, որ ճիշտ կլիներ դատավորի աշխատակազմը, մինչ անձի նկատմամբ վճիռ կայացնելը, նրա մասին տեղեկություններ հավաքեր, քանի որ չի բացառվում, թե տվյալ անձը կարող է հետախուզման մեջ լինել կամ այլ շրջանում նրա նկատմամբ քրգործ լինի և այլն:
Իսկ դատարանին օգնելու նպատակով նա փնտրել և գտել է, որ հանրապետությունում կա 20 Տիգրան Քոչարյան, որոնցից 8-ը՝ Երևանում, նույնքան Սևան քաղաքում, 3-ը` Վանաձորում, և մեկը` Վարդենուտ գյուղում:
Հետաքրքիր է, թե այս պատմության մեջ զավեշտն ու աբսուրդը ինչի և ում անգրագիտության հետևանք են:
Արդարադատության և դատական մարմինների գնահատականն էլ թող տա ընթերցողը: Իսկ Լևոն Քոթանջյանը ունի իր գնահատականը.
Մեղավորի տեղ՝ անմեղին
Քարշ են տալիս դատարան,
Որտե՞ղ ես դու, արդարություն,
Ո՞րն է արդար քո ճամփան:
Տաթև Հարությունյան