ԿԵՂԾԻՔԸ` ՀՀԿ ԿԵՆՍԱԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանում իրավիճակը դարձել է անվերահսկելի, եւ հիմա ռեժիմն անցել է բացահայտ կեղծիքների: Արդեն ակնհայտ է` Սամվել Նիկոյանին ոչ մի կերպ չի հաջողվում ԱԺ դահլիճում ապահովել պատգամավորների նվազագույն թվաքանակ, ինչի հետեւանքով ՀՀԿ-ականները գրանցվում եւ քվեարկում են բացակա գործընկերների փոխարեն:
Երեկ ՀՀԿ-ականներն անցան լկտիության բոլոր սահմանները. ԱԺ դահլիճում հազիվ 60 պատգամավոր էր, բայց քվեարկելով իրենց բացակա ընկերների փոխարեն` ապահովեցին քվորումի համար անհրաժեշտ 66 ձայնից շատ ավելին: Ու սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ նույն պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծը` այնտեղ սահմանելով, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը քննարկման առարկա դառնա էթիկայի հանձնաժողովում: Այսինքն` ընդամենը մեկ օր հետո նրանք խախտում են իրենց իսկ ընդունած դրույթը, որի համահեղինակներից մեկը նույն ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է:
Հանրապետականները երեկ քվեարկում էին բացահայտ կերպով` հաշվի չառնելով ոչ միայն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի` ուրիշի փոխարեն չքվեարկելու հորդորները, այլեւ այն, որ լրագրողների տեսախցիկները նկարահանում են իրենց: Անգամ ԱԺ լրատվական ծառայության տեսախցիկներն էին նկարահանել եւ համացանցով ուղիղ եթերով հեռարձակել կատարվող կեղծիքները: Կարճ ժամանակ անց ինտերնետային կայքերում հայտնվեցին համապատասխան կադրերը:
Հերմինե Նաղդալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը քվեարկել է բացառապես իր փոխարեն, պարզապես Դավիթ Հարությունյանի հետ ինչ-որ հարց քննարկելու համար ստիպված է եղել նստել բացակա գործընկերոջ աթոռին: «Ես նստած էի ոչ թե իմ աթոռին, այլ մեկ աթոռ այն կողմ: Ու ես քվեարկել եմ լոկ իմ փոխարեն»,-ասաց Նաղդալյանը: Նրան հարցրինք` ովքեր են նստում իր կողքին: «Մի կողքիս Սուքիաս Ավետիսյանն էր, որը ներկա էր, իսկ Ավագյան Կարենը ներկա չէր, նստած չէր այդ պահին: Ու ես նստել էի Կարենի աթոռին` Հարությունյան Դավիթի հետ փաստաթուղթ քննարկելու համար»,-ասաց տիկին Նաղդալյանը` խորհուրդ տալով խորամուխ լինել փաստերի մեջ: Եւ ահա, խորամուխ լինելով` հայտնաբերեցինք, որ տիկին Նաղդալյանը պարզապես ստում էր: Տեսանյութում պարզ երեւում է, որ նա քվեարկում է երկու անգամ` մեկը` իր, մյուսը` ուրիշի փոխարեն: Նույն կերպ քվեարկում էին նաեւ` Արա Բաբլոյանը, Արեգ Ղուկասյանը, Գագիկ Մելիքյանը, Միշա Ստեփանյանը: Արդյունքում` թեեւ ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանն այս քառօրյային ներկա չի գտնվել նիստին, սակայն ոչ միայն գրանցվել է, այլեւ օրենքներից շատերին կողմ քվեարկել: Երեկ նիստից բացակայում էին նաեւ Սպարտակ Մելիքյանը, Մկրտիչ Մինասյանը, Վարդան Այվազյանը, որոնց փոխարեն կրկին քվեարկել էին:
Ի տարբերություն տիկին Նաղդալյանի` Արա Բաբլոյանը երեկ գերադասեց չստել, բայց եւ չպատասխանեց լրագրողներին` խնդրելով իրեն տալ բժշկության վերաբերյալ հարցեր: ԱԺ դահլիճում ստեղծված իրավիճակը լավագույնս գնահատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը. «Այստեղ, ստացվում է, երկու գլխանի մարդ կա, եթե մեկ գլխով հոգին քվեարկում է երկու հոգու համար, դա ի՞նչ է նշանակում»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հարցրինք` իր համար արդյոք վիրավորական չէ այն հանգամանքը, որ կուսակից ընկերները խախտում են իր իսկ հեղինակած օրենքը: «Ես դա համարում եմ բացասական երեւույթ, եւ հուսամ, որ երբ օրենքը գործի դրվի, նման դեպքեր չեն լինի»,-ասաց նա:
Իրավիճակն այդքան ողբերգական չէր լինի, եթե չլիներ մեկ այլ հանգամանք. ԱԺ-ում կատարվող երեւույթները գալիս են հիմնավորելու տեսակետը, որ ՀՀԿ-ի համար կեղծիքներ անելն արդեն դարձել է կենսակերպ, առանց որի այս կուսակցության անդամները չեն պատկերացնում իրենց գոյությունը: Ակնհայտ է, եթե ՀՀԿ-ականները խախտում են իրենց գործընկերների հեղինակած ու իրենց ընդունած նախագիծը, ապա որեւէ կասկած չկա` կկեղծեն նաեւ ԱԺ ընտրությունները, թեեւ նույն ՀՀԿ-ականները հայտարարում են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մասին: Ու ոչինչ, որ ԱԺ այս քառօրյային ՀՀԿ-ականները բարոյախրատական ճառեր էին կարդում խոսքի ու գործի տարբերության անթույլատրելիության մասին: Երեկվա քվեարկությամբ ՀՀԿ-ն ցույց տվեց` որքանով է իրենց խոսքը գործ: Ուստի Դավիթ Հարությունյանին հարցրինք` այսքանից հետո ինչպես հավատանք արդար ընտրությունների մասին ՀՀԿ-ի խոստումներին: «Ինչպես էթիկայի մասին օրենքն ունի կանխարգելիչ նշանակություն, այնպես էլ Ընտրական օրենսգիրքը կունենա կանխարգելիչ նշանակություն: Համենայնդեպս, օրենքն իր ազդեցությունը միանշանակ կթողնի»,-ասաց Հարությունյանը:
Հ.Գ. Նկատենք, որ այն պատգամավորներն են քվեարկում այլոց փոխարեն, որոնց պատգամավորական ապագան խիստ կասկածի տակ է: Չի բացառվում, որ նրանք կաշվից դուրս են գալիս` ՀՀԿ ընտրացուցակ մտնելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս