2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Բաղրամյանի բաժանմունքի պետ, արդարադատության մայոր Դավիթ Պողոսյանը, դատական ակտի հիման վրա տրված կատարողական վարույթները ձեռքին, գնացել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ Համլետ Եղիազարյանի տուն, որպեսզի նրա որդիներ Սպարտակ եւ Հովհաննես Եղիազարյաններից 144.800 եւ 72.925 դրամ գումար բռնագանձի հօգուտ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ):
Մտել է տուն, ներկայացել որպես ԴԱՀԿ ծառայության աշխատակից եւ ցույց տալով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կատարողական թերթը` սկսել է լրացնել հայտարարագիրը: Այդ ընթացքում, սակայն, Սպարտակ Եղիազարյանը խոչընդոտել է նրա գործողությունները` վիճել Դավիթ Պողոսյանի հետ, պատռել լրացված հայտարարագիրը: Ըստ քրեական գործի նյութերի` հարկադիր կատարողը ստիպված տանից դուրս է եկել, որ հեռանա, սակայն Սպարտակը, նրան հայհոյանքներ տալով ու ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածել է նրա դեմքի շրջանին եւ մարմնի տարբեր մասերին: Սպարտակին միացել են նաեւ Հովհաննես եւ Համլետ Եղիազարյանները` Դավիթ Պողոսյանին պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Հենց նույն օրը քրեական գործ է հարուցվել ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում, եւ մի ընտանիքից միանգամից երեք հոգի` Համլետ, Սպարտակ եւ Հովհաննես Եղիազարյանները ներգրավվել են որպես մեղադրյալներ` դատական ակտերի հարկադիր կատարող Դավիթ Պողոսյանի նկատմամբ դատարանի վճիռը կամ դատական այլ ակտը կատարելու հետ կապված բռնի գործողություններ կատարելու համար, որոնք զուգորդվել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով (ՀՀ քր. օր.-ի 347 հոդված): Դ. Պողոսյանը ճանաչվել է որպես տուժող:
Սպարտակ Համլետի Եղիազարյանը, Համլետ Վազգենի Եղիազարյանը կալանավորվել են, իսկ Հովհաննես Համլետի Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Ամբաստանյալների միջնորդությամբ արագացված դատաքննություն է իրականացվել:
Դատարանը որպես ամբաստանյալների պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ է դիտել նրանց` անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը, նախկինում դատված կամ արատավորված չլինելը (բացի Համլետ Եղիազարյանից, որի դատվածությունը մարված է), այն, որ առաջին անգամ են միջին ծանրության հանցանք կատարել, տուժողը հաշտվել է ամբաստանյալների հետ, չի բողոքում, քաղհայցի պահանջ չի ներկայացրել եւ դատարանին միջնորդել է ամբաստանյալների նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ: Դատարանը նաեւ հաշվի է առել, որ ամբաստանյալ Սպարտակ Եղիազարյանը (նաեւ եղբայրը) երիտասարդ է, ամուսնացած, խնամքին է չաշխատող եւ յոթ ամսական հղի կինը, բնութագրվում է դրականորեն: Համլետ Եղիազարյանի մասով մեղմացնող հանգամանք է դիտվել նաեւ այն, որ ֆիզիկապես վատառողջ է` ստամոքսի 1/3-ը հեռացված է, ամուսնացած է, խնամքին է չաշխատող կինը, բնութագրվում է դրականորեն: Իսկ Հովհաննեսի մասով դատարանը հաշվի է առել, որ նա ունի մինչեւ 7 տարեկան երկու երեխա:
Դատարանն ամբաստանյալների պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքն իր ծառայողական պարտքը կատարող անձի նկատմամբ կատարելը եւ ի վերջո վճռել է` Սպարտակ Եղիազարյանին դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, պայմանականորեն այն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Նրա հորը` Համլետ Եղիազարյանին, դատապարտել ազատազրկման 1 տարով, եւ պատիժը պայմանականորեն չկիրառելով` սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով: Հովհաննես Եղիազարյանը եւս դատապարտվել է 1 տարի պայմանական ազատազրկման: Իսկ քաղհայցի հարցը դատարանը համարել է լուծված` տուժող Դավիթ Պողոսյանի կողմից այդպիսին չներկայացնելու հիմքով:
Այստեղ ուշագրավն այն է, որ չնայած Դավիթ Պողոսյանը միջնորդել է ամբաստանյալների համար նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, սակայն դատավճռից հետո հավանաբար փոշմանել է եւ վերաքննիչ բողոք բերել. պահանջել է ամբաստանյալների նկատմամբ նշանակված պա
տիժը` պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել, փոփոխել եւ նշանակել ավելի խիստ պատիժ` 4 տարի ժամկետով ազատազրկում:
Նման բողոք ներկայացնելիս Դավիթ Պողոսյանը հավանաբար հաշվի է առել այն, որ Արմավիրի մարզում ՋՕԸ-ի հայցերը կարող են շատ լինել, քանի որ գյուղացիները ժամանակ առ ժամանակ դժգոհում են ջրի պակասությունից, եւ այդ վեճերի արդյունքում ինքը կարող է գործի բերումով անընդհատ տուժողի կարգավիճակում հայտնվել:
ԴԱՀԿ-Ի ՊԵՏԻՆ ՀԱՐԿԱԴՐԵԼ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ