«ՆԱԻՐԻՏ»-Ը` ԱՊՀ ԲԱՆԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հաստատել է այն լուրը, որ «Նաիրիտ» գործարանը պարտքը չմարելու պատճառով այժմ ԱՊՀ միջպետական բանկի սեփականությունն է: Բանն այն է, որ «Նաիրիտ»-ի հիմնական սեփականատեր ընկերությունը 2006թ-ին ԱՊՀ միջպետական բանկից 70 մլն դոլար վարկ էր վերցրել` գրավ դնելով գործարանը: Եւ քանի որ վարկի մարման ժամկետը մինչեւ 2011թ-ի վերջն էր, այն չմարելու պատճառով գործարանն այժմ անցել է բանկին: Այդուհանդերձ, Մովսիսյանը հավելեց, որ մի շարք հեղինակավոր ընկերություններ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել գործարանի հանդեպ:
Գործարանի մասին տեղեկություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ:
-Պարո՛ն Ներսիսյան, «Նաիրիտ»-ն այժմ ԱՊՀ միջպետական բանկի սեփականությունն է, եթե տեղյակ եք այդ մասին, ապա ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
 -Իմ ժամանակով «Նաիրիտ»-ը մաքուր գործարան էր, ուրիշի սեփականության տակ անցնելու մասին խոսք լինել անգամ չէր կարող: Հիմա տեղյակ չեմ` ինչ է կատարվում այնտեղ, այնքան նոր տերեր ու աշխատողներ կան, որ շունը տիրոջը չի ճանաչում: Իրանք իրանց գրավ են դնում առանց հետեւանքների մասին մտածելու:
-Իսկ ինչպե՞ս կգնահատեք գործարանի ներկայիս վիճակը:
-Կատաստրոֆիկ, այնտեղ բան չի մնացել: Մի գլուխ  աշխատողներ են վերցնում, երիտասարդ աղջիկներ, որոնք նույնիսկ մինիմալ ընդունակություններ չունեն  եւ անգամ ամենապարզ աշխատանք կատարելու ունակ չեն: Իմ ունեցած տեղեկություններով` ամեն մեկը ստանում է մոտ 1000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ, իսկ տնօրինության մասին էլ չեմ էլ ուզում խոսել. մի 10.000 էլ իրենք կստանան:
-Ինչպե՞ս կբնութագրեք գործարանն այն ժամանակ, երբ տնօրենը Դուք էիք:
-Իմ ժամանակ էլ այդքան գոհ չէի: Մենք երկաթուղի չունենք, հումք չենք կարողանում ներկրել: Բայց, իհարկե, առաջ եւ հիմա անհամեմատելի է:
Զրույցի վերջում Գագիկ Ներսիսյանը խնդրեց, որպեսզի այսուհետ իրեն դիմենք միայն  քաղաքական հարցերով, որովհետեւ «Նաիրիտ»-ի մասին խոսելն անգամ ավելորդ է համարում: «Այնտեղ բացարձակապես բացակայում է գործարան հասկացողությունը»,-եզրափակեց պարոն Ներսիսյանը:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս