ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համոզված է, որ Հայաստանի եվրասիական կողմնորոշումը ստեղծված իրավիճակում միակ ճիշտ ուղին է, որը բացի անվտանգության խնդիրների լուծումից, կհանգեցնի նաեւ զգալի տնտեսական առաջընթացի:
-Կարծես թե վերջին շրջանում Հայաստանը դարձյալ հայտնվել է Արեւմուտք-Արեւելք ընտրության առջեւ, որը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այդ ընտրությունը պարտադրված Հայաստանին:
-Դա հայոց պատմության դարավոր ուղեկիցն է եւ գոյապահպանման գլխավոր հարցը: Պարտադրողները պետք է լինեին Ռուսաստանը կամ Արեւմուտքը: Ռուսաստանին դա պետք չէ, որովհետեւ նա համոզված է, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ունի ռուսական կողմնորոշում: Արեւմուտքին առավելեւս պետք չէ Հայաստանին դնել նման ընտրության առջեւ, որովհետեւ բացասական արդյունքն ակնհայտ է:
-Իսկ ի՞նչ կասեք Վրաստանի եւ Ուկրաինայի մասին, փաստորեն նրանք ինքնուրո՞ւյն ընտրեցին Արեւմուտքը:
-Իհարկե ոչ: Համոզված եմ, որ եթե Արեւմուտք-Ռուսաստան կողմնորոշման ընտրությունը կատարվեր հանրաքվեով, երկու ժողովուրդներն էլ կընտրեին ռուսական կողմնորոշումը:
-Բայց չէ՞ որ Վրաստանը լուրջ առաջընթաց է գրանցել շնորհիվ այդ ընտրության եւ Ուկրաինայի հույսերն էլ շատ մեծ են:
-Նախ` դա անվանենք որոշում, ոչ թե ընտրություն: Դա տվյալ պահի իշխանության որոշումն էր, ոչ թե ժողովրդի ընտրությունը: Ասում եք` առաջընթաց է: Եթե տարածքի զգալի մասի կորուստը, միլիոնավոր գաղթականները, ամայացած գյուղերն ու հողերը, հազարավոր թուրք սեփականատեր-կալվածատերերը, երիտասարդության խորը բարոյազրկումը, քարուքանդ գործարաններն առաջընթաց են, ապա ես համոզված եմ, որ վրաց ժողովրդի շահերին ծառայող իշխանությունը այդ «առաջընթաց»-ի հեղինակներին կկանչի քրեական պատասխանատվության: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այն տանում են հարավսլավական սխեմայով: Համբերենք մի քանի ամիս, արդյունքը տեսնենք ու գնահատենք:
-Այնուամենայնիվ, պարոն Շիրխանյան, Արեւմուտքը բազմաթիվ առավելություններ ունի, որոնք երկրի զարգացման հեռանկարի առումով չափազանց կարեւոր են: Բացի այդ` Արեւմուտքը մարդու իրավունքների ազատության եւ ժողովրդավարական արժեհամակարգի իրական կրողն է:
-Ո՞ւմ համար: Հարավսլավիայի՞, Իրաքի՞, Լիվիայի՞, Եգիպտոսի՞, Աֆղանստանի՞, Ուկրաինայի՞… Միլիոնավոր զոհեր, գաղթականներ, մուրացկաններ, դժբախտացած եւ անտուն ընտանիքներ: Սա է Արեւմուտքի իրական դեմքը: Քարոզներին հավատալ պետք չէ:
-Ուրեմն, կարծում եք, որ Հայաստանը ճի՞շտ ընտրություն է կատարել:
-Միանշանակ:
-Եվ վստահ եք, որ Եվրասիական միության օգնությամբ կլուծվեն մեր ժողովրդի գերծանր խնդիրնե՞րը:
-Ոչ: Ցանկացած գործիք, տվյալ դեպքում միջազգային համագործակցության, կարելի է ծառայեցնել ժողովրդի շահերին, կարելի է ծառայեցնել անձնական շահերին:
-Միգուցե անցումը խորհրդարանական համակարգին բարելավի՞ վիճակը` սահմանափակելով այդ ամենն անձնական շահերին ծառայեցնելու` իշխանությունների հնարավորությունները:
-Ոչ: Ցանկացած կառավարման համակարգ նույնպես կարող է անմնացորդ ծառայել ժողովրդին, կամ նույնքան անմնացորդ՝ սեփական շահերին:
-Իսկ ո՞ւմ է ծառայում այսօրվա համակարգը:
-Պատասխանը ստանալու համար պետք չէ լինել իշխանությանն ատող ընդդիմադիր կամ իշխանամետ: Պարզապես պետք է բաց աչքերով ու սրտով նայել իրողությանը եւ տեսածով դատել: Չդադարող արտագաղթը, աճող աղքատությունը, շարունակաբար ամայացող գյուղերը, շրջկենտրոնները, լքված հողերը, վճարունակության անկումը ցույց են տալիս մի բան՝ համակարգը այդ երեւույթները կանխել անկարող է: Հակառակ դեպքում, շատ խնդիրներ արդեն լուծված կլինեին:
-Ուրեմն, ինչների՞ս է պետք մտնել Եվրասիական միություն եւ փոխել կառավարման համակարգը, եթե խնդիրները չեն լուծվելու:
-Պետք է, անպայման պետք է: Իհարկե մարդու դերը շատ մեծ է, բայց ամենը չէ: Տեսեք՝ անցած 24 տարիներին ժողովուրդը հույս է կապել մի քանի տասնյակ անձերի, կուսակցությունների հետ, սակայն ունեցել ենք անդադար անկում եւ քայքայում բոլոր ուղղություններում: Այսօր տնտեսության կառավարման հարցերում մենք ունենք նպաստողի, աջակցողի, ավելի շուտ դիտորդի Սահմանադրություն: Այդ Սահմանադրությունը, 95թ.-ից սկսած, սպասարկում է Հայաստանում ներդրված հակազարգացման համակարգը: Այն անպայման պետք է փոխել: Սահմանադրությունը պետք է փոխի համակարգը: Եվ հետո, նախագահական համակարգի համեմատ խորհրդարանական համակարգն ամբողջ աշխարհում ցուց է տվել ավելի բարձր արդյունքներ` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ուղղություններում: Ինչ վերաբերում է եվրասիական ընտրությանը, ապա համոզված եմ, որ տնտեսության նկատելի աշխուժացում լինելու է: Դրանով հստակեցվելու է նաեւ Միության անդամ երկրներում 4 միլիոնից ավելի մեր հայրենակիցների կարգավիճակը: Սա նույնպես դրականորեն է անդրադառնալու Հայաստանի վրա: Չմոռանանք, որ Հայաստանի գերխնդիրը եղել եւ մնում է ազգային անվտանգության ապահովումը: Եվրոպական ընտրությունն ուղղակի հարցականի տակ էր դնելու Հայաստանի եւ Արցախի գոյությունը:
-Բայց արդյո՞ք նշված արմատական փոփոխությունները նույնքան արմատական առաջնթացի կբերեն:
-Ինչո՞ւ չէ, կբերեն եւ կարճ ժամանակահատվածում կլուծվեն ժողովրդի ուսերին ծանրացած խնդիրները, եթե ղեկավար պաշտոնյաները տարբերվեն մյուսներից ազգային արժանապատվության, ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակով: Մի փոքրիկ օրինակ: Քաղաքի կենտրոնը լցված է մուրացկան հայերով: Մի՞թե քաղաքապետին դա չի վիրավորում, ամոթի զգացում չի առաջացնում: Դժվա՞ր է մի փոքր կացարան ստեղծել նրանց համար: Փոփոխությունները կստեղծեն արդյունավետ աշխատելու պայմաններ, իսկ արդյունք կլինի, եթե պարտականություն կրող մարդիկ լինեն սրտացավ, գործին տիրապետող եւ հայրենասեր:
-Դուք դրան հավատո՞ւմ եք:
-Այսօր՝ ոչ: Բայց ես հավատում եմ մարդկային բանականությանը, հայի իմաստությանը եւ հայության հավաքական ուժին: Միայն դա կարող է կանխել կրիտիկական պահի հասունացումը:
-Առաջնահերթ ի՞նչ քաղաքական խնդիրներ եք տեսնում:
-Քաղաքական խնդիրներն են հասցրել Հայաստանն այս վիճակին: Մեր վզին փաթաթած կուսակցական, միջկուսակցական, ներկուսակցական, ընդդիմություն-իշխանություն խաղերի արդյունքում կորցրել ենք բնակչության կեսին: Այսօր ես տեսնում եմ միայն ազգային խնդիրներ: Այստեղ առաջնահերթ է Ազգային զարգացման 20-ամյա ծրագրի ստեղծումը եւ համաժողովրդական քննարկումով հաստատումը, Համահայկական միասնության կերտումը, Հայաստանի եւ Արցախի տնտեսական եւ հոգեւոր հզորացումը միասնական ջանքերով, Հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցմանը հասնելը, համահայկական վստահության դաշտի ստեղծումը: Եթե մենք ձեռնամուխ լինենք այս խնդիրների լուծմանը, ապա արդյունքը ցույց կտա, որ մենք անիմաստ քաղաքական «թատրոնով» զբաղված` կորցրել ենք 20 տարի, 2 միլիոն հայ եւ էլի շատ բաներ, զվարճացնելով մեր թշնամիներին: Շարունակել կորուստների եւ հակազարգացման ճանապա՞րհը, թե՞ ընտրել Հայրենիքը պահպանելու միակ ճիշտ ճանապարհը: Սա է ամեն մի հայի համար գլխավոր հարցն այսօր:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ