ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՉԲԱՑՎԱԾ ՓԱԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել եւ արդեն առարկություններով հետ է վերադարձրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը: Նշենք, որ ԱԺ-ն, մայիսի 19-ին 88 կողմ, 32 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր օրենքը եւ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրությամբ վավերացնի օրենքը կամ հետ վերադարձնի ԱԺ: Վերջնաժամկետն արդեն ավարտվել է եւ Ս.Սարգսյանն այն մերժել է՝ նոր ստեղծվող մարմնի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այսինքն՝ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն համապատասխան գումարներ քննչական մարմնի աշխատակիցների համար: Բանն այն է, որ նրանց համար նախատեսված էր բավականին բարձր աշխատավարձ: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ կառավարությունը մայիսի 22-ի նիստում ընդունեց քննչական կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով 27,5 մլն դրամ գումար հատկացնելու մասին որոշումը: Գուցե այդ գումարով կառավարության հաշվեկշռում գտնվող շենքի վերանորոգումը այլ նպատակի՞ պետք է ծառայի: Ինչեւէ, դժվար է միանշանակ պնդել՝ ֆինանսական միջոցների՞, թե՞ ուղղակի ցանկության բացակայությունն է պատճառը, որ այսքան մեծ աղմուկ հանած նախագիծն այսպես անաղմուկ ավարտ ունեցավ: Թեեւ կոմիտեի՝ նման վերջաբանը կարելի էր կանխատեսել դեռ անցալ տարի՝ կոմիտեի կազմից ՊԵԿ-ի քննչական մարմնի դուրս բերման ժամանակ: Այդ պահից, թերեւս, կանխորոշված էր Քննչական կոմիտեի ճակատագիրը, իսկ հետագա գործընթացն ընդամենը ծավալվում էր Աղվան Հովսեփյանին զբաղեցնելու համար:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեծ դժվարությամբ, նույնիսկ կեղծիքների գնով, հաջողվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին ընտրել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ: Քանի որ 10 ՀՀԿ-ական բոյկոտեց Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուին, ՀՀԿ-ին երեկ հաջողվեց քվորում ապահովել ՕԵԿ-ից Ի. Խաչատրյանի, Լ. Դոխոլյանի, ՀԱԿ-ից՝ Հ. Բագրատյանի եւ ԱԴԿ-ից՝ Ա. Արզումանյանի մասնակցության շնորհիվ: Արդյունքում 65 կողմ, 3 դեմ ձայներով Թունյանը դարձավ ՍԴ անդամ: Ու եթե չլինեին այդ 3 դեմ մասնակիցները, Թունյանը չէր ընտրվի՝ անգամ ստանալով 65 կողմ ձայն: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի մասնակցություն: Ի դեպ, թեեւ ՀՀԿ-ից հայտնեցին, թե ԱԺ անկախ պատգամավորներն էլ են մասնակցել քվեարկությանը, այնուամենայնիվ լրագրողները ֆիքսեցին, որ անկախներից միայն Է. Մարուքյանն ու Ա. Գրիգորյանը երեւացին: Հավանաբար մյուս անկախների փոխարեն ՀՀԿ-ն քվեարկեց:

 

2013թ. մայիսի 23-ին, Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց «թիրախը» Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը եւ նրա քրոջ տղան էին: Ի դեպ, Անուշավանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ ե՛ւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ե՛ւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքերը մեկ էին արել եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետեւանք է: Բայց եթե շփոթմունք է, ինչո՞ւ էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն եւ ցանկացել ամեն գնով սպանել նրան: Շփոթմունքի բերումով դժվար թե որեւէ մեկին հետապնդեն մինչեւ շքամուտք: Համենայնդեպս այս գործը մտել է դատարան:

 

2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանին տրված մշտական բնակության վայրի մասին տեղեկանքի պատմությունը լրջություն է ստանում: Պետական մարմինների կատարած օրինախախտումների վերաբերյալ արված լրագրողական հետաքննության արդյունքները ԱԺ-ում քննարկելու հարցում, ինչպես հայտնի է, իրենց համաձայնությունն են տվել ԱԺ 5 խմբակցություններ: Չորրորդ իշխանություն-ԱԺ այս համագործակցությունը նմանվում է ամերիկյան հանրահայտ «Ուոտերգեյթյան սկանդալ»-ի հանգուցալուծման պատմությանը: Հիշեցնենք, որ «Ուոտերգեյթի գործը» 2 տարի հրապարակայնորեն բուռն քննարկվելուց հետո, ի վերջո,1974թ. հանգեցրեց ԱՄՆ նախագահ Ռ.Նիքսոնի հրաժարականին: ԱԺ պատգամավորներ Ռ.Հակոբյանը, Ա.Ռուստամյանը, Ն.Զոհրաբյանը, Լ.Սարգսյանը եւ Ի.Խաչատրյանն արդեն դրել են «հայաստանյան Ուոտերգեյթի» բացահայտման հիմքերը:




Լրահոս