ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ՈՐԸ ՄԻՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը ներկայանում է որպես ընդդիմադիր գործիչ. նա ՀՅԴ անդամ է, որը մշտապես հայտարարում է, թե իրենք գաղափարական ուժ են` հեռու նյութական շահերից:
Իհարկե, երբ ապրում էր հայրենի Վանաձորում եւ զբաղվում գիտական գործունեությամբ «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումում, չէր մտածում ունեցվածքի մասին, սակայն երբ սկիզբ առան ժողովրդավարական շարժումները, գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող Մարտուն Մաթեւոսյանը դարձավ Կիրովական-Վանաձորի քաղխորհրդի պատգամավոր, 1999-ին մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց պատգամավորության թեկնածու եւ եկավ խորհրդարան: Հարգարժան դաշնակցականն իր կենսագրության մեջ չի նշել, թե ինչով է զբաղվել 1995-1999 թվականներին, բայց մենք այնքան էլ բծախնդիր չենք, որ քրքրենք նրա կենսագրությունը… Միայն ասենք, որ  2003-2004 թվականներին զբաղեցրեց Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը` այդպես էլ որեւէ հետք չթողնելով իր պաշտոնավարությունից: Փոխարենը Երեւանի կենտրոնում ձեռք  բերեց բնակարան, գնեց շքեղ ավտոմեքենա, ապահովեց իր զավակների կյանքը: 2004-ին էլ, երբ Դաշնակցությունը գտնըվում էր «ձիու վրա», նշանակվեց «Հայանտառ»-ի տնօրեն: Սա մեր երկրում գոյություն ունեցող ամենաեկամտաբեր պաշտոններից մեկն է, քանի որ այստեղ տարիներ շարունակ բացակայել է վերահըսկողությունը, ամեն մի տնօրեն վարվել է յուրովի` աստիճանաբար անտառազրկելով երկիրը:
Երբ Դաշնակցությունը հեռացավ իշխանությունից, իսկ շատերն էլ հրաժարվեցին իրենց պաշտոններից, Մարտուն Մաթեւոսյանը շարունակեց մնալ իր պաշտոնում, քանի որ այն իսկապես եկամտաբեր է: Ժամանակ առաջ բուռն խոսակցություններ ծավալվեցին այն մասին, որ Մարտուն Մաթեւոսյանը լուրջ եկամուտներ է ստանում Լոռու մարզի անտառներից: Նա հատկապես սերտ կապեր ուներ Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձորում գործունեություն ծավալած ոմն Արմեն Մաթեւոսյանի հետ, որը գյուղի դպրոցի մարզասրահում սղոցման արտադրամաս էր հիմնել եւ անարգել կտրելով շրջակա անտառի ծառերը` զբաղվում էր շինանյութի արտադրությամբ: Երկար ժամանակ Մարտուն Մաթեւոսյանը ձեւ էր անում, թե չի ճանաչում այդ անձնավորությանը, թե որեւէ կապ չունի նրա հետ, սակայն ստի ոտքերը կարճ են, ու բացահայտվեց, որ ոչ միայն ճանաչում է, այլեւ լավ էլ «կոմպանյոնություն» է անում: Սարերից հեռու գտնվող Ահնիձորը բոլորի աչքից թաքնված գյուղ է, ուստի այստեղ հեշտ էր բիզնեսի համար նախադրյալներ ստեղծել: Չբավարարվելով այսքանով` Մարտուն Մաթեւոսյանը հովանավորում էր մեկ այլ Արմենի եւս` այս անգամ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում, որտեղ այդ մարդը, դառնալով անտառտնտեսության տեղամասի պետ, անտառը վերածել էր ավերակույտերի: Միայն վանդալն իրեն թույլ կտար անտառի հետ վարվել այնպես, ինչպես վարվել էր այս Արմեն Այդինյանի բանդան, որը նույնպես գտնվում էր Մարտուն Մաթեւոսյանի հովանու ներքո:  
Չբավարարվելով Լոռու, հայրենի Վանաձորի անտառներով` Մարտուն Մաթեւոսյանը միտումնաբար անտերության է մատնել նաեւ Տաուշի մարզի հարուստ անտառաշերտերը, որոնցից շատ քիչ բան է մնացել: Շատ ծառահատումներ Մաթեւոսյանը բացատրում է սանիտարական հատումների անհրաժեշտությամբ, սակայն այս սանիտարական կոչվածներից «արձակված կրակով» էլ տաքացնում են իրենց ձեռքերը «Հայանտառ»-ի տնօրենն ու նրա որոշ ենթականեր: Հիշենք Լոռու մարզում բացահայտված ապօրինի անտառահատումների մասին, այն մասին, թե ինչու աշխատանքից ազատվեց Մարտուն Մաթեւոսյանի արբանյակներից մեկը` Արամ Բարոյանը…
Վիճակը բարդ է նաեւ Սյունիքի մարզի անտառներում, որոնք կարծես դարձել են անպաշտպան ու անտեր: Մեկ տարի առաջ, գտնվելով Սյունիքի մարզում, մենք տեսանք զարհուրելի պատկերներ: Գյուղացիները մեզ ասում էին, որ ամեն ինչ արվում է «Հայանտառ»-ի տնօրինության գիտությամբ, որ ժամանակ առ ժամանակ մի խեղճուկրակի վրա գործ սարքելով` տնօրինությունը ձեւ է անում, թե մեծ պայքար է ծավալում անտառահատումների դեմ, մինչդեռ իրականում հատված անտառափայտն իրացվում է հենց Մարտուն Մաթեւոսյանի ենթակաների ձեռքով կամ գիտությամբ: Մաթեւոսյանի կուսակցական ընկեր եւ դարձյալ գիտության թեկնածու Դավիթ Լոքյանին է վերագրվում Վանաձորի Երրորդ մաս կոչվող թաղամասում գործող կահույքի ֆաբրիկան: Այս ձեռնարկությունը միշտ ապահովված է փայտանյութով: Ոմանք պնդում են, որ Մարտուն Մաթեւոսյանը փայատերերից մեկն է եւ փայտանյութի գլխավոր մատակարարը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս