ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ազնիվ պայքար է մղելու ՀՀ գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանի դեմ: Հիշեցնենք, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Մարտիրոսյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու է նաեւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը:
-Պարո’ն Մարտիրոսյան, Դուք համարվում եք ՀՀ գլխավոր դատախազի մտերիմը. նախ, որ ծագումով ապարանցի եք, «Նիգ-Ապարան» ՀՄ անդամ: Ինչպե՞ս եք պայքարելու նրա եղբոր դեմ Աջափնյակ համայնքում:
-Այդ դեպքում Վանո Սիրադեղյանի մտերիմն էլ կարող եք համարել, որովհետեւ մայրական կողմս էլ լոռեցի է: Կարող եք համարել Գագիկ Ծառուկյանի մտերիմը, որովհետեւ ֆիզկուլտինստիտուտում եմ աշխատում տարիներ շարունակ, ինքն էլ այդ խորհրդի նախագահն է:
-Ուզում եք ասել, որ Ձեր ծագումը չի՞ խանգարի ազնվորեն պայքարել Աղվան Հովսեփյանի եղբոր դեմ:
-Ծագումնաբանությո՞ւնը, չեմ կարծում, որովհետեւ քաղաքացիները ծագումնաբանությամբ չէ, որ ընտրության են գնում, այլ գնում են քաղաքական համոզմունքների համաձայն:
-Ինչո՞ւ հենց այդ ընտրատարածքում:
-Ես ծնվել ու մեծացել եմ այդտեղ: Որեւէ այլ համայնքում երբեւիցե նույնիսկ մեկ օր չեմ ապրել: Եթե, իհարկե, չհաշվենք, որ արձակուրդների ժամանակ ինչ-որ վայր գնում եմ կամ օրվա ընթացքում ինչ-որ տեղ գնում եմ:
-Հաղթանակի շանսեր ունե՞ք` հաշվի առնելով Ռուբեն Հովսեփյանի ունեցած մարդկային, ֆինանսական ու ադմինիստրատիվ ռեսուրսները:
-Շանսերի գնահատում չեմ անի, որովհետեւ այն ցանկությունը, երբ ես առաջին անգամ հայտնել եմ, իսկ դա անցած տարի ամառն է եղել, այդ տարածքում առաջադրվելու, որեւէ թեկնածու դեռեւս չկար: Ավելին, նույնիսկ եթե խոսում էին, այլ մարդկանց թեկնածության հավանականության մասին էին խոսում: Այնպես որ, իմ առաջադրումը ոչ թե կապված է նրա հետ, թե ով է առաջադրվելու, այլ բացառապես քաղաքական պայքար ծավալելու շրջանակներում: Եթե իսկապես մեր կուսակցությունը որոշի, որ ես պետք է առաջադրվեմ, կշարունակեմ քաղաքական պայքարը, ինչը մինչեւ հիմա արել եմ: Ես չունեմ այլ հարթություն իմ գործունեության մեջ, բացի քաղաքականից, ուստի ընդամենը այդտեղ քաղաքական պայքար եմ տանելու` ցույց տալով, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն ինչպիսին պիտի լինի: Իհարկե, սա այն պարագայում, եթե մենք չկարողանանք անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ընդունմանը, որովհետեւ ես հեղինակներից մեկն եմ եղել (դեռեւս 2007թ.-ին, 2009թ.-ին) նմանատիպ օրինագծի, որտեղ 100-տոկոսանոց համամասնականն առաջարկվել է:
-Պարո’ն Մարտիրոսյան, Ձեզ հայտնի՞ է, թե «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակում որ տեղն եք զբաղեցնելու: Եւ արդյո՞ք դրանով չէ պայմանավորված Ձեր` մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու որոշումը: Այսինքն` Ձեզ ոչ անցողիկ տեղ է առաջարկվել, դրա համար էլ ցանկանում եք պայքարել մեծամասնականով:
-Պարոն Հովհաննիսյանը շատ հստակ այդ հարցին պատասխանել է, որ դեռեւս համամասնականի ցուցակի հարց չի քննարկվել, առավել եւս որեւէ խնդիր չկա` նմանատիպ հարց բարձրացնելու: Շատ պետք չէ սպասել: Մարտի 2-ի համագումարից հետո ամեն ինչ ակնհայտ կլինի: Իսկ ընդհանրապես ես կարեւորում եմ, որ ընտրությունները տեղի ունենան քաղաքական հարթությունում: Այսինքն` չլինի վարչական ռեսուրսների, ֆինանսական լծակների եւ կրիմինալի օգտագործում: Լինի իսկապես արդար ընտրություն:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Ե՛Վ ԼՈՌԵՑԻ Է, Ե՛Վ ԱՊԱՐԱՆՑԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ