Այս օրերի ընթացքում «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարում տարբեր վարչական շրջանների մանկապարտեզների տնօրեններ, ծնողներ եւ տեղեկացնում, որ իրենց համար «փորձանք» է դարձել այն որոշումը, թե մանկապարտեզներում բժշկի «թուղթ» այլեւս չպետք է ներկայացնեն: Երեխաների ծնողները վրդովված նշում են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է իրենց երեխան 75 օր բացակայելու դեպքում դուրս մնալ մանկապարտեզից:
Վերջերս հայրենի կառավարությունը մի որոշում ընդունեց, համաձայն որի` նախադպրոցական հաստատություններում այլեւս չեն ընդունվելու հիվանդացած երեխաների կողմից պոլիկլինիկայից կամ հիվանդանոցից ներկայացված համապատասխան տեղեկանքները: «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մանկապարտեզների տնօրենները, որոնք չցանկացան ներկայանալ, նշեցին, որ այդ որոշման պատճառով իրենք անելանելի վիճակում են հայտնվել: Ծնողները բոյկոտում են այդ որոշումը, ինչի արդյունքում խաթարվում է իրենց աշխատանքային առօրյան:
Մանկահասակ երեխաների ծնողներն էլ մեզ հետ զրույցում հիմնականում նշում են, որ 75 օրը շատ քիչ է: «Ասենք` վերցնենք իմ էրեխեն կարմրուկով հիվանդանում ա, ու բժիշկն ասում ա` 40 օր չպետք ա մանկապարտեզ տանեք, դրանից հետո ես ի՞նչ պիտի անեմ, հո չե՞մ դնելու իմ էրեխուն տանեմ, ինչ ա բացակայելու համար մանկապարտեզից դուրս ա մնալու: Էն ժամանակ գոնե թուղթ էինք տանում, ու հարգելի էր համարվում, հիմա դուրս են հանում, սենց ո՞նց կլինի»,-վրդովված նշեց Նարինեն, ում որդին եւս մանկապարտեզ է հաճախում:
Փորձեցինք այս նոր կարգի հետ կապված պարզաբանումներ ստանալ ԿԳՆ հանրակրթության գլխավոր մասնագետ Հասմիկ Միտոյանից. «Դա համայնքներին է վերապահվում, գիտեք` հիմա ինչ լայն պահանջարկ ունի մանկապարտեզը, Երեւանում` բոլոր տեղերում, հերթագրում է: 75 օրը, այո՛, վերաբերում էր ե՛ւ ամռան ամիսներին` կարող էին հանգստանալ, ե՛ւ ընթացքում, բայց քանի որ այս բժշկական տեղեկանքը չեն պահանջում, դուրս է գալիս, որ ծնողը հենց այնպես կարող է երեխային չբերել, բայց երեխան կրթության մեջ ընդգրկվի, իսկ մյուսն ամիսներով սպասի հերթագրմա՞ն, դրա համար տեղային որոշում են կայացրել, իսկ մնացած հարցերով դիմե՛ք քաղաքապետարան»:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժինն էլ հետեւյալ կերպ արձագանքեց մեր հարցմանը. «Համաձայն ՀՀ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողի եւ նախադպրոցական ուսումնական հաստատության միջեւ կնքվող պայմանագրի` պահպանվում է երեխայի տեղը նրա հիվանդության, բուժման, արգելափուլի, ծնողի հիվանդության, գործուղման, արձակուրդի, ինչպես նաեւ ամռան շրջանում ոչ ավելի, քան 75 օր` անկախ երեխայի ծնողի արձակուրդի կամ հաստատության պարտադիր պարապուրդի տեւողությունից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ծնողը պարտավոր է ներկայացնել դիմում հաստատության տնօրենին»:
Մի բան պարզ է, որ Երեւանի նախկին քաղաքապետ «դրայվոտ» Կարեն Կարապետյանն իր հեռանալուց հետո այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ոչ ոք չի կարողանում «գլուխ» հանել: Ծնողները նախընտրում են վճարել իրենց երեխայի նախադպրոցական կրթության համար, քան թե հայտնվել նման աբսուրդային իրավիճակում:
ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՒՂԱՐԿԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵ՞Զ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ