«Քառյակի» 12 կետերն ընդունելի են իշխանությունների համար. Վ.Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քառյակի» կողմից շատ առողջ առաջարկություններ են եղել:  Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» կողմից ներկայացված 12 կետերին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, թե ինքը վստահ էր, որ նրանք այնպիսի առաջարկներ կներկայացնեն, որոնք իրենց քննարկման առարկան կդառնան:

Բաղդասարյանի խոսքով, ներկայացված առաջարկներն արդեն իշխանությունների կողմից ժամանակին բարձրաձայնվել են:

«Ես կարող եմ հերթականությամբ գնալ. 1. վերացնել պարտադիր կուտակայինը. դուք արդեն գիտեք, որ բավականին լուրջ գործընթաց է գնում, և առաջընթաց կա: Շատ լուրջ բանակցությունների արդյունքում մենք եկանք մի այնպիսի եզրակացության, որ իրոք այդտեղ վերանայման խնդիր կա: 2. վերանայել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործող համակարգերը. մենք լսումներ ենք կազմակերպել, և այդ հարցն էլ պետք է ուսումնասիրվի: Սա օրակարգային հարց է: 3. առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Շրջանառության հարկի մասին մենք ենք բարձրաձայնել, ավելի լավ առաջարկություններով ենք հանդես եկել», – պարզաբանեց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ստացվում է, որ իշխանության կետերն են ներկայացրել, նա պատասխանեց, որ շատ ուրախ է դրա համար: «Ես ասում եմ, որ սրանք առողջ առաջարկություններ են ընդդիմության  կողմից, և սա արդեն այն ընդդիմությունն է, որը մենք ուզում ենք, որոնց հետ կկարողանանք հարցեր քննարկել, հարցեր լուծել», – հայտարարեց նա:

Նշենք, որ «քառյակն» այս խնդիրների լուծման համար մինչև սեպտեմբերի վերջն էր ժամանակ տվել: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս ժամանակը բավարար է՝ նա նշեց. «Մենք կառավարությանը պետք է հարցապնդում անենք : Որևէ արդյունքներ արդեն կտեսնեք: Եկեք նախապայմաններով չխոսել, ինչ էլ լինի այդ ժամանակում , դա էլ կստացվի: Այդ բոլոր հարցերն էլ կան մեր ծրագրի մեջ», – նշեց նա:

Իսկ այն հարցին, թե կա մի կետ, որին դեմ է, պարոն Բաղդասարյանը որպես օրինակ բերեց ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալը: Անդրադառնալով արդեն 12-րդ կետին, որում ասվում էր, որ չպետք է ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որի պատճառով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ կլինի, նա հայտարարեց, որ ոչ մի անգամ չի լինի այնպիսի բան, որ Հայաստանը կնքի այնպիսի պայմանագիր, որը կվնասի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններին:




Լրահոս