«Իմ խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են…». Դմիտրի Կիսելյով. Galatv.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրությունն անխուսափելիորեն կթուլանա: Ավելին, կգտնվեն և այնպիսիները, ովքեր հաճույքով կփորձեն Հայաստանին լարել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Այսինքն այս դեպքում հասկանալի է, որ Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ է դրվելու: Չի կարելի մշակութաբանորեն ինտեգրվել մի ուղղությամբ, իսկ անվտանգության տեսակետից՝ մեկ այլ: Այդ մասին անցած տարվա սեպտեմբերին նախագահ Սարգսյանն էլ է հստակ արտահայտվել, ինչի հետ ես լրիվ համաձայն եմ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Դ.Կիսելյովի հետ ԳԱԼԱ-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

– Պարոն Կիսելյով, օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեցիք, թե եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի բարձր կարգավիճակ չտրվի, ավելի մեծ տեղ չհատկացվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

– Ոչ, «կարգավիճակ» բառը ես չեմ արտաբերել: Այն անգամ իմ մտքում չի եղել…

-Ամեն դեպքում Ձեր այդ հայտարարությունից հետո դժգոհության ալիք բարձրացավ Հայաստանում, և անգամ պահանջներ հնչեցվեցին, որ Ձեզ պետք է հայտարարել «պերսոնա նոն գրատա»:

– Դա անմտություն է:

– Ձեզ համար անսպասելի՞ էր…

– Չէի սպասում: Ուղղակի անսպասելի անմտություն է:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ձեր հայտնած միտքը նման արձագանք ունեցավ ևդժգոհության առիթ հանդիսացավ:

– Որովհետև իմ խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են:

– Ամեն դեպքում ի՞նչ ի նկատի ունեիք:

– Նկատի եմ ունեցել այն, ինչը ասել եմ: Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է, ինչպես դա պատմականորեն է եղել, այնպես էլ մեր օրերում՝ արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վերջին տասնամյակում ռուսաց լեզվի տարածումն ու օգտագործումը Հայաստանում, ես կարծում եմ, որ սահմանափակ է դարձել: Ռուսական դպրոցների թիվը զգալիորեն կրճատվել է: Ժամանակակից հայ երիտասարդն այսօր ռուսերենին հատկացնում է քիչ տեղ, ավելի քիչ տեղ, քան նախկինում է եղել: Ինձ ապշեցրեց այն հանգամանքը, որ 20-ամյա տաքսու վարորդը ռուսերենով տարրական հաշվարկի մեջ խճճվեց. խոսքը լուրջ հաշվարկների մասին չէ, զուտ թվաբանական`մեկից տասը… Երբ ես փողոցում երկու երիտասարդ աղջիկների մոտեցա ու հարցրի, թե ինչպես կարող եմ հասնել «Մոսկվա» կինոթատրոն, նրանցից մեկը նախ խնդրեց, որ հարցս անգլերենով ձևակերպեմ, ինչը և արեցի, որից հետո մյուսն ամեն դեպքում փորձեց պատասխանել ռուսերենով… Արդյունքում ոչ մեկի և ոչ մյուսի մոտ չստացվեց:
Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի կապերն անխուսափելիորեն կթուլանան:

Հարցազրույցը՝ Զառա Ղազարյանի




Լրահոս