«ԵԹԵ ԻՆՁ ԻՆՖԱՐԿՏ ՉԽՓԻ, ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՍ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ-երգահան Գուսան Հայկազունը 100-ից ավելի երգերի հեղինակ է: Նա հիմնականում ստեղծագործում է ազգային ազատագրական երգի ժանրում եւ մշտապես ոգեշնչվում է մեկ գաղափարից. լինել պահանջատեր, հետ բերել մեր կորցրած հայրենիքը:

Նրա վերջին երկու երգերը, որոնք մոտ ժամանակներս են ներկայացվել հանրության դատին, նույնպես կապված են Արեւմտյան Հայաստանի հետ: Երգերից մեկը կոչվում է «Մախլուտո», մյուսը` «Գալու ենք շուտով»:
Գուսանի երգերը հիմնականում կատարում են Արսեն Գրիգորյանն ուՄկրտիչ Մկրտչյանը: «Այլ երգիչներ ինձնից երգեր չեն վերցնում: Ես չեմ էլ սպասում, որ մեկը գա ինձանից երգ վերցնի: Ես լավ խումբ ունեմ, որը կատարում է իմ գործերը»,-մանրամասնում է մեր զրուցակիցը:
Վերոնշյալ երգերի` հենց այս փուլում ստեղծվելը պատահական չէ. «Արեւմտյան Հայաստանի հետ կապված ունեմ մի քանի գաղափարներ, որոնք կյանքի կկոչեմ Արեւմտյան Հայաստանից գալուց հետո: Կեսկատակ- կեսլուրջ` եթե ինձ ինֆարկտ չխփի այնտեղ (քանի որ տեսնելու եմ մեր կորսված ու ավերված հայրենիքը), ապա մտահղացումներս կյանքի կկոչեմ»:
Երկար ժամանակ Գուսան Հայկազունը խուսափել է գնալ Արեւմտյան Հայաստան, քանի որ առաջին հերթին հոգեբանորեն վերապրելու է այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին: Իսկ հիմա նա իր խմբով պատրաստվում է մեկնել Արեւմտյան Հայաստան, քանի որ հրավեր է ստացել Պոլսի հայ համայնքից` մասնակցելու հատուկ համերգային ծրագրով: «Չի բացառվում, որ այնտեղ մենք համշենահայերի համար համերգ տանք»,-ասաց երգահանը:
Մեր զրույցի ընթացքում գուսանն իր մտահոգությունը հայտնեց ազգային-ազատագրական երգերի վատ, երբեմն էլ աղավաղված կատարումների կապակցությամբ: «Եթե մենք տեր չենք կանգնում մեր արժեքներին, կարո՞ղ ենք արդյոք օտարներից, հատկապես մեր հարեւաններից դա պահանջել: Բավական չէ, որ թուրքական երգերի հայացված տարբերակներն են մատուցում մեզ, հիմա էլ աղավաղում են մեր երգերը: Ամոթանք տալուց հետո էլ միայն ներողություն են խնդրում ու վերջ: Ոչ մի օրենք չի գործում երկրում»,-վրդովված նշեց երգահանը:
Չնայած երգարվեստում առկա իրավիճակին եւ բազմաթիվ խնդիրներին, Գուսան Հայկազունը չի հուսահատվում, նա արդեն մեկ տարի է` փորձում է «Պարիր արցախցի» երգը ձայնագրել ռուսերեն եւ այդկերպ այն հասու դարձնել օտարներին: «Չպետք է երգենք միայն մեզ համար, պետք է նաեւ օտարներին պատմենք, առավելեւս` եթե երգում ենք մեր թշնամու մասին»,-կարծում է ստեղծագործողը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս